1 Samuel 14
1 Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։ Այդ մասին նա իր հորը իմաց չտվեց։
2 Սավուղը բանակել էր բլրի գլխին, Մագդովղի նռնենու տակ։ Նրա հետ ժողովրդից վեց հարյուր հոգի կար։
3 Սելովում Աստծու քահանան Աքիա անունով մեկն էր, որը եփուդ էր կրում։ Նա Ղևիի որդու Փենեեսի որդու Քաբիելի եղբայր Աքիտովբի որդին էր։ Ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը կիրճ է գնացել։
4 Հովնաթանն ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնվում էր կիրճի մեջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն կողմում քարաժայռեր էին բարձրանում, որոնցից մեկը կոչվում էր Բազես, իսկ մյուսը՝ Սենարա։
5 Այս քարաժայռերից հյուսիսի կողմինը դեպի Մաքմաս էր ուղղված, իսկ հարավայինը՝ Գաբայե։
6 Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։
7 Կապարճակիրը նրան ասաց. «Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում։ Ահա ես քեզ հետ եմ. ինչ քո սիրտն է ուզում, նույնն էլ՝ իմ սիրտը»։
8 Հովնաթանն ասաց. «Ահավասիկ մենք ուղղվում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կգնանք նրանց մոտ։
9 Եթե մեզ ասեն. “Այնտեղ կա՛նգ առեք, մինչև ձեզ ասենք”, ապա տեղում կկանգնենք և նրանց այլևս չենք մոտենա։
10 Բայց եթե ասեն. “Մոտեցե՛ք մեզ”, այն ժամանակ կելնենք կգնանք, քանի որ պարզ կլինի, որ Տերը նրանց մեր ձեռքն է մատնել։ Դա մեզ համար թող նշան լինի»։
11 Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, որտեղ թաքնվել էին»։
12 Կիրճերի պահապաններն ասացին Հովնաթանին ու կապարճակրին. «Մոտեցե՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան հայտնենք»։ Հովնաթանն ասաց իր կապարճակրին. «Ե՛կ իմ հետևից, քանի որ Տերը նրանց Իսրայելի ձեռքն է մատնել»։
13 Հովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ։ Այլազգիները հարձակվեցին Հովնաթանի վրա, իսկ Հովնաթանը սպանեց նրանց, կապարճակիրն էլ նրա հետևից էր հարվածում նրանց։
14 Այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա կապարճակիրը մոտավորապես քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետված դաշտերի քարերով։
15 Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մեջ սոսկում ընկավ, հարվածող գունդը զարհուրեց և չէր ուզում շարժվել. երկիրը դղրդաց, և Տիրոջ ահն ընկավ թշնամու սիրտը։
16 Սավուղի դետերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում։
17 Սավուղն իր հետ եղած զորքին ասաց. «Ստուգե՛ք ու տեսե՛ք, մեզանից ո՞վ է հեռացել»։ Ստուգեցին և տեսան, որ Հովնաթանն ու նրա կապարճակիրը չկան։
18 Սավուղն ասաց Աքիային. «Բե՛ր եփուդը» (քանի որ այդ նա՛ էր եփուդը կրում Իսրայելի առաջ)։
19 Մինչ Սավուղը քահանայի հետ էր խոսում, այլազգիների բանակատեղիում աղաղակը գնալով ավելանում էր։ Սավուղը քահանային ասաց. «Ձեռքերդ իջեցրո՛ւ »։
20 Սավուղն ու նրա հետ նաև ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դեմ, և մեծ իրարանցում առաջացավ։
21 Եվ նրանք, ովքեր երեկ և նախորդ օրն միացել էին այլազգիներին, շուռ եկան և միացան Իսրայելին, Սավուղին և Հովնաթանին։
22 Եվ ողջ Իսրայելը, որ թաքնված էին Եփրեմի լեռան վրա, լսելով այլազգիների փախուստի մասին, խմբվեցին, ու իրենք ևս նրանց դեմ պատերազմի մեջ մտան։
23 Այդ օրը Տերը փրկեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթ-Ավեն։ Սավուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մոտավորապես տասը հազար էր։ Պատերազմը տարածվել էր Եփրեմի լեռան բոլոր քաղաքներում։
24 Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,
25 թեև ամբողջ երկիրը ճաշում էր։ Այնտեղ՝ դաշտի դիմաց, անտառ կար, որտեղ մեղու էին պահում։
26 Ժողովուրդը մտավ մեղվանոցը։ Մարդիկ քրթմնջալով անցնում էին, բայց ոչ ոք ձեռքն իր բերանը չէր տանում, քանի որ ժողովուրդը վախենում էր Տիրոջը տրված երդումից։
27 Հովնաթանը չիմանալով, որ իր հայրը երդվել էր տվել ժողովրդին՝ իր ձեռքի գավազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորիսխի մեջ, իր ձեռքով մեղրը տարավ բերանը, և նրա աչքերը պայծառացան։
28 Զինվորներից մեկը նրան ասաց. «Քո հայրը խստագույնս երդվեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո հաց կուտի”»։ Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։
29 Երբ Հովնաթանն այդ իմացավ, ասաց. «Հայրս երկիրը կորստյան է մատնել. տեսե՛ք, թե իմ աչքերն ինչպե՛ս լույս ստացան, որովհետև մի քիչ ճաշակեցի այդ մեղրից։
30 Եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, այլազգիներին մեծամեծ հարվածներ կհասցներ»։
31 Այդ օրը նա Մաքմասում կոտորեց այլազգիներին, իսկ ժողովուրդը սաստիկ հոգնել էր։
32 Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
33 Սավուղին հայտնեցին՝ ասելով. «Ժողովուրդը Տիրոջ դեմ մեղանչեց, քանի որ արնաշաղախ միս կերավ»։ Սավուղն ասաց. «Մեղանչեցիք, արդ, Գեթթամից այստեղ գլորելով մի մեծ քա՛ր բերեք»։
34 Սավուղն ավելացրեց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրան ասե՛ք, որ ամեն մեկն իր արջառն ու ոչխարն այստեղ բերի, սրա վրա մորթե՛ք ու կերե՛ք և մի՛ մեղանչեք Տիրոջ դեմ արնաշաղախ միս ուտելով»։ Մարդիկ այն գիշեր իրենց մոտ եղածը բերեցին և այնտեղ մորթեցին։
35 Սավուղն այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։
36 Սավուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչև լույսը բացվելը կողոպտենք նրանց և նրանցից ոչ մի մարդ կենդանի չթողնենք»։ Նրան ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։
37 Սավուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց Իսրայելի ձեռքը կմատնե՞ս»։
38 Տերն այդ օրը պատասխան չտվեց նրան։ Սավուղն ասաց. «Այստե՛ղ հավաքեք Իսրայելի ողջ ազգը, որ իմանանք ու տեսնենք, թե այսօր ո՛ւմ մեղքով է հանցանք կատարվել։
39 Կենդանի է Տերը՝ Իսրայելին փրկողը, եթե իմ որդի Հովնաթանն էլ մեղանչած լինի, մահապատժի կենթարկվի»։ Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց։
40 Այն ժամանակ նա ասաց Իսրայելի բոլոր մարդկանց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը մյուս կողմը կկանգնենք»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։
41 Սավուղն ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտվեցիր. եթե անօրենությունն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Հովնաթան որդին, Հայտնությո՛ւն տուր, իսկ եթե անօրենությունը կատարվել է Իսրայելի քո ժողովրդի մեջ, նրան քավությո՛ւն պարգևիր»։ Վիճակը ցույց տվեց Հովնաթանին ու Սավուղին, և ժողովուրդն անպարտ դուրս եկավ։
42 Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք իմ ու իմ Հովնաթան որդու վրա, և ում վրա որ Տերը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկվի»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Թող քո ասածը չլինի»։ Սավուղն ստիպեց ժողովրդին, և նրա ու նրա որդի Հովնաթանի վրա վիճակ գցեցին։ Վիճակն ընկավ Հովնաթանի վրա։
43 Սավուղն ասաց Հովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Հովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ ձեռքի գավազանի ծայրով մի քիչ մեղր կերա և հիմա պիտի մեռնե՞մ»։
44 Սավուղն ասաց նրան. «Աստված թող պատժի ինձ, եթե դու այսօր մահապատժի չենթարկվես»։
45 Ժողովուրդն ասաց Սավուղին. «Քավ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկվի նա, ով Իսրայելին այս մեծ փրկությունը պարգևեց։ Կենդանի է Տերը, նրա գլխի մեկ մազն անգամ գետնին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»։ Եվ այդ օրը ժողովուրդը Հովնաթանի համար աղոթքով դիմեց Տիրոջը, և նա մահապատժի չենթարկվեց։
46 Սավուղը դադարեց այլազգիներին հետապնդելուց, և այլազգիներն իրենց տեղը գնացին։
47 Այն օրվանից երբ Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա, պատերազմեց իր շուրջը գտնվող բոլոր թշնամիների՝ Մովաբի, Ամովնի որդիների, Եդովմի որդիների, Բեթորի, Սուբայի թագավորի և այլազգիների դեմ։ Որ կողմը որ դարձավ, հաղթեց։ Նա մեծ քաջագործություններ արեց,
48 հարվածեց Ամաղեկին և Իսրայելը փրկեց այն ոտնակոխ անողների ձեռքից։
49 Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսսուրը և Մեղքիսավեն, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին. մեծինը՝ Մերոբ, իսկ երկրորդի անունը՝ Մեղքող։
50 Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զորավարը Ների որդի Աբեններն էր, որը Սավուղի ազգականի որդին էր։
51 Կիսը՝ Սավուղի հայրը, և Ները՝ Աբենների հայրը, Աբիելի որդի Համինի որդիներն էին։ Նրանք բոլորը երեսունութ հոգի էին։
52 Սավուղի ամբողջ իշխանության ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցավ այլազգիների դեմ, և Սավուղն իր տեսած բոլոր զորավոր ու քաջ մարդկանց իր մոտ հավաքեց։