Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 7

:
Armenian - NEA
1 Սողոմոնն իր պալատը կառուցեց տասներեք տարում և ամբողջովին ավարտեց այն։
2 Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ուներ հարյուր կանգուն երկարություն, հիսուն կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն. այն կառուցվել էր երեք շարք եղևնափայտե սյուներով, որոնց վրա դրված էին եղևնափայտե հեծաններ։
3 Նաև կառուցեց մի հարկ սյուների վրա։ Կառույցը քառասունհինգ սյուն ուներ. ամեն մի շարքի վրա՝ տասնհինգ սյուն։
4 Երեք պատվարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դեմ առ դեմ։
5 Բոլոր դռներն ու միջնորմները քառակուսի էին, պատվարով։ Դռները երեք շարքով իրար դիմաց էին։
6 Նա հիսուն կանգուն երկարությամբ ու երեսուն կանգուն լայնությամբ սյունազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացված կամարները տեղավորված էին միմյանց դիմաց, իսկ սյուներն ու խարիսխները դրված էին կամարների դիմաց։
7 Նա կառուցեց նաև կամարակապ գահասրահ և դատաստան էր անում այդ կամարակապ ատյանում։ Այդ հարկը հատակից մինչև ձեղուն երեսապատված էր եղևնափայտով։
8 Նրա տան մեջ, որտեղ բնակվում էր, նույն ձևով կառուցված կամարակապ մի սրահ կար։ Փարավոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նույն ձևով կամարակապ սրահ պատրաստեց։
9 Ամեն ինչ շինված էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչև առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցված ըստ իրենց չափերի։
10 Մեծ սրահի պատի հիմքը նա կառուցել էր մեծ-մեծ քարերով, որոնք ունեին տասը և ութ կանգուն երկարություն,
11 իսկ վերևի մասը կառուցել էր նույն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատված էին եղևնափայտով։
12 Մեծ գավիթը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր և երեսապատված էր եղևնափայտով։ Տիրոջ տան գավիթը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ գավիթը, շինեց տաճարի դիմաց։
13 Սողոմոն արքան մարդ ուղարկեց ու Քիրամ անունով մի մարդու բերել տվեց Տյուրոսից։
14 Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.
15 պատրաստեց տաճարի գավթի ձուլածո երկու սյուները՝ սյունի բարձրությունը տասնութ կանգուն, տրամագիծը տասնչորս կանգուն էր և չորս մատ լայնությամբ ակոսներ ուներ։ Նույն ձևով կերտեց նաև երկրորդ սյունը։
16 Նա պղնձաձույլ երկու խոյակ պատրաստեց, որոնք պետք է դրվեին սյուների գլխին։ Մի խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրությունը նույնպես հինգ կանգուն էր։
17 Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց՝ խոյակը ծածկելու համար։
18 Վանդակաձև երկու ցանց էլ պատրաստեց՝ երկրորդ խոյակը ծածկելու համար։ Նա երկու սյուների համար պատրաստեց նռնաձև զարդեր, որպեսզի դրանք շարք-շարք կախվեն վանդակացանցի վրա։
19 Սյան գլխին գտնվող երկրորդ խոյակի վրա՝ կամարի մոտ, դրեց մի պսակ, որն ուներ չորս կանգուն երկարություն, և վրան շուշանաձև քանդակներ կային։
20 Երկու սյուների վրա դրեց գերանների դուրս եկած ծայրերը, խոյակների վրա կողքերից նույնպես գերանների դուրս եկած ծայրերը դրեց, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարված երկու հարյուր նռնաձև զարդեր։
21 Նա կանգնեցրեց տաճարի գավիթի սյուները։ Մի սյունը կանգնեցրեց ու այն անվանեց Հաքում [ Աստված ապավեն ]. երկրորդ սյունը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ [ Աստծու մեջ է ուժը
22 Սյուների գլխին շուշանաձև զարդեր քանդակեց, և սյուների գործն ավարտվեց։
23 Նա պատրաստեց նաև ձուլածո մի ավազան, որի երկարությունը մի շուրթից մինչև մյուս շուրթը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրությունը հինգ կանգուն էր և շուրջանակի ամփոփված էր երեսուներեք կանգուն երկարությամբ գոտով։
24 Դրա եզրերից ներքև տասը կանգուն շուրջանակի հենարաններ կային, և երկու շարք մույթեր ձուլված-ամրացված էին դրա հետ։
25 Ձուլածո ավազանը դրված էր տասներկու եզների վրա. երեքը դեպի հյուսիս էին նայում, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, երեքը՝ դեպի արևելք։ Ավազանը դրանց վրա էր ամրացված։ Բոլոր եզների գավակները դեպի ներս էին ուղղված։
26 Ավազանի պղնձի հաստությունը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրա ծաղկած շուշան էր քանդակված։ Ավազանը մոտավորապես երկու հազար մար էր տանում։
27 Նա պղնձե տասը պատվանդաններ շինեց. մեկ պատվանդանի երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ չորս կանգուն, բարձրությունը՝ վեց կանգուն։
28 Պատվանդաններն այսպիսի կառուցվածք ունեին. վրայից փոսիկներ կային, նաև՝ փոսիկներ ելուստների միջև։
29 Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։
30 Ամեն մի պատվանդան պղնձե չորս անիվ ու պղնձե սռնի ուներ, և չորս անկյուններին՝ ավազանի տակ, դրան կպած՝ մարդու ուսի նմանություն ունեցող ձուլածո ելուստներ կային։
31 Դրա շուրթը ներքին խոյակից մինչև վեր մեկ կանգուն էր. այդ շուրթը կլոր էր և մեկուկես կանգուն լայնություն ուներ։ Դրա եզրերի վրա քանդակներ կային, իսկ հեծանները ոչ թե կլոր, այլ քառակուսի էին։
32 Սռնիով իրար միացված չորս անիվները հեծանների տակ էին դրված և ամրացված էին պատվանդանին։ Ամեն մի անվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։
33 Անիվները սարքված էին կառքի անիվների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը և ամեն ինչը ձուլածո էին։
34 Ամեն մի պատվանդանի չորս անկյուններն ունեին ուսանման չորս ելուստներ, և ելուստները պատվանդանի հետ միաձույլ էին։
35 Պատվանդանի վերևում կես կանգուն բարձրությամբ բոլորակ մի պսակ կար, և դրա սռնիների ծայրն ու խորշերը պատվանդանի հետ միաձույլ էին։
36 Դրա սռնիների ու խորշերի վրա ներսի կողմից քանդակեց շուրջանակի միմյանց դիմաց կանգնած քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ։
37 Այս նույն օրինակով սարքեց բոլոր տասը պատվանդանները. բոլորը նույն կարգը, նույն չափն ու նույն օրինակն ունեին։
38 Նա պղնձե տասը տաշտեր պատրաստեց. ամեն մի տաշտ քառասուն սափոր էր տանում և չորս կանգուն բարձրություն ուներ։ Ամեն մի տաշտ դրվեց այդ տասը պատվանդաններից մեկի վրա։
39 Հինգ պատվանդանները տեղադրեց տաճարի աջ կողմում, մյուս հինգը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։
40 Քիրամը շինեց կաթսաներ, տաք ջրի ամաններ ու կոնքեր։ Քիրամն ավարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Տիրոջ տաճարի մեջ Սողոմոն արքայի համար. դրանք են՝
41 երկու սյուն ու սյուների գլխին՝ շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պետք է ծածկեին սյուների շուրջանակի քանդակված երկու խոյակները,
42 երկու ցանցերի չորս հարյուր նռնաձև զարդերը, երկու շարք նռնաձև քանդակներ ամեն մի վանդակացանցին, որոնցով պետք է ծածկեին երկու սյուների վրա եղած երկու խոյակները։
43 Նաև տասը պատվանդաններ ու պատվանդանների վրա դրված տասը տաշտեր,
44 մեկ ավազան ու ավազանի տակ ամրացված տասներկու եզներ,
45 կաթսաներ, տաք ջրի անոթներ, կոնքեր և ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Սողոմոն արքայի պատվերով Տիրոջ տան մեջ։ Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սյուներն ու արքայի բոլոր պատվերները Քիրամը ամբողջապես պղնձից պատրաստեց։ Իսկ թե որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարավոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար։ Անգամ հնարավոր չէ ասել, թե որքան փայլուն պղինձ օգտագործվեց։
46 Արքան դրանք ձուլել էր տվել թանձր հողի մեջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջև ընկած Հորդանան գետի ափին։
47 Դրանք թվով չափազանց շատ էին, և օգտագործված պղնձին չափ ու սահման չկար։
48 Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,
49 մաքուր ոսկուց պատրաստված աշտանակները, որոնցից հինգը դրված էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները,
50 նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
51 Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։