1 Samuel 18
1 Երբ Դավիթը Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանը հոգով կապվեց Դավթին։ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։
2 Նույն օրը Սավուղն իր մոտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնա իր հոր տունը։
3 Հովնաթանը Դավթին ուխտեց նրան իր անձի պես սիրել։
4 Հովնաթանն իր թիկնոցը հանեց ու տվեց Դավթին, նաև իր զինվորական համազգեստը, նույնիսկ իր սուրը, աղեղն ու գոտին։
5 Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա իմաստնանում էր։ Սավուղը նրան պատերազմիկների առաջնորդ կարգեց, և դա ամբողջ ժողովրդի, ինչպես նաև Սավուղի ծառաների աչքին հաճելի եղավ։
6 Երբ նրանք պատերազմից գալիս էին, և Դավիթը այլազգուն սպանելուց հետո վերադառնում էր, Իսրայելի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմավորում էին Դավթին, թմբուկներով, ուրախության բացականչություններով ու ծնծղաներով, Սավուղ արքայի ներկայությամբ։
7 Պարող կանայք երգելով ասում էին. «Սավուղը հազար մարդ սպանեց, իսկ Դավիթը բյուր մարդկանց սպանեց»։
8 Սավուղը զայրացավ այդ խոսքերի համար և ասաց. «Բյուրը Դավթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է պակասում, բացի թագավորությունից»։
9 Այն օրից Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։
10 Հետևյալ օրը Աստծուց ուղարկված չար ոգին պատեց Սավուղին, և նա սկսեց մարգարեանալ իր տան մեջ։ Դավիթը, ինչպես միշտ, իր ձեռքով քնար էր նվագում, իսկ Սավուղի ձեռքին գեղարդ կար։
11 Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարվածեմ ու Դավթին պատին գամեմ»։ Սավուղը նետեց գեղարդը, բայց Դավիթը երկու անգամ նրանից խույս տվեց։
12 Սավուղը Դավթի ներկայությունից վախենում էր, որովհետև Տերը նրա հետ էր, իսկ Սավուղից հեռացել էր։
13 Սավուղը, նրան հազարապետ կարգելով, իր մոտից հեռացրեց, և Դավիթը ժողովրդի մեջ ելումուտ էր անում։
14 Դավիթն ամեն գործում խելամիտ էր, և Տերը նրա հետ էր։
15 Սավուղը տեսնելով, որ նա չափազանց իմաստուն է, երկյուղ էր կրում նրանից։
16 Ողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, քանի որ նա էր նրանց մոտ ելումուտ անողը։
17 Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին, քեզ կնության եմ տալու, միայն թե դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ պատերազմները վարի՛ր»։ Սավուղը մտածում էր. «Թող իմ ձեռքը նրա դեմ չլինի, այլ թող այլազգիների ձեռքը նրան հարվածի»։
18 Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, և ի՞նչ է իմ հոր ազգատոհմն Իսրայելի մեջ, որ արքային փեսա դառնամ»։
19 Եվ այդ ժամանակ, երբ Սավուղի դուստր Մերոբը կնության պիտի տրվեր Դավթին, մոլաթացի Եդրիելին կնության տրվեց։
20 Սավուղի դուստր Մեղքողը սիրեց Դավթին, ու երբ այդ մասին հայտնեցին Սավուղին, դա նրան հաճելի թվաց։
21 Սավուղը մտածեց. «Նրան կնության տամ, որ նրա համար որոգայթ դառնա»։ Եվ այլազգիների ձեռքը Սավուղի վրա էր։ Այդպիսով Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Այսօր դու ինձ փեսա կդառնաս»։
22 Սավուղն իր ծառաներին պատվիրեց՝ ասելով. «Դավթի հետ ծածուկ խոսելով՝ ասացե՛ք. “Արքան քեզ հավանել է, և նրա բոլոր մարդիկ սիրում են քեզ, ուստի փեսա՛ դարձիր արքային”»։
23 Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին։ Դավիթն ասաց. «Ձեզ թվում է հե՞շտ բան է արքային փեսա դառնալը։ Ես մի խեղճ ու աննշան մարդ եմ»։
24 Սավուղի ծառաները հաղորդեցին նրան Դավթի պատասխանը։ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասեք Դավթին.
25 “Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարյուր անթլփատություն, որպեսզի արքայի թշնամիներից վրեժ լուծի”»։ Սավուղը մտածում էր Դավթին այլազգիների ձեռքը մատնել։
26 Սավուղի ծառաներն այս խոսքերը հաղորդեցին Դավթին, ու Դավթին հաճելի թվաց արքային փեսա դառնալը։
27 Պայմանավորված ժամկետը դեռ չէր լրացել, որ Դավիթն իր մարդկանցով վեր կացավ և այլազգիներից հարյուր մարդ սպանեց, բերեց նրանց չթլփատված անդամները, լցրեց արքայի առջև և արքային փեսա դարձավ. Սավուղն իր դուստր Մեղքողին նրան կնության տվեց։
28 Սակայն երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և ամբողջ Իսրայելը սիրում է նրան,
29 սկսեց առավել ևս վախենալ Դավթից։ Եվ Սավուղը միշտ թշնամությամբ էր վերաբերվում Դավթին։
30 Այլազգիների իշխանները ոտքի ելան. նրանք բազում անգամներ հարձակվեցին, բայց ամեն անգամ Դավիթն ավելի խորագետ էր գործում, քան Սավուղի բոլոր ծառաները, ուստի նրա անունը գնալով ավելի էր փառավորվում։