1 Peter 5
1 Ուստի աղաչում եմ երեցներին իբրև երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության.
2 արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ.
3 ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին,
4 որպեսզի, երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք։
5 Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
6 Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։
7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։
8 Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։
9 Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ և իմացած լինելով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։
10 Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
11 Նրան իշխանությո՜ւն հավիտյանս։ Ամեն։
12 Սիղվանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է ձեզ, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ հորդորելու և վկայելու, որ Աստծու ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացեք։
13 Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնվող և ձեզ նման ընտրյալ եկեղեցին, ինչպես նաև՝ իմ որդի Մարկոսը։
14 Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։