1 Samuel 12
1 Սամուելը իսրայելացի բոլոր այրերին ասաց. «Ահա ես լսեցի այն ամենը, ինչ դուք ինձ ասացիք, և ես ձեզ վրա թագավոր կարգեցի։
2 Հիմա ձեզ թագավորն է առաջնորդում։ Ես ծերացել եմ, պետք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մեջ են։ Իմ վաղ հասակից մինչև այսօր ես ձեզ ղեկավարեցի։ Ես ահա կանգնած եմ ձեր առաջ,
3 և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։
4 Սամուելին ասացին. «Մեր դեմ չես մեղանչել, մեզ չես զրկել, մեզ չես նեղել ու որևէ մեկի ձեռքից ոչինչ չես խլել»։
5 Սամուելը ժողովրդին ասաց. «Տերը և նրա օծյալը թող վկա լինեն այսօր իմ և ձեր միջև, որ իմ ձեռքում ոչինչ չեք գտել»։ Նրանք ասացին. «Թող վկա լինեն»։
6 Սամուելը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Թող վկա լինի Տերը, որ կարգեց Մովսեսին ու Ահարոնին և մեր հայրերին հանեց Եգիպտոսից։
7 Արդ, առա՛ջ եկեք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ և պատմեմ ձեզ այն բոլոր բարերարությունները, որ Տերն արել է ձեզ ու ձեր հայրերին։
8 Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։
9 Սակայն նրանք մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն, և նա մատնեց նրանց Ասուրի արքա Հաբինի զորավար Սիսարայի ձեռքը, այլազգիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմեցին նրանց դեմ։
10 Եվ աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. “Մենք մեղանչել ենք, քանի որ Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղի կուռքերին ու Անտառներին։ Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և կծառայենք քեզ”։
11 Տերն առաքեց Հերոբովաղին, Բարակին, Հեփթայեին ու Սամփսոնին և ձեզ փրկեց շրջակա թշնամիների ձեռքից, ու դուք բնակվեցիք ապահովության մեջ։
12 Երբ տեսաք, թե Ամովնի որդիների Նաաս արքան հարձակվել է ձեզ վրա, ասացիք. “Այդպես չէ, այլ թագավոր պիտի իշխի մեզ վրա”։ Թեև մեր թագավորը Տերն է՝ մեր Աստվածը։
13 Արդ, ահավասիկ այն թագավորը, որին խնդրեցիք ու ընտրեցիք. Տերը ձեզ թագավոր տվեց։
14 Եթե երկնչեք Տիրոջից ու ծառայեք նրան, հնազանդվեք նրան, չհակառակվեք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրա իշխող թագավորը գնաք Տիրոջ հետևից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագավորի դեմ չի լինի։
15 Իսկ եթե չհնազանդվեք Տիրոջը, հակառակ գնաք Տիրոջ ասածին, ապա Տիրոջ ձեռքը ձեր և ձեր թագավորի դեմ կլինի։
16 Արդ, սպասե՛ք և տեսե՛ք այն մեծագործությունները, որ Տերը ձեր աչքերի առջև պիտի անի։
17 Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, և նա ձեզ որոտ ու անձրև պիտի տա։ Դուք կիմանաք ու կտեսնեք, որ ձեզ համար թագավոր խնդրելով՝ մեծ չարություն գործեցիք ձեր Տիրոջ հանդեպ»։
18 Սամուելը Տիրոջն աղաղակեց, ու Տերը նույն օրը երկնքից որոտ և անձրև ուղարկեց։ Ողջ ժողովուրդը սաստիկ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։
19 Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։
20 Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, դուք թեև գործել եք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջից մի՛ խոտորվեք և Տիրոջը ծառայե՛ք ձեր ամբողջ սրտով։
21 Մի՛ գնացեք սուտ աստվածների հետևից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տա և չեն փրկի, քանի որ նրանք աստվածներ չեն։
22 Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։
23 Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։
24 Իսկ դուք երկյո՛ւղ կրեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով, ճշմարտությամբ ծառայե՛ք նրան, քանի որ տեսաք, թե մեզ համար ի՛նչ մեծ գործեր արեց,
25 իսկ եթե չարությամբ գործեք, թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը կորստյան կմատնվեք»։