Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Peter 4

:
Armenian - NEA
1 Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դուք ևս զինվե՛ք նույն մտքով. որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղք գործելուց,
2 որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե ըստ մարդկային ցանկությունների, այլ ըստ Աստծու կամքի ապրի.
3 քանզի բավական է կյանքի անցած ժամանակը՝ հեթանոսների կամքի համաձայն ընթանալով՝ զեխություններով, հոռի ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով։
4 Նրանք զարմանում են, որ դուք չեք ընթանում նույն անկարգ զեխությամբ, և հայհոյում են ձեզ։
5 Բայց նրանք հաշիվ պիտի տան նրան, ով արդեն պատրաստ է դատելու կենդանիներին ու մեռածներին.
6 քանի որ հենց սրա համար Ավետարանը նաև մեռելներին քարոզվեց, որպեսզի մարդկանց նման դատվեն մարմնով և Աստծու նման կենդանի լինեն հոգով։
7 Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։
8 Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։
9 Առանց տրտնջալու հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ։
10 Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։
11 Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
12 Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ։
13 Այլ ուրախացե՛ք որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծությամբ բերկրեք։
14 Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեզ վրա։
15 Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող,
16 այլ իբրև քրիստոնյա՝ թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անվամբ,
17 քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։
18 Եվ եթե արդարն է հազիվ փրկվելու, ապա ամբարիշտն ու մեղավորն էլ ո՞ւր պիտի մնան ։
19 Ուստի նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով՝ իրենց հոգիները թող հանձնեն հավատարիմ Ստեղծողին։