1 Kings 15
1 Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Ռոբովամի որդի Աբիուն։
2 Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրն Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։
3 Նա գնաց Տիրոջ առաջ իր հոր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր Տիրոջ՝ իր Աստծու առջև, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։
4 Սակայն Տերը՝ Աստված, հանուն Դավթի նկատմամբ ունեցած իր սիրո, Երուսաղեմում թողել էր մի ժառանգ, որպեսզի նրանից հետո նրա որդիները գոյատևեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղեմը,
5 քանի որ Դավիթն իր ամբողջ կյանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջև, չէր շեղվել այն ուղուց, որ պատվիրել էր իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարված դեպքից։
6 Իրենց կենդանության բոլոր օրերում Աբիուն ու Հերոբովամը իրար դեմ պատերազմ էին մղում։
7 Աբիուի մնացած գործերն ու նրա արարքները նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։ Պատերազմ էր մղվում Աբիուի ու Հերոբովամի միջև։
8 Աբիուն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան։
9 Իսրայելի արքա Հերոբովամի թագավորության քսաներորդ տարում Ասան թագավորեց Հուդայի վրա։
10 Նա քառասունմեկ տարի իշխեց Երուսաղեմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։
11 Ասան իր նախնի Դավթի նման ուղիղ ընթացք ունեցավ Տիրոջ առջև,
12 երկրից վերացրեց սոդոմական մեղք գործողներին, ջնջեց ամեն տեսակ մոլորությունները, որ գործել էին իր նախորդները։
13 Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա Աստարտի կուռքեր պատրաստեց։ Ասան կործանեց նրա կուռքերը և հրով այրեց Կեդրոնի հեղեղատում։
14 Թեև բարձունքների մեհյանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կյանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։
15 Նա բերեց իր հոր սյուները [𝕸 նվիրաբերած իրերը ], նաև իրեն պատկանող արծաթե ու ոսկե սյուներն ու անոթները և դրեց Տիրոջ տանը։
16 Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Բաասան իրար դեմ պատերազմ էին մղում։
17 Իսրայելի արքա Բաասան հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որ որևէ մեկը ելումուտ չունենա Հուդայի արքա Ասայի մոտ։
18 Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում և թագավորի տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տվեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակվող ասորիների արքա Ազայելի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով.
19 «Դաշինք թող կնքվի իմ ու քո միջև, ինչպես որ եղել է իմ հոր ու քո հոր միջև։ Ահավասիկ քեզ ընծա եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպեսզի քանդես քո և Իսրայելի արքա Բաասայի միջև եղած դաշինքը, և նա հեռանա ինձնից»։
20 Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, հարվածեց Այինը, Դանը, Աբել Բեթմաաքան և ամբողջ Քեներեթը, մինչև Նեփթաղիմի ամբողջ երկիրը։
21 Երբ Բաասան լսեց այդ, ընդհատեց Ռամայի շինությունը և վերադարձավ Թերսա։
22 Ասա արքան Հուդայի բոլոր մարդկանց, որոնք Ենակի որդիների երկրում էին, հրամայեց, որ հանեն բերեն Ռամայի քարերն ու փայտերը, որ Բաասան օգտագործում էր շինության համար։ Ասա արքան դրանցով կառուցապատեց Բենիամինի ամբողջ բլուրը և դիտանոցը։
23 Ասայի մնացած գործերը, նրա զորությունը և այն ամենը, ինչ նա արել է, նաև իր կառուցած քաղաքը նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ, բացի նրանից, որ ծերության օրերին նրա ոտքերը ցավեցին։
24 Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։
25 Հերոբովամի որդի Նաբատը Իսրայելում թագավորեց Հուդայի արքա Ասայի թագավորության երկրորդ տարում։ Նա Իսրայելում թագավորեց երկու տարի։
26 Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, ընթացավ իր հոր գործած մեղքերի ճանապարհով և դրանցով էլ Իսրայելին մեղքի մեջ գցեց։
27 Նրա դեմ դավ նյութեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրա էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների Գաբաթոն քաղաքում, երբ Նաբատն ու ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։
28 Բաասան նրան սպանեց Հուդայի երկրի Ասա արքայի թագավորության երկրորդ տարում և նրա փոխարեն ինքը թագավորեց։
29 Երբ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը և Հերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին բնաջնջեց, ինչպես Տերն էր ասել իր ծառա սիլոնացի Աքիայի միջոցով,
30 որովհետև Հերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել և Իսրայելին էլ մեղքերի մեջ էր գցել ու դրանով զայրացրել Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։
31 Նաբատի մնացած գործերն ու այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
32 Իրենց կենդանության բոլոր օրերում Ասան ու Իսրայելի արքա Նաբատն իրար դեմ պատերազմ էին մղում։
33 Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երրորդ տարում Իսրայելի վրա թագավորեց Աքիայի որդի Բաասան։ Նա քսանչորս տարի թագավորեց Թերսայում։
34 Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, գնաց Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերի ճանապարհով և դրանցով Իսրայելին էլ մեղքերի մեջ գցեց։