1 Samuel 13
1 Սավուղը մեկ կամ երկու տարի Իսրայելի վրա թագավորելուց հետո
2 Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։
3 Հովնաթանը սպանեց Նասիբ այլազգուն, որ բլրի վրա էր, և այլազգիներն այդ իմացան։ Սավուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում և ասաց. «Ծառաներն ապստամբեցին»։
4 Ողջ Իսրայելը լսեց, թե Սավուղը սպանեց Նասիբ այլազգուն, իսկ Իսրայելն ամոթահար արեց այլազգիներին։ Եվ ժողովուրդը Սավուղի հետևից ելավ Գաղգաղա։
5 Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։
6 Իսրայելացիները տեսնելով, որ նեղվում են, թաքնվեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում։
7 Ով որ կարող էր, անցավ Հորդանան գետն ու գնաց Գադի և Գաղաադի երկիրը։ Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ողջ ժողովուրդը հեռացավ նրանից։
8 Նա յոթ օր սպասեց, ինչպես որ Սամուելն էր հրամայել, սակայն Սամուելը Գաղգաղա չեկավ, և մարդիկ սկսեցին ցրվել։
9 Սավուղն ասաց. «Մո՛տ եկեք, որ ողջակեզի ու խաղաղության զոհեր մատուցեմ»։ Եվ ողջակեզը ինքը մատուցեց։
10 Երբ ողջակեզ մատուցելը վերջացրեց, Սամուելը եկավ։ Սավուղն ընդառաջ գնաց՝ նրան դիմավորելու և ողջունելու։
11 Սամուելն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սավուղն ասաց. «Երբ տեսա, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, և դու չեկար քո նշանակած օրը, իսկ այլազգիները հավաքվեցին Մաքմասում,
12 մտածեցի, թե այլազգիները հիմա կգան իմ դեմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջև դեռ չէի աղերսել, դրա համար էլ համարձակվեցի և ողջակեզ մատուցեցի»։
13 Սամուելն ասաց Սավուղին. «Զուր ես արել, քանի որ չես պահել իմ պատվիրանը, որ Տերն էր պատվիրել։ Տերը քեզ Իսրայելի վրա ցմահ թագավոր պիտի դարձներ,
14 բայց հիմա քո թագավորությունը այլևս չի շարունակվելու։ Տերն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտրի, որ նրան իշխան դարձնի իր ժողովրդի վրա, քանի որ դու չկատարեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։
15 Սամուելը վեր կացավ և Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զորքը միացավ Սավուղին, որ դիմադրի իրենց վրա հարձակվողներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սավուղը հաշվեց իր հետ գտնվող զինվորներին և տեսավ, որ ինքն ունի մոտավորապես վեց հարյուր զինվոր։
16 Սավուղը, նրա որդի Հովնաթանն ու նրա հետ եղած զորքը հաստատվեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները բանակել էին Մաքմասում։
17 Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ ավերածություն գործեն։ Մի գունդը դիմեց դեպի Ոփեր տանող ճանապարհը, դեպի Սոգովղի աղբյուրը,
18 մյուս գունդը՝ դեպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դեպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։
19 Ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չկար, քանի որ այլազգիներն ասել էին. «Այնպես անենք, որ եբրայեցիները սուր կամ գեղարդ չշինեն»։
20 Բոլոր իսրայելացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը և մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը։
21 Այգեկութի ժամանակ էր, և ամեն մի գործիքի արժեքը երեք սիկղ էր։ Խոփի, կացնի և մանգաղի գինը նույնն էր։
22 Այնպես պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սավուղի և նրա որդի Հովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ գեղարդ չկար։ Զենք կար միայն Սավուղի ու նրա որդի Հովնաթանի մոտ։
23 Այլազգիների բանակը դուրս ելավ Մաքմասի մյուս կողմը։