1 Samuel 17
1 Այլազգիներն իրենց զորքը հավաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հավաքվեցին Հուդայի երկրի Սոկքով վայրում և բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջև։
2 Սավուղն ու Իսրայելի այրերը նույնպես համախմբվեցին հովիտներում և ռազմի ճակատ կազմեցին այլազգիների դեմ։
3 Այլազգիները լեռան այն կողմում էին, իսկ Իսրայելը լեռան այս կողմում էր. նրանց միջև հովիտ կար։
4 Այլազգիների ճակատից գեթացի մի հսկա մարդ դուրս եկավ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրությունը վեց կանգուն և մեկ թիզ էր,
5 գլխին սաղավարտ կար, հագել էր պղնձե և երկաթե շղթայագործ մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր։
6 Նրա ազդրերին պղնձե սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձե վահան։
7 Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթե տեգը վեց հարյուր սիկղ էր կշռում։ Նրա զինակիրն իր առջևից էր ընթանում։
8 Նա եկավ կանգնեց, ձայն տվեց Իսրայելի բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ եք մեր դեմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սավուղի ծառաները։ Ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, որ իմ դեմ ելնի։
9 Եթե նա կարողանա կռվել իմ դեմ և ինձ հարվածել, մենք ձեզ ծառա կլինենք, իսկ եթե ես հաղթեմ ու հարվածեմ նրան, դո՛ւք մեզ ծառա կլինեք ու մեզ կծառայեք»։
10 Այլազգին ավելացրեց. «Ահավասիկ ես այսօր Իսրայելի զորքը խայտառակելու եմ։ Մի մա՛րդ տվեք, և ես ու նա երկուսով մենամարտենք»։
11 Երբ Սավուղն ու ողջ Իսրայելը լսեցին այլազգու խոսքերը, ահաբեկվեցին, շատ վախեցան։
12 Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։
13 Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ և երրորդինը՝ Սամաա։
14 Դավիթը կրտսերն էր, իսկ երեք ավագ որդիները գնացել էին Սավուղի հետ։
15 Դավիթը Սավուղի մոտից վերադարձավ, որ Բեթղեհեմում իր հոր ոչխարներն արածեցնի։
16 Այն այլազգին առավոտ կանուխ գալիս արձանացած կանգնում էր ու երեկոյան հետ գնում։ Եվ այսպես քառասուն օր։
17 Հեսսեն ասաց իր որդի Դավթին. «Վերցրո՛ւ այս մեկ արդու խարկած ցորենը և տասը նկանակն ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին։
18 Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։
19 Սավուղը և Իսրայելի բոլոր այրերը Կաղնու հովտում էին հավաքվել, որ այլազգիների դեմ պատերազմեն։
20 Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ և ոչխարները թողնելով հովիվներին՝ այդ բաներն առավ ու գնաց, ինչպես Հեսսեն էր հրամայել իրեն։ Երբ հասավ տափարակ տեղը, զորքերն արդեն շարվել էին՝ ճակատ կազմելու, և պատերազմի աղաղակներ էին արձակում։
21 Իսրայելացիները և այլազգիները միմյանց դեմ էին կանգնել ճակատ առ ճակատ։
22 Դավիթն իր բերածները հանձնեց բանակի մթերապահին և վազեց դեպի զորքն ու հետաքրքրվեց իր եղբայրների առողջությամբ։
23 Մինչ նա խոսում էր, այլազգիների ճակատից դուրս եկավ գեթացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ։ Նա կրկնեց նույն խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։
24 Եվ ողջ Իսրայելը, այդ մարդուն տեսնելով, նրա առաջից փախավ՝ սաստիկ վախենալով։
25 Եվ մի իսրայելացի ասաց. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայելին խայտառակելու է դուրս եկել։ Ով սպանի նրան, արքան մեծ հարստությամբ կլիացնի նրան, իր աղջկան նրան կնության կտա և նրա հոր տունն Իսրայելի մեջ ազատ կդարձնի»։
26 Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։
27 Եվ ժողովուրդը, նույն խոսքերը կրկնելով, նրան ասաց. «Այսպես ու այսպես կլինի այն մարդը, որ կսպանի նրան»։
28 Երբ նրա ավագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, Դավթի վրա խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես հանձնել այն փոքրաթիվ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտությունը և սրտի չարությունը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։
29 Դավիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»։
30 Եվ նրանից հեռանալով՝ նույն հարցը տվեց, և մարդիկ նույն խոսքերով պատասխան տվեցին։
31 Դավթի խոսակցությունը հայտնի դարձավ, և երբ այդ մասին պատմեցին Սավուղին, նա կանչեց իր մոտ նրան։
32 Դավիթն ասաց Սավուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրվի։
33 Քո ծառան կգնա ու կմենամարտի այդ այլազգու դեմ»։ Սավուղը Դավթին ասաց. «Գուցե չկարողանաս կռվել այլազգու դեմ, քանի որ պատանի ես, իսկ նա մանկությունից ի վեր պատրաստվել է պատերազմող մարդ լինելու»։
34 Դավիթը Սավուղին ասաց. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար էր տանում,
35 ես նրան հետապնդում էի, զարկում և նրա երախից կորզում ոչխարը։ Իսկ եթե ինձ վրա էր հարձակվում, բռնում էի նրա կոկորդից, հարվածում ու սպանում նրան։
36 Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։
37 Դավիթն ասաց. «Եթե Տերը ինձ փրկել է առյուծի ու արջի ճանկերից, ինձ կփրկի նաև այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ Սավուղն ասաց. «Գնա՛, Տերը քեզ հետ թող լինի»։
38 Սավուղը Դավթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձե սաղավարտը և հագցրեց իր զրահները։
39 Դավիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից և քայլելիս մեկ-երկու անգամ սայթաքեց։ Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետև սովոր չեմ», և զրահը նրա վրայից հանեցին։
40 Նա ձեռքն առավ ցուպը և հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովվական տոպրակի մեջ, որի մեջ սովոր էր քարեր հավաքել և պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դեպի այլազգին։
41 Այլազգին նույնպես եկավ ու մոտեցավ Դավթին։ Նրա վահանակիրն իր առջևից էր գնում։
42 Երբ այլազգին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, քանի որ նա մի պատանյակ էր՝ խարտյաշ ու գեղեցիկ աչքերով։
43 Այլազգին ասաց Դավթին. «Ինչպես թե, մի՞թե ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրա»։ Դավիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եվ այլազգին իր աստվածներով նզովեց Դավթին
44 և ասաց նրան. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։
45 Դավիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրա ես հարձակվում սրով, գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա եմ հարձակվում Իսրայելի զորքի Զորությունների Տիրոջ անունով, Իսրայելի, որին դու այսօր նախատեցիր։
46 Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,
47 այս ամբողջ բազմությունը կիմանա, որ Տերը սրով ու գեղարդով չի փրկում, քանի որ սա Տիրոջ պատերազմն է, և Տերը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։
48 Այլազգին ելավ ու մոտեցավ Դավթին, իսկ Դավիթը շտապեց և այլազգու դեմ ճակատելու գնաց։
49 Դավիթը ձեռքը մտցրեց տոպրակի մեջ, այնտեղից մի քար առավ ու այն պարսատիկով նետելով՝ հարվածեց այլազգու ճակատին։ Քարը, սաղավարտը ծակելով, մտավ ճակատի մեջ, և Գողիաթը երեսնիվայր ընկավ գետնին։
50 Այսպես Դավիթը պարսատիկով ու քարով հաղթեց այլազգուն, հարվածեց ու սպանեց նրան։ Սակայն Դավթի ձեռքին սուր չկար։
51 Դավիթը վազեց, կանգնեց այլազգու վրա, բռնեց նրա սուրը, քաշեց հանեց պատյանից, սպանեց ու գլխատեց նրան։ Երբ այլազգիները տեսան, թե իրենց հզոր մարդը մեռավ, փախան։
52 Իսրայելի ու Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակեցին, հարձակվեցին ու հետապնդեցին նրանց մինչև Գեթի մուտքը և Ասկաղոնի դարպասները։ Վիրավոր այլազգիներն ընկան ճանապարհների վրա մինչև Գեթի ու Ակկարոնի դարպասները։
53 Իսրայելի այրերը այլազգիներին հալածելուց հետո վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին։
54 Դավիթը վերցրեց այլազգու գլուխը և այն բերեց Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանում։
55 Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։
56 Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛, չգիտեմ»։ Արքան ասաց. «Հարցրո՛ւ և իմացի՛ր, թե ո՛ւմ որդին է այդ պատանյակը»։
57 Երբ Դավիթը վերադարձավ այլազգուն սպանելուց հետո, Աբենները նրան տարավ Սավուղի մոտ։ Այլազգու գլուխը Դավթի ձեռքին էր։
58 Սավուղը նրան հարցրեց. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»։ Դավիթն ասաց. «Քո ծառա Հեսսե Բեթղեհեմացու որդին եմ»։