Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 19

:
Armenian - NEA
1 Սավուղը խոսեց իր Հովնաթան որդու և իր բոլոր ծառաների հետ՝ Դավթին սպանելու համար։ Սավուղի որդի Հովնաթանը շատ էր սիրում Դավթին
2 և այս բանը հաղորդեց նրան՝ ասելով. «Իմ հայրը մտադիր է քեզ սպանել, ուստի վաղն առավոտյան զգո՛ւյշ եղիր, թաքնվի՛ր ու նստի՛ր թաքստոցում։
3 Ես դուրս կգամ ու կկանգնեմ հորս մոտ, այն դաշտում, որտեղ դու կլինես։ Ես իմ հոր հետ կխոսեմ քո մասին, կտեսնեմ, թե ի՛նչ կասի և կհայտնեմ քեզ»։
4 Հովնաթանը, Դավթի մասին նպաստավոր խոսքեր ասելով իր հորը՝ Սավուղին, ավելացրեց. «Թող արքան իր ծառա Դավթի դեմ մեղք չգործի, քանի որ նա ոչ մի մեղք չի գործել քո դեմ։ Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել։
5 Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։
6 Սավուղն անսաց Հովնաթանի խոսքին ու երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. նա չպիտի մեռնի»։
7 Հովնաթանը կանչեց Դավթին և հաղորդեց նրան այս բոլոր խոսքերը։ Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և նա Դավթին վերաբերվեց այնպես, ինչպես նախկինում։
8 Դարձյալ պատերազմ եղավ, ու Դավիթը դուրս եկավ այլազգիների դեմ պատերազմի։ Նա շատ մեծ ջարդ տվեց նրանց, և նրանք փախան նրա առջևից։
9 Տիրոջ չար ոգին իջավ Սավուղի վրա. նա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դավիթը քնար էր նվագում։
10 Սավուղը փորձեց Դավթին գեղարդով պատին գամել, սակայն նա Սավուղի հարվածից խույս տվեց. գեղարդը պատին խրվեց, իսկ Դավիթը փախչելով ազատվեց։
11 Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։
12 Մեղքողը Դավթին պատուհանից իջեցրեց, և նա փախչելով փրկվեց։
13 Մեղքողը մի խրտվիլակ բերեց ու դրեց մահճի վրա, նաև այծի լյարդ ու սնարին՝ մազի կծիկ և ծածկոցով ծածկեց։
14 Սավուղը մարդ ուղարկեց Դավթին բռնելու. եկան Սավուղին ասացին, թե նա հիվանդ է։
15 Դարձյալ մարդ ուղարկեց Դավթի հետևից՝ ասելով. «Մահիճով հանդերձ նրան ինձ մո՛տ բերեք, որ սպանեմ»։
16 Մարդիկ եկան և տեսան, որ մահճի մեջ խրտվիլակ էր դրված, այծի լյարդ և սնարին՝ մազի կծիկ։
17 Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, և նա փրկվեց»։ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, ապա թե ոչ, քեզ կսպանեմ”»։
18 Դավիթը փախչելով փրկվեց, եկավ Արիմաթեմ՝ Սամուելի մոտ, նրան պատմեց ամեն ինչ, որ Սավուղն արել էր իր նկատմամբ։ Սամուելն ու Դավիթը գնացին ու բնակվեցին Ռամայի Նավաթ բնակավայրում։
19 Սավուղին իմաց տվեցին, թե՝ «Ահա Դավիթը Ռամայի Նավաթում է»։
20 Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։
21 Սավուղին պատմեցին եղելությունը, նա այլ մարդկանց ուղարկեց, և սրանք ևս մարգարեացան։ Սավուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարեացան։
22 Սավուղը խիստ բարկացավ, ինքը գնաց Արիմաթեմ ու հասնելով մինչև Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»։ Նրան ասացին. «Ռամայի Նավաթում»։
23 Նա այնտեղից գնաց Ռամայի Նավաթ բնակավայրը։ Աստծու հոգին իջավ նրա վրա, և ճանապարհը շարունակելով՝ նա մինչև Ռամայի Նավաթ բնակավայրը հասնելը մարգարեություն էր անում։
24 Նա հանեց իր զգեստներն ու նրանց առջև մարգարեանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար էին ասում. «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։