Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 11

:
Armenian - NEA
1 Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։
2 Նաաս Ամովնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանեք ձեր աջ աչքը։ Եվ ես դրանով ամբողջ Իսրայելի վրա նախատինք դրած կլինեմ»։
3 Հաբիսի բնակիչները Նաասին ասացին. «Մեզ յոթ օր ժամանա՛կ տուր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կլինենք»։
4 Պատգամավորները եկան Գաբաա, Սավուղի մոտ և այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին։ Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։
5 Առավոտյան դաշտից գալով՝ Սավուղը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»։ Նրան հայտնեցին հաբիսեցիների ասածները։
6 Երբ Սավուղը լսեց այս խոսքերը, Տիրոջ հոգին շարժվեց նրա վրա, և նրա բարկությունը սաստիկ բորբոքվեց։
7 Նա երկու եզ առավ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամավորների միջոցով Իսրայելի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով որ Սավուղի և Սամուելի հետևից չգա, այսպես կդառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկավ Իսրայելի ամբողջ ժողովրդի սիրտը, և նրանք մեկ մարդու պես գոչեցին։
8 Սավուղը Բեզեկում նրանց զորահավաք արեց. Իսրայելի բոլոր մարդիկ վեց հարյուր հազար հոգի էին, իսկ Հուդայի մարդիկ՝ յոթանասուն հազար։
9 Նա ասաց եկած պատգամավորներին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիս քաղաքի բնակիչներին. “Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կփրկվեք”»։ Պատգամավորները քաղաք եկան ու դա հաղորդեցին Հաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան։
10 Հաբիսի բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Վաղը ձեզ անձնատուր կլինենք, և մեզ հետ վարվեցեք այնպես, ինչպես հաճելի է ձեզ»։
11 Հետևյալ օրը Սավուղը զորքը բաժանեց երեք գնդի։ Առավոտյան նրանք մտան նրանց բանակի մեջ և ամովնացիներին կոտորեցին մինչև արևի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպես, որ նրանցից երկու հոգու իրար մոտ չէիր գտնի։
12 Ժողովուրդը Սամուելին ասաց. «Այդ ո՞վ էր ասում, թե Սավուղը չի թագավորի մեզ վրա, մեզ հանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց»։
13 Սամուելն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանվելու, որովհետև Տերն այսօր փրկություն պարգևեց Իսրայելին»։
14 Խոսելով ժողովրդի հետ՝ Սամուելն ասաց. «Գնանք Գաղգաղա և թագադրության նավակատիք անենք»։
15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։