1 Kings 2
1 Երբ մոտեցան Դավթի մահվան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց.
2 «Ես բռնում եմ այն ճանապարհը, որ սպասում է բոլորին, դու զորացի՛ր, վարվի՛ր իբրև տղամարդ,
3 պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։
4 Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։
5 Դու ինքդ գիտես, թե Շարուհիի որդի Հովաբն ի՛նչ է արել ինձ, ի՛նչ է արել Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակվա պես արյուն թափեց, իր կյանքում անպարտ արյուն թափեց՝ ներկելով իր մեջքն ու կոշիկները։
6 Գործի՛ր իմաստնությամբ և մի՛ թող, որ նրա ալևոր մազերը խաղաղությամբ գերեզման իջնեն։
7 Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
8 Ահա քեզ հետ է բավուրիմացի Հեմինի որդի Գերայի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծել է ինձ այն օրը, երբ գնում էի Մաանայիմ։ Նա Հորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկավ, և ես, Տիրոջ անունով երդվելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։
9 Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թե ի՛նչ պետք է անես նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։
10 Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։
11 Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորել էր յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։
12 Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագավորությունն արդեն հաստատուն էր։
13 Ագիթի որդի Ադոնիան, Սողոմոնի մայր Բերսաբեեի մոտ գալով, խոնարհվեց նրա առաջ։ Բերսաբեեն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես գալիս մոտս»։ Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»։ Եվ ավելացրեց.
14 «Ես խոսքեր ունեմ քեզ ասելու»։ Բերսաբեեն ասաց. «Խոսի՛ր»։
15 Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, որ իմն էր թագավորությունը, և ամբողջ Իսրայելն իր հայացքն ինձ էր ուղղել որպես թագավորի, սակայն ոչ թե ես արժանացա թագավորության, այլ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրվեց նրան։
16 Արդ, մի բան եմ խնդրելու քեզնից, և դու չպետք է մերժես ինձ»։ Բերսաբեեն ասաց. «Հայտնի՛ր խնդրանքդ»։
17 Ադոնիան ասաց. «Ասա՛ Սողոմոն արքային (և նա քեզ չի մերժի), որ ինձ կնության տա սոմնացի Աբիսակին»։
18 Բերսաբեեն ասաց. «Բարի, ես այդ մասին կխոսեմ արքայի հետ»։
19 Բերսաբեեն գնաց Սողոմոն արքայի մոտ, որպեսզի նրա հետ խոսի Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջև, համբուրեց նրան և նստեց իր գահին։ Արքայի մոր համար էլ աթոռ բերվեց, և մայրը նստեց նրա աջ կողմում։
20 Բերսաբեեն նրան ասաց. «Մի փոքրիկ խնդրանք ունեմ քեզնից, ինձ մի՛ մերժիր»։ Արքան ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։
21 Բերսաբեեն ասաց. «Սունամցի Աբիսակը թող քո եղբորը՝ Ադոնիային, կնության տրվի»։
22 Սողոմոն արքան պատասխան տվեց և ասաց իր մորը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սունամցի Աբիսակին խնդրում, այդ դեպքում նրա համար թագավորությո՛ւնս էլ խնդրիր. չէ՞ որ նա իմ ավագ եղբայրն է, և Աբիաթար քահանան ու Շարուհիի որդի Հովաբը նրա սպարապետն ու բարեկամներն են»։
23 Սողոմոն արքան երդվեց Տիրոջ անունով՝ ասելով. «Աստված թող պատժի ինձ, եթե այդ խնդրանքի համար Ադոնիան իր իսկ կյանքով չհատուցի։
24 Արդ, կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ հայր Դավթի գահին, ինձ համար տուն շինեց, ինչպես խոստացել էր Տերը։ Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»։
25 Եվ Սողոմոն արքան ուղարկեց Հովիդայեի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եվ այդ օրը Ադոնիան մեռավ։
26 Արքան Աբիաթար քահանային ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթովթ։ Այսօր դու մահվան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հոր առջև կրել ես Տիրոջ Ուխտի տապանակը, և դու էլ չարչարվել ես այնտեղ, որտեղ չարչարվել է իմ հայրը»։
27 Եվ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերյալ։
28 Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։
29 Սողոմոնին հայտնեցին, որ Հովաբը փախել մտել է Տիրոջ խորանը և բռնել զոհասեղանի եղջյուրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց Հովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղավ, որ փախար զոհասեղանի մոտ»։ Հովաբն ասաց. «Վախեցա քեզնից ու փախա Տիրոջ մոտ»։ Սողոմոն արքան Հովիդայեի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Հովաբին ու թաղի՛ր նրան»։
30 Հովիդայեի որդի Բանեան գնաց Տիրոջ խորանը՝ Հովաբի մոտ, և ասաց նրան. «Այսպես է կարգադրել արքան. ելի՛ր այդտեղից»։ Հովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»։ Հովիդայեի որդի Բանեան վերադարձավ ու արքային հայտնեց, թե ի՛նչ է ասել Հովաբը և ի՛նչ պատասխան է տվել իրեն։
31 Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։
32 Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։
33 Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։
34 Հովիդայեի որդի Բանեան վերադարձավ Հովաբի մոտ, սպանեց նրան ու թաղեց անապատի մոտ գտնվող նրա տան մեջ։
35 Արքան Հովիդայեի որդի Բանեային նրա փոխարեն զորավար կարգեց, թագավորությունը փոխադրեց Երուսաղեմ և Սադովկ քահանային Աբիաթարի փոխարեն քահանա կարգեց Տիրոջ առաջ։ Տերը Սողոմոնին տվեց խելք ու մեծ իմաստնություն և սրտի լայնություն՝ ծովեզրի ավազի նման։ Սողոմոնն ավելի իմաստուն դարձավ, քան իր նախնիների բոլոր որդիները և եգիպտացի իմաստունները։ Նա կին առավ փարավոնի դստերը և նախքան իր պալատը կառուցելը նրան բերեց Դավթի քաղաքը։ Նա նախ յոթ տարի կառուցեց և ավարտեց Տիրոջ տունն ու Երուսաղեմի շուրջանակի պարիսպը։ Սողոմոն արքան ուներ յոթանասուն հազար բեռնակիր և ութսուն հազար քարհատ լեռներում։ Սողոմոնը շինեց ձուլածո ավազանը, մույթերը, մեծամեծ ավազանները և սյուները, բակի աղբյուրն ու պղնձե ավազանը։ Նա շինեց միջնաբերդը և Դավթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից հետո փարավոնի դուստրը ելավ Դավթի քաղաքից և եկավ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Ապա շինեց միջնաբերդը։ Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզ և խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջև։ Նա ավարտեց տան կառուցումը։ Անձինք, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը և հսկում աշխատող մարդկանց, երեք հազար վեց հարյուր հոգի էին։ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը և Բալաաթը, բայց Տիրոջ տունը և Երուսաղեմի շուրջանակի պարիսպը շինելուց հետո կառուցեց այդ քաղաքները։ Դավիթը կենդանի եղած ժամանակ պատվիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ հետ է քեբրոնցի Հեմինի որդի Գերիի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի դեպի իմ բանակը։ Սա Հորդանան գետի ափին ընդառաջ եկավ ինձ, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան՝ “Քեզ սրով չեմ սպանի”։ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ի՛նչ պետք է անես նրան՝ նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։
36 Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղեմում, այնտեղ ապրի՛ր և այնտեղից դուրս չգաս։
37 Այն օրը, որ ելնես և Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛վ իմացիր, որ կմեռնես, և քո արյունը քո գլխին կլինի»։ Արքան այդ օրը երդվել տվեց նրան։
38 Սեմեին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տե՛ր արքա, քո ծառան այդպես էլ կանի»։ Սեմեին Երուսաղեմում բնակվեց երեք տարի։
39 Երեք տարի անց Սեմեիի երկու ծառաները փախան Գեթի արքա Մաաքի որդի Անքուսի մոտ։ Սեմեիին հայտնեցին՝ «Ահա քո երկու ծառաները Գեթում են»։
40 Վեր կացավ Սեմեին, համետեց իր էշն ու գնաց Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։
41 Սողոմոնին հայտնեցին, որ Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ և վերադարձրել իր ծառաներին։
42 Արքան մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և նրան ասաց. «Չէ՞ որ քեզ երդվեցրի Տիրոջ անունով ու վկայություն տվեցի՝ ասելով՝ “Այն օրը, որ ելնես Երուսաղեմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛վ իմացիր, որ կմեռնես”, իսկ դու ասացիր ինձ՝ “Բարի են խոսքերդ, որ լսեցի”։
43 Արդ, ինչպե՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տված երդումն ու քեզ տված իմ պատվերը»։
44 Արքան ասաց Սեմեիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարությունը, որ արել ես իմ հայր Դավթի նկատմամբ։
45 Տերը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնյալ է, և Դավթի աթոռը Տիրոջ առաջ թող հավիտյան հաստատ մնա»։
46 Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։