Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Kings 8

:
Armenian - NEA
1 Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայելի բոլոր ծերերին, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր առաջնորդներով հանդերձ, ժողովեց իր մոտ՝ Սիոնում, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ Իսրայելի բոլոր մարդիկ Սողոմոն արքայի մոտ հավաքվեցին
2 Անթանիմ, այսինքն՝ յոթերորդ ամսի տոնին։
3 Երբ եկան Իսրայելի բոլոր ծերերը, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը և փոխադրեցին տաճար։
4 Ղևտացիների օգնությամբ փոխադրեցին նաև Վկայության խորանը և Վկայության խորանի մեջ եղած ամբողջ սուրբ սպասքը։
5 Սողոմոն արքան ու նրա մոտ հավաքված Իսրայելի ողջ ժողովուրդը գնում էին տապանակի առջևից և անթիվ-անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։
6 Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։
7 Քերովբեները թևերը տարածել էին տապանակի վրա, և նրանք վերևից ծածկում էին տապանակն ու դրա սրբությունները։
8 Լծակները դուրս էին մնացել և դրանց գլուխները երևում էին սրբությունից, սրբարանի դիմաց, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մնում մինչև այսօր։
9 Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի քարե երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից, որոնք Մովսեսն էր այնտեղ դրել Քորեբում, երբ Տերն ուխտ դրեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալուց հետո։
10 Երբ քահանաները ելան սրբարանից, մի ամպ լցրեց Տիրոջ տունը,
11 այնպես որ քահանաներն ամպի պատճառով չկարողացան սպասավորություն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։
12 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է՝ “Ես հովանի պիտի լինեմ մեգով”։
13 Ես քեզ համար բնակության տուն շինեցի, որպեսզի քո աթոռը հաստատ լինի հավիտյան»։
14 Արքան երեսը դարձրեց ու օրհնեց ողջ Իսրայելին, և Իսրայելի ողջ ժողովուրդն այնտեղ էր։
15 Նա ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածն այսօր, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի մասին և իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ ասելով.
16 “Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայելին, Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անվամբ լինի, այլ ընտրեցի Դավթին, որ ղեկավարի իմ ժողովրդին՝ Իսրայելին”։
17 Իմ հայր Դավթի սրտում առաջացավ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինելու ցանկությունը,
18 և Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լավ ես արել, որ այն դրել ես մտքումդ,
19 բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ քո որդին, որ սերվելու է քեզնից. նա է շինելու իմ անունով տունը”։
20 Եվ Տերը կատարեց իր ասած խոսքը, ու ես փոխարինեցի իմ հորը՝ Դավթին, նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես ասել էր Տերը, և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինեցի,
21 այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ դրված է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից»։
22 Սողոմոնը ողջ Իսրայելի ժողովրդի ներկայությամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջև, ձեռքերը երկինք տարածեց
23 և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, չկա քեզ նման Աստված վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. դու պահում ես ուխտը և ողորմածություն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջևից։
24 Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպես այսօր։
25 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, կատարի՛ր քո Դավիթ ծառային՝ իմ հորը տված քո խոստումը, թե՝ “Քեզնից մարդ չի պակասելու իմ առջև, որ նստի Իսրայելի գահին, միայն թե քո որդիները զգուշանան իրենց ճանապարհին՝ ընթանալու իմ առջևից, ինչպես դու ես ընթանում իմ առջևից”։
26 Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թող իրագործվեն քո ծառային՝ իմ հայր Դավթին քո ասած խոսքերը։
27 Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։
28 Արդ, լսի՛ր քո ծառայի աղոթքներն ու իմ խնդրանքները, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղոթքները, որ նա քո առջև մատուցում է քեզ։
29 Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրա, որի համար ասացիր, թե քո անունն այնտեղ պետք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ։ Լսի՛ր քո ծառայի ու քո ժողովրդի՝ Իսրայելի ձայնը, որոնք աղոթքի կկանգնեն այստեղ.
30 լսի՛ր քո բնակության վայրում՝ երկնքում, ու ների՛ր նրան,
31 ով կմեղանչի իր մերձավորի դեմ։ Եթե մեկը ընկերոջ կողմից մեղադրվի մեղքի մեջ և հարկադրաբար երդվի, հետո գա ու այս տանը՝ քո զոհասեղանի առաջ, երդվի իր անմեղության համար,
32 ապա լսի՛ր նրան երկնքում ու քավությո՛ւն արա նրան։ Դատի՛ր քո ժողովրդին՝ Իսրայելին, դատապարտի՛ր անօրենին ու նրանից պահանջի՛ր նրա կատարած մեղքի հատուցումը, իսկ արդարին արդարացրո՛ւ՝ հատուցելով նրան ըստ իր արդարության։
33 Եթե քո դեմ մեղանչելու պատճառով քո ժողովուրդը՝ Իսրայելը, պարտվի թշնամիներից, բայց դառնա դեպի քեզ, քո անունը խոստովանի, աղոթի ու աղաչի քեզ այս տանը,
34 ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։
35 Եթե քո դեմ մեղանչելու պատճառով երկինքը փակվի, ու անձրև չլինի, իսկ նրանք աղոթք անեն այս վայրում, քո անունը խոստովանեն և զղջան իրենց մեղքերի համար, երբ խոնարհեցնես նրանց,
36 լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների ու քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը, որպեսզի ցույց տաս նրանց բարի ճանապարհը, որով պետք է ընթանան, և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին՝ իբրև ժառանգություն։
37 Եթե երկրի վրա սով լինի, մահ, հրդեհ, դեղնախտ, մորեխ կամ բույսերի ժանգ, և թշնամին նեղի նրան իր քաղաքներից մեկում, կամ ամեն տեսակ պատահար ու ցավ լինի,
38 և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,
39 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակության տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամեն մեկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։
40 Թող մարդիկ երկյուղ կրեն քեզնից իրենց կյանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն այն երկրի երեսին, որ տվել ես մեր հայրերին։
41 Եթե քո ժողովրդին՝ Իսրայելին չպատկանող մի օտարական գա հեռու երկրից,
42 որտեղ լսած լինի քո մեծ անվան, հզոր ձեռքի ու օգնության պատրաստ բազկի մասին, գա և աղոթք անի այս տեղում,
43 ապա նրան և՛ս լսիր երկնքում՝ քո բնակության տեղում, և ըստ ամենայնի կատարի՛ր քեզնից այդ օտարականի խնդրածը, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկյուղ կրեն քեզնից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և իմանան, որ քո անվամբ է կոչվել իմ կառուցած այս տունը։
44 Եթե քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհին, որից դու հետ կդարձնես նրանց, և եթե նրանք աղոթքի կանգնեն Տիրոջ անունով քո ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը,
45 ապա երկնքից լսի՛ր նրանց աղոթքն ու խնդրանքը, իրավադա՛տ եղիր նրանց նկատմամբ։
46 Եթե մեղանչեն քո դեմ (քանի որ չկա մարդ, որ չմեղանչի), և նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, և գերեվարողները նրանց գերեվարեն դեպի թշնամու հեռավոր կամ մոտիկ երկիրը,
47 և եթե գերի տարված երկրում զղջան իրենց հոգում, դառնան դեպի քեզ, աղաչեն քեզ գերության երկրում և ասեն՝ “Մեղանչեցինք, անօրենություն ու անիրավություն գործեցինք”,
48 և ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դառնան իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով, քեզ աղոթք անեն՝ դառնալով դեպի իրենց հայրերին տրված երկիրը, քո ընտրած քաղաքն ու քո անունով իմ կառուցած տունը,
49 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակության վայրում, նրանց աղոթքներն ու խնդրանքները, իրավադա՛տ եղիր նրանց նկատմամբ,
50 ների՛ր քո դեմ գործած նրանց անիրավությունները, քո հանդեպ թույլ տված բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց,
51 քանզի նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթի հնոցի միջից։
52 Թող քո աչքերն ու ականջները բաց լինեն քո ծառայի ու քո ժողովրդի՝ Իսրայելի աղերսանքների հանդեպ, որ լսես նրանց բոլոր աղաղակները, որ առաքում են քեզ,
53 քանզի դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տե՜ր, Տե՜ր»։ Երբ Սողոմոնն ավարտեց տան կառուցումը, իր կառուցած տան մասին ասաց. «Տերը երկնքում ճանաչեց արեգակը. ասաց, որ բնակվում է մեգի մեջ։ (Ինձ ասաց). “Կառուցի՛ր իմ տունը, վայելուչ տուն, որպեսզի բնակվեմ այդ նոր տաճարում”։ Ահա այս չէ՞ գրված Երգերի գրքում»։
54 Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դեպի երկինք տարածած Սողոմոնն ավարտեց Տիրոջն ուղղված այս բոլոր աղոթքներն ու աղերսանքները,
55 կանգնեց ու բարձրաձայն օրհնեց Իսրայելի ողջ ժողովրդին՝ ասելով.
56 «Օրհնյա՜լ է Տերն այսօր, որն իր խոստման համաձայն հանգիստ տվեց իր ժողովրդին՝ Իսրայելին։ Իր ծառայի՝ Մովսեսի միջոցով խոստացած բոլոր բարի խոսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։
57 Տերը՝ մեր Աստվածը, թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, մեզ թող չլքի,
58 այլ այնպես առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորվեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տված նրա բոլոր պատվիրանները, նրա հրամանները, նրա օրենքները։
59 Տիրոջ՝ Աստծու առջև մատուցած այս պաղատանքի խոսքերս ցերեկ ու գիշեր թող հասնեն Տիրոջը՝ մեր Աստծուն, որպեսզի իր ծառային ու իր ժողովրդին՝ Իսրայելին, ամեն օր արդար դատի,
60 որպեսզի երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, որ Տերն Աստված է, և ուրիշ աստված չկա։
61 Մեր սրտերը կատարյալ թող լինեն Տիրոջ՝ մեր Աստծու նկատմամբ, որպեսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների և պահենք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։
62 Արքան ու նրա հետ Իսրայելի բոլոր որդիները Տիրոջ առջև զոհեր մատուցեցին։
63 Սողոմոն արքան Տիրոջը մատուցեց քսաներկու հազար արջառ, հարյուր քսան հազար ոչխար՝ իբրև խաղաղության զոհեր։ Արքան ու Իսրայելի բոլոր որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։
64 Այդ օրը արքան սրբագործեց Տիրոջ տան դիմացի գավթի կենտրոնը. այնտեղ արեց ողջակեզները, պատարագները, զոհերն ու խաղաղության ճարպերը, քանի որ Տիրոջ առաջ գտնվող պղնձե զոհասեղանը փոքր էր և չէր կարող տեղավորել բոլոր ողջակեզները, անարյուն զոհերն ու խաղաղության զոհերը։
65 Սողոմոնն ու նրա հետ նաև Իսրայելի ողջ ժողովուրդը մեծ բազմությամբ, որ եկել էին Եմաթի արևմուտքից մինչև Եգիպտոսի գետը ընկած տարածքից, այդ օրը Տիրոջ առջև, նրա համար շինված տանը տոն արեցին յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին և ուրախացան։
66 Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, և ամեն մեկը ուրախ ու զվարթ գնաց իր բնակության վայրը, որովհետև Տերը՝ Աստված, իր Դավիթ ծառային և իր ժողովրդին՝ Իսրայելին, բարիք էր պարգևել։