Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 16

:
Armenian - NEA
1 Տերը Անանիայի որդի Հեուի միջոցով խոսքն ուղղելով Բաասային՝ ասաց.
2 «Թեև ես քեզ երկրի փոշուց բարձրացրի և Իսրայելին՝ իմ ժողովրդին, առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և Իսրայելին՝ իմ ժողովրդին, մեղանչել տվեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։
3 Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։
4 Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները կուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները կկտցեն»։
5 Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործություններն ու այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
6 Բաասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Թերսայում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ելան Ասա արքայի թագավորության քսաներորդ տարում։
7 Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
8 Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայելի վրա երկու տարի թագավորեց Բաասայի որդի Ելան։
9 Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։
10 Զամբրին Հուդայի Ասա արքայի թագավորության քսանյոթերորդ տարում խփեց սպանեց նրան և նրա փոխարեն թագավոր դարձավ։
11 Երբ նա թագավորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձավորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց ոչ մի արու։ Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց,
12 ինչպես որ Տերը Հեու մարգարեի միջոցով հայտնել էր Բաասայի տան մասին։
13 Այս բոլորը եղան Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տվել Իսրայելին՝ իրենց կուռքերով բարկացնելով Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։
14 Ելայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
15 Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում Զամբրին Թերսայում թագավորեց յոթ օր։ Այդ ժամանակ Իսրայելի զորքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։
16 Երբ բանակատեղիում գտնվող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զորք է հավաքել ու սպանել արքային, նույն օրը զորահրամանատար Ամրիին բանակատեղիում թագավոր դարձրեց Իսրայելի վրա։
17 Ամրին ողջ Իսրայելի հետ ելավ Գաբաթոնից ու եկավ պաշարեց Թերսան։
18 Երբ Զամբրին տեսավ, որ քաղաքը շուտով գրավելու են, մտավ արքունի սենյակներից մեկը և արքունի տունը հրի մատնեց։ Նա մեռավ
19 Տիրոջ առաջ իր գործած մեղքերի պատճառով, քանի որ գնացել էր Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերի ճանապարհով և դրանցով էլ Իսրայելին մեղքի մեջ գցել։
20 Զամբրիի մնացած գործերն ու նյութած դավադրությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
21 Այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկուսի բաժանվեց. ժողովրդի կեսը հարեց Գոնաթի որդի Թամնիին, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ ժողովրդի մյուս կեսը հարեց Ամրիին։
22 Հաղթեցին Ամրիի հետևորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին հարող ժողովուրդը պարտություն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա եղբայր Հովրամը, և Թամնիից հետո թագավորեց Ամրին։
23 Հուդայի Ասա արքայի թագավորության երեսունմեկերորդ տարում Ամրին թագավորեց Իսրայելի վրա և իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագավորեց վեց տարի։
24 Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից, գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շենացրեց և շենացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։
25 Ամրին Տիրոջ առջև չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից ավելի չարություն գործեց,
26 գնաց Նաբատի որդի Հերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տվեց Իսրայելին և իր կուռքերով բարկացրեց Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։
27 Ամրիի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, նրա քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
28 Ամրին գնաց իր նախնիների գիրկն ու թաղվեց Սամարիայում, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աքաաբը։
29 Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Նա քսաներկու տարի թագավորեց Սամարիայում։
30 Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջև առավել չար գտնվեց, քան իր բոլոր նախորդները։
31 Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
32 և Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։
33 Աքաաբը պաշտամունքային սյուն կանգնեցրեց և իր գործերով առավել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայելի բոլոր թագավորները։
34 Նրա օրոք բեթելացի Աքիելը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց, համաձայն Տիրոջ խոսքի, որ ասվեց Նավեի որդի Հեսուի բերանով։