1 Kings 6
1 Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր քառասուներորդ տարում և Սողոմոն արքայի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարվա երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։
2 Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունն էր վաթսուն կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն, բարձրությունը՝ քսան կանգուն։
3 Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։
4 Եվ կառուցեց գաղտնի դիտելու պատուհաններ։
5 Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։
6 Ներքին հարկը հինգ կանգուն լայնություն ուներ, միջինը՝ վեց կանգուն լայնություն, իսկ երրորդը՝ յոթ կանգուն լայնություն։ Նա տաճարի շուրջը տարածություն թողեց, որպեսզի տաճարի պատերին չդիպչեն։
7 Տաճարը շինվեց ապառաժ ու անմշակ քարերով, և մուրճի կամ երկաթե որևէ գործիքի ձայն չլսվեց դրա շինության ժամանակ։
8 Ներքևի հարկի դուռը աջ կողմում էր. այստեղից ոլորապտույտ սանդուղքներով ելնում էին միջին հարկը, իսկ միջինից՝ երրորդը։
9 Տաճարը կառուցեց-վերջացրեց, այն ծածկեց եղևնափայտյա քանդակազարդ գերաններով ու տախտակներով։
10 Ամբողջ տաճարի շուրջը հինգ կանգուն բարձրությամբ թևեր շինեց և թևերը պատեց եղևնափայտով։
11 Տերը, խոսքն ուղղելով Սողոմոնին, ասաց.
12 «Ահա տուն ես շինում։ Եթե ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրենքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատվիրաններն ու դրանցով առաջնորդվես, ապա կկատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տվել էի քո հորը՝ Դավթին.
13 կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ և չեմ լքի իմ ժողովրդին՝ Իսրայելին»։
14 Սողոմոնը կառուցեց և ամբողջացրեց տաճարը։
15 Նրա պատերը ներսից երեսապատեց եղևնափայտով. հատակից մինչև պատերն ու գերանները ներսից շուրջանակի փայտով երեսապատեց։ Տան ներքին մասը դրվագեց մայրի փայտով,
16 տան հետնամասում քսան կանգուն երկարությամբ կողքի պատերի միջև հատակից մինչև առաստաղ բարձրացող մի պատ շինեց, դրա ներսում շինեց սրբարանը՝ որպես Սրբություն սրբոց։
17 Տունը՝ ներքին տաճարը, քառասուն կանգուն էր։
18 Տան ներսից կամարները և թևերը երեսապատեց քանդակազարդ եղևնափայտով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված այնպես, որ քար չէր երևում։
19 Սրբարանը տան մեջ էր, ներսում։ Այն շինվել էր, որպեսզի այնտեղ դրվի Տիրոջ Ուխտի տապանակը։
20 Սրբարանը քսան կանգուն երկարություն, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն ուներ։ Այն դրվագել տվեց մաքուր ոսկով։ Սողոմոնը եղևնափայտե սեղան պատրաստեց։
21 Նա տունը ներսից մաքուր ոսկով պատեց և սեղանը ոսկե բևեռներով հաստատեց սրբարանի դիմաց և այն պատեց ոսկով։
22 Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկե թիթեղներով։
23 Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստված երկու քերովբեներ։ Մեկի բարձրությունը տասը կանգուն էր։
24 Նրա մի թևը հինգ կանգուն էր, մյուսը թևը՝ նույնպես հինգ կանգուն. մի թևի ծայրից մյուս թևի ծայրը տասը կանգուն էր։
25 Երկրորդ քերովբեն նույն չափն ու նույն ձևն ուներ։
26 Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույնը և երկրորդ քերովբեինը։
27 Երկու քերովբեները դրեց ներսի սենյակում և նրանց թևերը տարածեց. մի քերովբեի մեկ թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբեի մեկ թևը՝ մյուս պատին։ Նրանց մյուս թևերը սենյակում գալիս միանում էին իրար։
28 Նա քերովբեները ոսկով պատեց։
29 Տան բոլոր պատերի վրա շուրջանակի ներսից ու դրսից քերովբեներ, արմավենիներ ու զարդեր քանդակեց, փորագրեց։
30 Նա տան ներքին ու արտաքին հատակը ոսկով երեսապատեց։
31 Նա գիհի փայտից շինեց սրբարանի մուտքի դուռը՝ հնգակողմ դրանդիներով։
32 Մայրու փայտից շինված երկու փեղկերի վրա քերովբեներ, արմավենիներ ու թռչող թերթեր փորագրեց և դրանք ոսկով երեսապատեց. քերովբեների ու արմավենիների վրա ոսկի շաղ տվեց։
33 Նույնպես արեց նաև Տաճարի մուտքի դռները, որոնց դրանդիները գիհու քառակուսի փայտերից էին։
34 Երկու դռները մայրու փայտից էին, ամեն մի դուռը երկփեղկ էր, իսկ փեղկերը բացվում-փակվում էին ծխնիներով։
35 Երկրորդ դռան վրա դրվագված էին քերովբեներ, արմավենիներ և թռչող թերթեր. այդ դրվագները պատված էին ոսկով, որ իջնում էր հորինվածքի վրա։
36 Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով և պարիսպ կառուցեց եղևնափայտով։
37 Տիրոջ տան հիմքը դրվեց Սողոմոնի թագավորության չորրորդ տարվա Զի, այսինքն՝ երկրորդ ամսին,
38 և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։