1 Kings 18
1 Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տերը խոսեց Եղիայի հետ և ասաց. «Գնա՛ ու երևա՛ Աքաաբին, և ես անձրև կտամ երկրին»։
2 Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։
3 Աքաաբը կանչեց իր հազարապետ Աբդիուին։ Աբդիուն սաստիկ երկյուղ էր կրում Տիրոջից.
4 երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, Աբդիուն հարյուր մարգարեի տարավ և նրանց հիսուն-հիսուն թաքցրեց այրերում և կերակրեց նրանց հացով ու ջրով։
5 Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտրենք ու գտնենք բոլոր աղբյուրներն ու հեղեղատները, թերևս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպեսզի անասունները չսատկեն»։
6 Նրանք իրենց միջև բաժանեցին շրջելու ենթակա տեղերը։ Աքաաբն առանձին մի ճանապարհով գնաց, իսկ Աբդիուն առանձին՝ մի այլ ճանապարհով։
7 Երբ Աբդիուն ճանապարհին էր, Եղիան միայնակ ընդառաջ ելավ նրան։ Աբդիուն անմիջապես ընկավ երեսի վրա ու ասաց. «Մի՞թե դու ես, տե՛ր իմ Եղիա»։
8 Եղիան ասաց. «Ես եմ։ Գնա ասա՛ քո տիրոջը. “Ահա Եղիան”»։
9 Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպեսզի սպանի ինձ։
10 Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին՝ “Չկա”, նա այրել էր տալիս այն թագավորությունը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։
11 Արդ, ինձ ասում ես՝ “Գնա՛ ու պատմի՛ր քո տիրոջը, թե՝ “Ահա այստեղ է Եղիան”։
12 Եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ հայտնեմ Աքաաբին, և նա չգտնի քեզ, ապա ինձ կսպանի։
13 Չէ՞ որ քո ծառան մանկությունից ի վեր երկյուղ է կրում Տիրոջից։ Մի՞թե չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, ես Տիրոջ մարգարեներից հարյուր հոգի՝ հիսուն-հիսուն թաքցրել եմ տարբեր այրերում, նրանց կերակրել հացով ու ջրով։
14 Եվ հիմա ասում ես ինձ՝ “Գնա ասա՛ քո տիրոջը՝ “Ահա այստեղ է Եղիան”, որ նա էլ ինձ սպանի»։
15 Սակայն Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. ես այսօր երևալու եմ Աքաաբին»։
16 Աբդիուն գնաց Աքաաբի մոտ ու նրան պատմեց կատարվածը։ Աքաաբը վեր կացավ ու գնաց Եղիային դիմավորելու։
17 Երբ Աքաաբը տեսավ Եղիային, ասաց. «Այդ դո՞ւ ես Իսրայելը տակնուվրա անողը»։
18 Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ դու և քո հոր տունը, որ, լքելով Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնացել եք Բահաղի կուռքերին հարողների հետևից։
19 Արդ, մա՛րդ ուղարկիր և ինձ մոտ՝ Կարմելոս լեռան վրա, հավաքի՛ր ողջ Իսրայելին, Ամոթի [𝕸 Բաալի ] չորս հարյուր հիսուն մարգարեներին և Աստարտի չորս հարյուր մարգարեներին, որոնք սնվում են Հեզաբել թագուհու սեղանից»։
20 Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայելի չորս կողմերը և մարգարեներին հավաքեց Կարմելոս լեռան վրա։
21 Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
22 Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են, մեհյանների կռապաշտ մարգարեները՝ չորս հարյուր։
23 Արդ, թող մեզ երկու եզ տան, նրանք թող իրենց համար ընտրեն մեկին, կտրատեն այն ու դնեն փայտերի վրա, սակայն կրակ թող չվառեն։ Ես էլ նույնն անեմ մյուս եզանը. դնեմ փայտերի վրա և կրակ չվառեմ։
24 Դրանից հետո դուք դիմե՛ք ձեր աստվածներին, իսկ ես՝ Տիրոջը՝ իմ Աստծուն։ Այն աստվածը, որ հրով կպատասխանի, նա՛ է Աստվածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խոսք ասացիր»։
25 Եղիան ասաց Ամոթի [𝕸 Բաալի ] մարգարեներին. «Ձեզ համար մի զվարա՛կ ընտրեք և առաջինը դո՛ւք սկսեք, քանի որ բազմամարդ եք։ Տվե՛ք ձեր աստվածների անունը, սակայն կրակ մի՛ վառեք»։
26 Նրանք առան իրենց տրված զվարակը և այդպես արեցին. նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։
27 Երբ կեսօր եղավ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեք, չէ՞ որ աստված է, թերևս զբաղված է կամ գործ է կատարում, կամ գուցե քնած է և զարթնի»։
28 Նրանք բարձրաձայն կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչև որ արյուն հոսեց նրանց մարմնից։
29 Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
30 Եղիան ասաց ժողովրդին. «Մոտեցե՛ք ինձ»։ Ամբողջ ժողովուրդը մոտեցավ նրան։ Նա նորոգեց Տիրոջ կործանված զոհասեղանը,
31 առավ տասներկու քար, ըստ Իսրայելի ցեղերի թվի, ինչպես Տերն էր ասել նրան՝ «Իսրայե՛լ թող լինի քո անունը»։
32 Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիվ սերմ տանել,
33 ապա փայտ դիզեց զոհասեղանի վրա, կտրատեց զվարակը և դասավորեց զոհասեղանին դրված փայտերի վրա։
34 Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերեք և թափե՛ք ողջակեզի ու ջարդված փայտերի վրա»։ Ապա ասաց. «Դարձյա՛լ արեք»։ Նրանք նույն բանը կրկին արեցին։ Եղիան ասաց. «Երրորդ անգամ էլ արե՛ք»։ Նրանք երրորդ անգամ էլ արեցին։
35 Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, և փոսը լցվեց ջրով։
36 Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։
37 Լսի՛ր ինձ, Տե՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենա, որ դու՝ Տերդ, Աստվածն ես, և դու հետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»։
38 Եվ երկնքից կրակ ընկավ Տիրոջից, լափեց ողջակեզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։
39 Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, ընկավ երեսնիվայր և ասաց. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։
40 Եղիան ասաց ժողովրդին. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Նրանց բռնեցին։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։
41 Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետև անձրևի ձայն է լսվում»։
42 Աքաաբը ելավ, որ ուտի և խմի, իսկ Եղիան բարձրացավ Կարմելոս լեռան գագաթը։ Նա մինչև գետին խոնարհվեց, երեսն առավ ծնկների մեջ
43 ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»։ Եղիան ասաց. «Դու յոթ անգա՛մ արա դա»։
44 Ծառան յոթ անգամ գնաց և այնպես պատահեց, որ յոթերորդ անգամը հազիվ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ “Լծի՛ր քո կառքերը և հեռացի՛ր, որ անձրևի չբռնվես”»։
45 Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և սաստիկ անձրև սկսեց տեղալ։ Աքաաբը լալով գնաց Հեզրայել։
46 Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, որն իր մեջքը պինդ կապելով՝ վազեց և Աքաաբից առաջ հասավ Հեզրայելի մուտքի մոտ։