1 Kings 17
1 Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։
2 Տերն ասաց Եղիային.
3 «Գնա՛ այստեղից դեպի արևելք ու թաքնվի՛ր Քոռաթի հեղեղատի մոտ՝ Հորդանանի դիմաց։
4 Այնտեղ ջուր կխմես հեղեղատից, իսկ ես հրաման կտամ ագռավներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։
5 Եղիան գնաց և արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մոտ՝ Հորդանանի դիմաց։
6 Ամեն առավոտ և երեկո ագռավները հաց ու միս էին բերում նրան, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում։
7 Որոշ ժամանակ անց հեղեղատը ցամաքեց, որովհետև անձրև չէր տեղում երկրի վրա։
8 Տերն ասաց Եղիային.
9 «Վե՛ր կաց և գնա՛ սիդովնացիների Սարեփթա քաղաքը և այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատվիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։
10 Եղիան գնաց Սարեփթա ու հասավ քաղաքի դարպասը։ Մի կին այնտեղ փայտ էր հավաքում։ Եղիան, ձայն տալով նրա ետևից, ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։
11 Կինը գնաց բերելու։ Եղիան, նրա հետևից ձայն տալով, ասաց. «Ինձ համար մի պատառ հա՛ց բեր»։
12 Կինն ասաց. «Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալյուրից և կուժի մեջ եղած մի քիչ յուղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հավաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ և երեխաներիս համար. այն կուտենք ու հետո կմեռնենք»։
13 Եղիան ասաց նրան. «Քաջալերվի՛ր, գնա՛ և արա՛ այնպես, ինչպես ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանա՛կ պատրաստիր ու բե՛ր և ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։
14 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ալյուրը չի պակասելու սափորում, և կուժի յուղը չի նվազելու մինչև այն օրը, երբ Տերն անձրև կտեղացնի երկրի վրա”»։
15 Կինը գնաց և արեց այնպես, ինչպես ասել էր Եղիան։ Եղիան, կինն ու նրա որդիները կերան։
16 Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։
17 Այս դեպքերից հետո այնպես պատահեց, որ տանտիկնոջ որդին հիվանդացավ։ Հիվանդությունն այնքան ծանր էր, որ տղան մահացավ։
18 Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
19 Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարավ վերնատուն, որտեղ ինքն էր բնակվում, և նրան պառկեցրեց իր անկողնի վրա։
20 Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տեր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մոտ ես բնակվում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն և թողեցիր, որ մահանա»։
21 Նա երեք անգամ փչեց մանկան վրա և աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Տե՜ր իմ Աստված, այս երեխայի շունչն իրե՛ն թող վերադառնա»։
22 Այդպես էլ եղավ. նա աղաղակեց, և Տերը լսեց Եղիայի ձայնը. երեխայի շունչը վերադարձավ նրա մարմնի մեջ, ու նա կենդանացավ։
23 Եղիան առավ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տվեց իր մորը՝ ասելով. «Տե՛ս, որ կենդանի է քո որդին»։
24 Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզվեցի, որ դու Աստծու մարդն ես, և Տիրոջ ճշմարիտ խոսքն է քո բերանում»։