Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 14

:
Armenian - NEA
1 Այն ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան,
2 և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։
3 Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մոտ, և նա քեզ կհայտնի, թե ի՛նչ կպատահի մանկանը»։
4 Հերոբովամի կինն այդպես էլ արեց. նա վեր կացավ գնաց Սելով, մտավ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողությունը վատացել էր. ծերության պատճառով աչքերը չէին տեսնում։
5 Տերն ասաց Աքիային. «Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիվանդ որդու մասին, իսկ դու այսպես և այսպես կասես նրան»։
6 Երբ կինը ներս մտավ, արդեն կերպարանափոխված էր։ Երբ դռան բացվելուց և ներս մտնելուց հետո Աքիան լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխվել։ Ես պատվեր ունեմ քեզ դաժան բան ասելու։
7 Գնա՛ և ասա՛ Հերոբովամին. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա առաջնորդ դրեցի,
8 ես թագավորությունը խլեցի Դավթի տնից ու քեզ հանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառա Դավթի նման, որը պահում էր իմ պատվիրանները և իր ամբողջ սրտով հետևում էր ինձ, որպեսզի իմ աչքին հաճելի երևացածն անի։
9 Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստվածներ ու ձուլածո կուռքեր պատրաստել տվեցիր, որպեսզի ինձ բարկացնես, և ինձ մոռացության մատնեցիր։
10 Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։
11 Հերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն”։ Ահա Տերն է այսպես ասել։
12 Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը. երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կմեռնի,
13 և ամբողջ Իսրայելը կողբա ու կթաղի նրան։ Հերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կմտնի գերեզման, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան տեսավ։
14 Տերն իր համար մի թագավոր կհանի Իսրայելի վրա, որն այսօր իսկ բնաջինջ կանի Հերոբովամի տունը։
15 Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։
16 Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
17 Հերոբովամի կինը վեր կացավ ու գնաց Սարիրա։ Նա հազիվ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռավ,
18 և ամբողջ Իսրայելը ողբաց նրան ու թաղեց, ինչպես որ Տերն էր նախօրոք հայտնել իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
19 Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
20 Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի և գնաց իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Նաբատը։
21 Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայի երկրի վրա։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր օծվեց և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմ քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպեսզի այնտեղ պաշտվի իր անունը։ Նրա ամովնացի մոր անունն էր Նաամա։
22 Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանվեց իր նախնիներին և ընթացավ նրանց գործած մեղքերի ճանապարհով։
23 Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։
24 Իրենց սոդոմական մեղքի տվեցին երկրում և գործեցին այն բոլոր գարշելի բաներն այդ ազգերի, որոնց քշել էր Տերն Իսրայելի որդիների առջևից։
25 Այն տարում, երբ Ռոբովամը թագավոր օծվեց, Եգիպտոսի արքա Սավսակիմը հարձակվեց Երուսաղեմի վրա,
26 վերցրեց Տիրոջ տան, ինչպես նաև արքայի տան բոլոր գանձերը, ոսկե նիզակները, որոնք Դավիթն ավար էր վերցրել Սուբայի արքա Ադրաազարի ձեռքից ու տարել Երուսաղեմ։ Ավար վերցրեց նաև ոսկե զենքերը, որ պատրաստել էր Սողոմոնը։
27 Ռոբովամ արքան դրանց փոխարեն պղնձե զենքեր շինեց և հանձնեց պահակազորի զորագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։
28 Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազորը օգտագործում էր դրանք ու հետո կախում զինարանում։
29 Ռոբովամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
30 Ռոբովամն ու Հերոբովամը միշտ պատերազմի մեջ էին։
31 Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ, Դավթի քաղաքում։ Նրա ամովնացի մոր անունը Նաամա էր։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աբիուն։