Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 22

:
Armenian - NEA
1 Դավիթն այնտեղից գնաց և ապաստանեց Ոդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին և եկան այնտեղ՝ նրա մոտ։
2 Նրա մոտ հավաքվեցին բոլոր տառապյալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, և նա նրանց առաջնորդը դարձավ։ Նրա մոտ չորս հարյուրի չափ մարդ հավաքվեց։
3 Այնտեղից Դավիթը գնաց Մովաբի Մասեփա քաղաքը և Մովաբի արքային ասաց. «Թող իմ հայրն ու մայրը քեզ մոտ մնան, մինչև իմանամ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։
4 Նա աղաչեց Մովաբի արքային, և նրանք նրա մոտ բնակվեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դավիթը քարանձավում էր։
5 Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ մնա քարանձավում, այլ վեր կաց գնա՛ Հուդայի երկիրը»։ Դավիթը գնաց և հաստատվեց Սարիթ քաղաքում։
6 Սավուղն իմացավ, որ Դավիթն իր մարդկանցով հայտնվել է։ Սավուղը Բամայի ներքին դաշտի բլրին էր նստել։ Գեղարդը նրա ձեռքին էր, և բոլոր ծառաները նրա շուրջն էին։
7 Խոսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ Սավուղն ասաց. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդյոք Հեսսեի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կտա՞ և կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարյուրապետներ կդարձնի՞։
8 Ինչո՞ւ ամենքդ իմ դեմ եք միաբանվել, և ոչ ոք ինձ չհայտնեց, որ իմ որդին դաշինք է կնքել Հեսսեի որդու հետ։ Ձեր մեջ ինձ համար ցավող չկա, որ ինձ հայտներ, թե իմ որդին իմ դեմ է հանել իմ ծառային՝ որպես թշնամու, ինչպես այսօր է»։
9 Պատասխան տվեց Դովեկ Ասորին, որը Սավուղի ջորիներն էր արածեցնում, և ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկել էր Նոմբա՝ Աքիտովբի որդի Աքիմելեք քահանայի մոտ։
10 Նա հարցրեց Տիրոջը նրա մասին, նրան պաշար տվեց, ինչպես նաև այլազգի Գողիաթի սուրը»։
11 Արքան մարդ ուղարկեց ու կանչել տվեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու իր հոր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնվող քահանաներին։ Ամենքն էլ եկան արքայի մոտ։
12 Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտովբի՛ որդի»։ Նա ասաց. «Լսում եմ, խոսի՛ր, տե՛ր»։
13 Սավուղն ասաց նրան. «Դու և Հեսսեի որդին ինչո՞ւ եք միաբանվել իմ դեմ, դու նրան հաց ու սուր ես տվել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպես այսօր է»։
14 Աքիմելեքը պատասխանեց արքային՝ ասելով. «Քո ծառաների մեջ Դավթի պես հավատարիմ ո՞վ կա։ Նա քո՝ արքայիդ փեսան է և քո բոլոր հրամանները գործադրողը, քո տան մեջ փառավորը։
15 Մի՞թե ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել։ Քա՛վ լիցի, որ արքան իր ծառայի վրա կամ իմ հոր տան վրա այդպիսի մեղք բարդի, քանի որ քո ծառան այդ ամենից շատ կամ քիչ բան չգիտի»։
16 Սավուղն ասաց. «Դու մահապատժի կենթարկվես, Աքիմելե՛ք, դու և քո հոր ամբողջ տունը»։
17 Արքան իրեն շրջապատող թիկնապահներին ասաց. «Գնացե՛ք ու Տիրոջ քահանաներին սպանե՛ք, քանի որ նրանք հովանավորում են Դավթին։ Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չհայտնեցին»։ Արքայի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։
18 Արքան Դովեկին ասաց. «Դու գնա՛ ու սպանի՛ր Աստծու քահանաներին»։ Դովեկ Ասորին գնաց ու կոտորեց Տիրոջ քահանաներին։ Այդ օրը երեք հարյուր հինգ մարդ սպանվեց, բոլորն էլ՝ քահանաներ։
19 Քահանաների քաղաք Նոմբան սրի քաշվեց. սրախողխող եղան տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ թե էշ և ոչխար։
20 Աքիտոբի որդի Աքիմելեքի մի որդին փրկվեց։ Նրա անունն էր Աբիաթար։ Նա փախավ Դավթի մոտ։
21 Աբիաթարը Դավթին հայտնեց, որ Սավուղը կոտորել է Տիրոջ բոլոր քահանաներին։
22 Դավիթը Աբիաթարին ասաց. «Այն օրը գիտեի, որ Դովեկ Ասորին անպայման կհայտնի Սավուղին։ Քո հոր տան բոլոր զոհված մարդկանց համար ես եմ մեղավոր։
23 Նստի՛ր ինձ մոտ և մի՛ վախեցիր, քանի որ որտեղ ինձ համար տեղ փնտրեմ, քեզ համար էլ կփնտրեմ, և դու ինձ մոտ ապահով կլինես»։