1 Samuel 21
1 Դավիթը վեր կացավ ու գնաց, իսկ Հովնաթանը մտավ քաղաք։
2 Դավիթը եկավ Նոմբա՝ Աքիմելեք քահանայի մոտ։ Նրան տեսնելով՝ Աքիմելեքը զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»։
3 Դավիթը Աքիմելեք քահանային ասաց. «Արքան այսօր ինձ մի գործ է հանձնարարել և ասել է ինձ. “Ոչ ոք չիմանա, թե ինչո՛ւ եմ քեզ ուղարկում և թե ի՛նչ եմ պատվիրել քեզ”։ Ես իմ ծառաներին հանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչվում է Փելմոնի Ելմոնի, այսինքն՝ Աստծու հավատարմություն։
4 Արդ, եթե հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ, կամ էլ ինչքան որ կա»։
5 Պատասխան տալով՝ Աստծու քահանան Դավթին ասաց. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց։ Եթե քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։
6 Դավիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երեկվանից ու նախորդ օրվանից։ Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրվել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրվի իմ գործով»։
7 Աքիմելեք քահանան նրան տվեց Առաջավորության հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն Առաջավորության հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարեն տաք հաց դնելու համար։
8 Այն օրն այդտեղ էր գտնվում Սավուղի ծառաներից մեկը, որը Տիրոջ առջև բռնված էր։ Նրա անունն էր Դովեկ Ասորի։ Նա Սավուղի ջորիներն էր արածեցնում։
9 Դավիթն ասաց Աքիմելեքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞։ Իմ սուրը և զենքն ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»։
10 Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Ելա հովտում։ Դա շորով փաթաթված ու դրված է վակասի հետևում։ Եթե ուզում ես, վերցրո՛ւ, քանի որ, բացի դրանից, այստեղ ոչինչ չկա»։ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։
11 Եվ նա դա տվեց նրան։ Դավիթն այդ օրը ելավ ու փախավ Սավուղի առաջից։
12 Դավիթը եկավ Գեթի արքա Անքուսի մոտ։ Անքուսի ծառաները նրան ասացին. «Սա Դավիթը չէ՞, այն երկրի թագավորը։ Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու ասում. “Սավուղը հազար սպանեց, իսկ Դավիթը՝ բյուր”»։
13 Դավիթն այս խոսքերը պահեց իր սրտում և սաստիկ վախեցավ Գեթի արքա Անքուսից։
14 Նա իր դեմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջև խելագար ձևացավ։ Նա նվագում, պարում էր քաղաքի դռների մոտ, լորձունքը ծորում էր մորուքի վրա, գլուխկոնծի էր տալիս։
15 Անքուսն ասաց իր ծառաներին. «Դուք տեսնում եք, որ այս մարդը դիվահար է։ Ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։
16 Մի՞թե ես դիվահարներին կարոտ եմ, որ նրան բերել եք ինձ մոտ, որպեսզի դիվահարություն անի։ Նա թող իմ տուն չմտնի»։