Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 16

:
Armenian - NEA
1 Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։
2 Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ։ Սավուղը կլսի և ինձ կսպանի»։ Տերն ասաց. «Դու քեզ հետ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե Տիրոջը զոհելու համար ես եկել։
3 Եվ Հեսսեին հրավիրի՛ր զոհաբերությանը, ու ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ պետք է անես, և կօծես նրան, որին քեզ կասեմ»։
4 Սամուելն արեց այն, ինչ Տերն ասել էր, ու եկավ Բեթղեհեմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմավորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը խաղաղությա՞մբ է, ո՜վ տեսանող»։
5 Նա ասաց. «Խաղաղությամբ է, Տիրոջը զոհ մատուցելու եմ եկել։ Մաքրվե՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղեք այսօր»։ Նա Հեսսեին ու նրա որդիներին մաքրեց և զոհաբերության հրավիրեց նրանց։
6 Երբ նրանք մտնում էին, տեսավ Եղիաբին ու ասաց. «Տիրոջ առջև է իր օծյալը»։
7 Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։
8 Հեսսեն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուելի առջևից։ Սամուելն ասաց. «Ոչ էլ սրան է Տերն ընտրել»։
9 Հեսսեն Սամուելի առջևից անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տերը»։
10 Հեսսեն Սամուելի առջևից անցկացրեց իր յոթ որդիներին էլ, բայց Սամուելն ասաց Հեսսեին. «Տերը դրանցից որևէ մեկին չի ընտրել»։
11 Սամուելը Հեսսեին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Հեսսեն ասաց. «Մի փոքրիկ տղա էլ ունեմ, որ ոչխարներն է արածեցնում»։ Սամուելն ասաց Հեսսեին. «Մա՛րդ ուղարկիր ու բերե՛լ տուր նրան, մենք սեղան չենք նստի, մինչև նա այստեղ չգա»։
12 Հեսսեն մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան։ Նա խարտյաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ Տերը Սամուելին ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր Դավթին, քանի որ նա է լավը»։
13 Սամուելը ձիթայուղով լի եղջյուրն առավ և իր եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից ի վեր Տիրոջ հոգին շարժվեց Դավթի վրա։ Սամուելը վեր կացավ ու գնաց Արիմաթեմ։
14 Տիրոջ հոգին վերացավ Սավուղից, և Տիրոջ կողմից առաքված մի չար ոգի նեղում էր նրան։
15 Ծառաները նրան ասացին. «Ահա Տիրոջ կողմից առաքված չար ոգին խեղդում է քեզ։
16 Թող քո առաջ կանգնած ծառաներդ խոսեն և խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ նվագել գիտի, և հենց որ Աստծուց ուղարկված չար ոգին քեզ վրա հասնի, նա քնար նվագելով երգի. դա քեզ հաճելի կլինի և կհանգստացնի քեզ»։
17 Սավուղն իր ծառաներին ասաց. «Գտե՛ք մի մարդու, որ լավ է երգում, և նրան բերե՛ք ինձ մոտ»։
18 Ծառաներից մեկն ասաց. «Ես տեսել եմ բեթղեհեմացի Հեսսեի տղային, որ գիտի սաղմոսել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եվ Տերը նրա հետ է»։
19 Սավուղը պատգամավորներ ուղարկելով Հեսսեի մոտ՝ ասաց. «Ինձ մո՛տ ուղարկիր քո որդի Դավթին՝ քո հոտի պահապանին»։
20 Հեսսեն առավ մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ այծերից և իր որդի Դավթի հետ ուղարկեց Սավուղին։
21 Դավիթը եկավ Սավուղի մոտ և սպասարկում էր նրան։ Սավուղը նրան շատ սիրեց, և նա նրա կապարճակիրը դարձավ։
22 Սավուղը Հեսսեին լուր ուղարկեց՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, քանի որ իմ առաջ շնորհ գտավ»։
23 Եվ երբ չար ոգին իջնում էր Սավուղի վրա, Դավիթն առնում էր քնարը և նվագում իր ձեռքով, հանգստացնում էր Սավուղին։ Սավուղը հանգստանում էր, և չար ոգին նրանից հեռանում էր։