Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 20

:
Armenian - NEA
1 Դավիթը Ռամայի Նավաթ բնակավայրից փախավ եկավ Հովնաթանի մոտ ու նրան ասաց. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է հանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ մտադրվել է ինձ սպանել»։
2 Հովնաթանը նրան ասաց. «Բնավ, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ հայտնելու, և ինչպե՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։ Այդպիսի բան չկա»։
3 Դավիթը Հովնաթանին պատասխան տվեց՝ ասելով. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, և դրա համար էլ կմտածի, որ Հովնաթանն այդ մասին թող չիմանա, թե չէ չի կամենա։ Բայց վկա է Տերը, և վկա ես դու, որ, ինչպես ասացի, ինձ մի քայլ է բաժանում հորդ նյութած մահից»։
4 Հովնաթանն ասաց Դավթին. «Դու ինչ որ կամենաս, ես կանեմ քեզ համար»։
5 Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես արքայի հետ չեմ նստի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչև երրորդ օրվա երեկոն դաշտում թաքնվեմ։
6 Եթե հայրդ իմ մասին հարցնի, կասես. “Դավիթն իր քաղաքը՝ Բեթղեհեմ գնալու արտոնություն խնդրեց ինձանից, քանի որ այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերության օրն է”։
7 Եթե ասի՝ “Լավ է”, ապա քո ծառայի համար խաղաղություն է, իսկ եթե խիստ պատասխան տա, իմացի՛ր, որ նա չար գործ է նյութել։
8 Դու ողորմի՛ր քո ծառային, քանի որ ինձ հետ Տիրոջն ուխտ ես դրել, և եթե քո ծառան որևէ հանցանք ունի, դու ինքդ սպանի՛ր ինձ. ինչո՞ւ անպայման ինձ հանձնես քո հոր ձեռքը»։
9 Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի, եթե ես իմանամ, որ հայրս քո դեմ չարիք է նյութել, քո քաղաքում իսկ քեզ կհայտնեմ»։
10 Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ պետք է ինձ հայտնի, թե քո հայրը խստությամբ է պատասխանել»։
11 Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ ու սպասի՛ր դաշտում»։ Եվ երկուսով դաշտ գնացին։
12 Հովնաթանը Դավթին ասաց. «Տերը՝ Իսրայելի Աստվածը, գիտի, որ երբ իմ հորը երեք անգամ քննելով տեսնեմ, թե նա արդյոք բարի՞ է Դավթի նկատմամբ, թե՞ չար, դաշտ՝ քեզ մոտ, մարդ կուղարկեմ։
13 Տերը Հովնաթանին այսպես և սրանից ավելին թող անի, եթե չբացահայտեմ հորս չարությունը քո հանդեպ և քեզ չհայտնեմ։ Այդ դեպքում քեզ կարձակեմ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես իմ հոր հետ էր։
14 Եվ քանի դեռ ես կենդանի եմ, դու ինձ գթասրտությո՛ւն ցույց տուր. եթե մեռնեմ,
15 քո գթասրտությունը իմ տնից չկտրես հավիտյան։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի թշնամիներին երկրի երեսից ջնջի,
16 Հովնաթանի անունը համարում պետք է ունենա Դավթի տանը, եթե նույնիսկ Տերը Դավթի թշնամիներից վրեժ առնի»։
17 Հովնաթանը Դավթին կրկին երդվեցրեց իր սիրով, քանի որ նրան իր անձի պես էր սիրում։
18 Հովնաթանը նրան ասաց. «Վաղը նորալուսին է։ Քեզ պիտի փնտրեն։ Քո տեղը դատարկ տեսնելով՝ քո մասին պիտի հարցնեն։
19 Երեք օր կմնաս, ապա կգաս այն վայրը, որտեղ թաքնվել էիր գործի օրը։ Կնստես Երգաբ կոչվող քարի մոտ։
20 Ես երեք նետ կարձակեմ, իբր նպատակակետի վրա,
21 ու կուղարկեմ պատանյակին՝ ասելով. “Գնա՛, նետերը գտի՛ր”։ Եթե ասեմ պատանյակին՝ “Քեզանից այս կողմ է նետը, այս կողմո՛ւմ փնտրիր”, կգաս. նշանակում է խաղաղություն է քեզ համար, և ոչ մի վտանգ չկա, վկա է Տերը։
22 Իսկ եթե ասեմ պատանյակին՝ “Քեզանից այն կողմ է նետը”, գնա՛, քանի որ Տերն է քեզ արձակել։
23 Իմ ու քո ասածների համար Տերը վկա է իմ ու քո միջև հավիտյան»։
24 Դավիթը թաքնվեց դաշտում։ Նորալուսին եղավ, և արքան սենյակ մտավ՝ հաց ուտելու։
25 Արքան, ըստ սովորության, նստեց պատի մոտ դրված աթոռին։ Հովնաթանը նստեց դիմացը։ Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։
26 Այդ օրը Սավուղը ոչինչ չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, երևի մաքուր չէ կամ չի մաքրվել։
27 Հետևյալ օրը՝ նորալուսնի երկրորդ օրն էլ Դավթի տեղը դատարկ էր։ Սավուղն ասաց իր որդի Հովնաթանին. «Հեսսեի որդին ինչո՞ւ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։
28 Հովնաթանը Սավուղին պատասխանեց և ասաց. «Նա ինձնից արտոնություն խնդրեց ու գնաց իր քաղաքը՝ Բեթղեհեմ։
29 Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, քանի որ այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու։ Եղբայրներս ինձ կանչել են, և եթե հիմա քո աչքին շնորհ եմ գտել, գնամ տեսնեմ իմ եղբայրներին”։ Այս պատճառով նա արքայի սեղանին չի եկել»։
30 Սավուղը բարկացավ Հովնաթանի վրա և ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, մի՞թե չգիտեմ, որ դու դաշնակից ես Հեսսեի որդուն։ Դա ամոթ ու խայտառակություն է քեզ և քո մոր մերկության համար։
31 Ինչքան ժամանակ որ Հեսսեի որդին կենդանի է, քո թագավորությունը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դավթին բերե՛լ տուր, քանի որ նա մահապարտ է»։
32 Հովնաթանը պատասխան տվեց իր հայր Սավուղին՝ ասելով. «Ինչո՞ւ պետք է մեռնի, ի՞նչ է արել նա»։
33 Եվ Սավուղը Հովնաթանի վրա բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Հովնաթանը, իմանալով, որ հայրը Դավթին սպանելու չար որոշում է կայացրել,
34 խիստ զայրանալով, սեղանից վեր կացավ և նորալուսնի երկրորդ օրը հաց չկերավ։ Նա տխրեց Դավթի համար, քանի որ հայրը Դավթին անարգել էր։
35 Առավոտյան Հովնաթանը դաշտ գնաց, ինչպես որ պայմանավորվել էին ինքն ու Դավիթը։ Նրա հետ մի փոքրիկ պատանի կար։
36 Նա ասաց պատանյակին. «Վազիր գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ»։ Նա նետեր արձակեց, և պատանին վազեց, որ դրանք բերի։
37 Երբ պատանյակը գնաց մինչև այն տեղը, ուր Հովնաթանը նետեր էր արձակել,
38 Հովնաթանը կանչեց պատանյակի հետևից՝ ասելով. «Նետը քեզնից այն կողմ է»։ Ապա Հովնաթանը պատանյակի հետևից կանչեց. «Շտա՛պ արի, մի՛ կանգնիր»։ Հովնաթանի պատանին նետերը հավաքեց ու բերեց իր տիրոջը։
39 Պատանյակը ոչինչ չգիտեր, և միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին այդ բանը։
40 Հովնաթանն իր զենքերը տվեց պատանյակին՝ ասելով նրան. «Գնա մտի՛ր քաղաք»։
41 Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։
42 Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։