1 Peter 1
1 Պետրոսը՝ առաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բյութանիայի սփյուռքում եք,
2 ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործումով՝ Հիսուս Քրիստոսին հնազանդվելու և նրա արյան հեղումով ցողվել-մաքրվելու համար։ Շնորհը և խաղաղությունը թող շատանան ձեզ վրա։
3 Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.
4 ծնեց անեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար,
5 որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։
6 Ուրախանում և ցնծում եք դրանով, որ այժմ դեպքերի բերումով, զանազան փորձությունների պատճառով փոքր-ինչ տրտմած եք,
7 որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,
8 որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝
9 ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։
10 Այդ փրկության համար է, որ փնտրեցին և քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ վիճակված շնորհի մասին։
11 Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին։
12 Նրանց հայտնվեց նաև, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այդ պատգամները, որոնք այժմ պատմում են ձեզ նրանց միջոցով և ավետարանվում երկնքից ուղարկված Սուրբ Հոգով։ Հրեշտակները կցանկանային գոնե աղոտ կերպով տեսնել այդ։
13 Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։
14 Իբրև հնազանդ որդիներ՝ մի՛ կերպարանվեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններով.
15 այլ Սրբի նման, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սո՛ւրբ եղեք.
16 քանի որ գրված է. «Դուք սուրբ պիտի լինեք, որովհետև ես էլ սուրբ եմ» ։
17 Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։
18 Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից,
19 այլ Քրիստոսի թանկագին արյամբ՝ իբրև անբիծ և անարատ գառան.
20 որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վախճանին ձեզ համար,
21 որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք։
22 Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,
23 վերածնվելով ոչ թե ապականացու սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով.
24 քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում,
25 բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան», այս է այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ։