1 Kings 3
1 Երբ Սողոմոնի թագավորությունն ամրապնդվեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղեմի շուրջանակի պարսպի շինարարության ավարտը նա խնամիություն հաստատեց փարավոնի՝ Եգիպտոսի արքայի հետ, առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը։
2 Սակայն ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրա, քանի որ մինչ այդ դեռ չէր շինվել Տիրոջ տունը։
3 Սողոմոնը, հնազանդվելով իր հայր Դավթի հորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։
4 Արքան ելավ գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանի որ այն ավելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբավոնում գտնվող այդ զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։
5 Տերը Սողոմոնին երևաց գիշերվա քնի մեջ։ Տերն ասաց Սողոմոնին. «Որևէ բա՛ն խնդրիր քեզ համար»։
6 Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։
7 Արդ, Տե՛ր իմ Աստված, դու քո ծառային հաստատեցիր իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ մանուկ եմ և չգիտեմ իմ ելն ու մուտը։
8 Քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիվ ու անհամար։
9 Քո ծառային այնպիսի մի՛տք տուր, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։
10 Տիրոջը հաճելի եղավ Սողոմոնի այս խնդրանքը,
11 և Տերն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, ոչ թե կյանքի երկար օրեր խնդրեցիր, հարստություն կամ քո թշնամիների մահը, այլ խնդրեցիր խելամտություն՝ դատ անելու,
12 ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։
13 Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք քեզ նման չի լինելու։
14 Եվ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարեցնեմ»։
15 Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։
16 Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջև։
17 Կանանցից մեկն ասաց. «Լսի՛ր ինձ, տե՛ր իմ, ես և այս կինը մի տան մեջ էինք։ Ես ծննդաբերեցի այդ տանը։
18 Այնպես պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար։
19 Գիշերը սրա որդին մեռավ, որովհետև նա իր երեխայի վրա էր պառկել։
20 Սա գիշերվա կեսին զարթնել է, իմ գրկից վերցրել իմ մանկանը, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։
21 Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսա, որ մեռած է։ Ցերեկը մի լավ դիտեցի նրան և տեսա, որ դա իմ ծնած երեխան չէ»։
22 Մյուս կինն ասաց. «Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանին է»։ Առաջին կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ որդին է, իսկ քո որդին մեռածն է»։
23 Այսպես վիճեցին արքայի առջև։ Արքան նրանց ասաց. «Դու ասում ես՝ “Այս կենդանին է իմ որդին, մեռածը՝ նրա որդին է”, իսկ դու էլ ասում ես՝ “Ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է”»։
24 Արքան ասաց. «Սուրն ի՛նձ բերեք»։ Սուրը բերեցին թագավորի մոտ։
25 Արքան ասաց. «Կտրե՛ք, երկու կե՛ս արեք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կեսը տվե՛ք սրան ու մյուս կեսը՝ նրան»։
26 Այն կինը, որի որդին կենդանի էր, ցավից գալարվեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տե՛ր, կենդանի մանկանը տվե՛ք նրան, միայն թե մի՛ սպանեք մանկանը»։ Մյուս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»։
27 Պատասխան տվեց արքան՝ ասելով. «Նրա՛ն տվեք կենդանի մանկանը, ով ասաց՝ “Դրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք երեխային”։ Նա է դրա մայրը»։
28 Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։