Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 21

:
Armenian - NEA
1 Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։
2 Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնա, որովհետև այն իմ տան մոտ է։ Դրա փոխարեն դրանից ավելի լավ այգի կտամ քեզ, և եթե կամենաս, այգու արժեքը արծաթով կվճարեմ, և սա ինձ համար բանջարանոց կլինի»։
3 Նաբոթն ասաց արքային. «Աստված մի՛ արասցե, որ իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։
4 Աքաաբն իր տուն եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբոթն ասել էր՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։
5 Նրա մոտ եկավ կինը՝ Հեզաբելը, խոսեց նրա հետ և ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովված, և հաց չես ուտում»։
6 Աքաաբն ասաց. «Հեզրայելացի Նաբոթին ասացի. “Ի՛նձ տուր քո այգին արծաթի դիմաց և եթե չուզենաս, դրա փոխարեն քեզ ուրիշ այգի կտամ”, իսկ նա ասաց՝ “Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա”»։
7 Նրա կին Հեզաբելն ասաց. «Դու այդպե՞ս ես թագավորություն անում Իսրայելի վրա։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափվի՛ր, և ես քեզ կհանձնեմ հեզրայելացի Նաբոթի այգին»։
8 Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով և հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում։
9 Հրովարտակում այսպես էր գրված. «Ծո՛մ պահեք և Նաբոթին ժողովրդի մեջ գլխավոր տեղո՛ւմ նստեցրեք,
10 իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
11 Այդ քաղաքում բնակվող ծերերն ու ազատները արեցին այնպես, ինչպես որ գրված էր Հեզաբելի՝ նրանց ուղարկած նամակներում։
12 Ծոմապահություն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մեջ գլխավոր տեղում,
13 եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։
14 Լուր ուղարկեցին Հեզաբելին, թե՝ «Նաբոթը քարկոծվելով մեռավ»։
15 Երբ Հեզաբելը լսեց, որ Նաբոթը քարկոծվել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր հեզրայելացի Նաբոթի այգին, որը չէր ուզում քեզ արծաթով ծախել, քանի որ Նաբոթը կենդանի չէ. նա մեռել է»։
16 Երբ Աքաաբը լսեց, որ հեզրայելացի Նաբոթը մեռել է, իր հագուստները պատառոտեց ու քուրձ հագավ։ Դրանից հետո Աքաաբը եկավ ու ժառանգեց հեզրայելացի Նաբոթի այգին։
17 Տերը, խոսելով թեզբացի Եղիայի հետ, ասաց.
18 «Վեր կաց գնա՛ Իսրայելի Աքաաբ արքայի մոտ՝ Սամարիա։ Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու։
19 Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։
20 Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։
21 Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրա կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ և Իսրայելից պիտի վերացնեմ բոլոր արուներին՝ ծառա թե ազատ։
22 Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Հերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։
23 Տերը Հեզաբելի մասին ասաց. “Շները պիտի ուտեն նրան Հեզրայելի պարսպի մոտ”։
24 Աքաաբ թագավորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են կտցելու»։
25 Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։
26 Նա, կուռքեր պաշտելով, գարշելի դարձավ, արեց այն ամենը, որ ամորհացին էր արել, որին Տերը վերացրել էր Իսրայելի որդիների առջևից։
27 Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։
28 Տերը Աքաաբի մասին ասաց իր ծառա Եղիային.
29 «Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։