1 Kings 9
1 Երբ Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և արքունի տան շինությունը, ինչպես նաև այն բոլոր շինությունները, որ նա կամենում էր կատարել,
2 Տերը երկրորդ անգամ երևաց նրան, ինչպես երևացել էր նրան Գաբավոնում։
3 Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջև արած աղոթքի ձայնդ ու պաղատանքներդ և արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տաճարը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։
4 Եթե դու քո հայր Դավթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջև, կատարես այն ամենը, ինչ պատվիրեցի նրան, պահես իմ հրամաններն ու պատվիրանները,
5 ապա քո թագավորության աթոռն Իսրայելի վրա հավիտյան կանգուն կպահեմ, ինչպես խոստացել եմ քո հայր Դավթին՝ ասելով՝ “Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայելի գահի վրա”։
6 Իսկ եթե դուք և ձեր որդիները ինձնից խոտորվեք, չպահեք իմ պատվիրաններն ու հրամանները, որ Մովսեսը տվեց ձեզ, գնաք ու ծառայեք օտար աստվածներին, նրանց երկրպագեք,
7 ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։
8 Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,
9 ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տիրոջը՝ Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից՝ ստրկության տնից, իսկ իրենք հարեցին օտար աստվածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տերը նրանց վրա թափեց այս ամբողջ չարիքը”»։ Այն ժամանակ Սողոմոնը փարավոնի դստերը հանեց Դավթի քաղաքից ու բերեց իր կառուցած տունը։
10 Քսան տարվա ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքայի տունը,
11 Տյուրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղևնափայտ, մայրի փայտ, ոսկի և այն ամենը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն ժամանակ Սողոմոն արքան Քիրամին Գալիլեայում քսան քաղաք նվիրեց։
12 Քիրամը եկավ Տյուրոսից ու գնաց Գալիլեա, որպեսզի տեսնի Սողոմոնի՝ իրեն նվիրած քաղաքները, սակայն դրանք նրան դուր չեկան։
13 Նա ասաց. «Եղբա՛յր, դու այս ի՞նչ քաղաքներ ես ինձ նվիրել»։ Եվ նա դրանց անունը Սահմաններ [𝕸 Կավուլ ] դրեց։ Դրանք մինչև այսօր էլ այդպես են կոչվում։
14 Եվ Քիրամը Սողոմոնին հարյուր քսան տաղանդ ոսկի բերեց։
15 Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը և արքայի տունը, Մելոնը և բարձրավանդակները, լցնի Դավթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը և Երուսաղեմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը,
16 որոնք Եգիպտոսի փարավոն արքայի իշխանության տակ էին։ Փարավոնը գնացել, նվաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, և այն օժիտ էր տվել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։
17 Սողոմոնը վերակառուցեց Գազերը, ներքին Բեթերոնը,
18 Բալաթն ու Թերմոթը այդ երկրի անապատում,
19 իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանված քաղաքները և այն ամենը, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և ամբողջ երկրում։
20 Որպեսզի գլուխ չբարձրացնեն Իսրայելի ցեղին չպատկանող և ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից, քանանացիներից, հեբուսացիներից ու գերգեսացիներից երկրում կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայելացիները չէին կարողացել կոտորել,
21 Սողոմոնը նրանց հարկատու ծառայության ենթարկեց, ինչպես որ մինչև այսօր են։
22 Սողոմոնը իսրայելացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր սպառազեն զինվորները, իր հեծյալները։
23 Սողոմոնի գործերի վերակացուները հինգ հարյուր հիսուն իշխաններ էին, որոնք հսկում էին գործավոր ժողովրդին։
24 Փարավոնի դուստրը, Դավթի քաղաքից դուրս գալով, եկավ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը կառուցեց Մելոնը։
25 Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որը Տիրոջ համար էր կառուցել, և Տիրոջ առջև խունկ էր ծխում։ Նա ավարտեց տան կառուցումը։
26 Եվ Սողոմոն արքան նավ կառուցեց Գասիոն Գաբերում, որ Ելաթի մոտ է գտնվում, Կարմիր ծովի եզրին՝ Եդովմի երկրում։
27 Քիրամը ծովի նավարկության հմուտ նավորդներ ուղարկեց. սրանք, Սողոմոնի ծառաների հետ այդ նավերով
28 եկան Սովփերա և այնտեղից չորս հարյուր քսան տաղանդ ոսկի բերեցին Սողոմոն արքային։