Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 11

:
Armenian - NEA
1 Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
2 ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին. «Չխառնվեք նրանց հետ, նրանք էլ թող չխառնվեն ձեզ հետ, որպեսզի չլինի, թե ձեր սրտերը մոլորեցնեն՝ իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը հարեց այդ ազգերին՝ այդ կանանց նկատմամբ սեր տածելով։
3 Նա յոթ հարյուր կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցրին նրա սիրտը։
4 Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։
5 Սողոմոնը պաշտեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին ու ամովնացիների գարշելի կուռք Մեղքոմին։
6 Սողոմոնը չարություն գործեց Աստծու առաջ և չընթացավ Տիրոջ ճանապարհով, ինչպես որ ընթացել էր իր հայր Դավիթը։
7 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա, մի մեհյան կառուցեց մովաբացիների կուռք Քամոսի համար, ինչպես և ամովնացիների Մեղքոմ կուռքի և սիդովնացիների գարշելի կուռք Աստարտի համար։
8 Նույն բանն արեց նաև իր բոլոր օտարազգի կանանց համար. նրա կանայք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց կուռքերին։
9 Տերը բարկացավ Սողոմոնի վրա, որովհետև նրա սիրտը խոտորվել էր Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, որը երկու անգամ երևացել
10 ու պատվիրել էր նրան, որ օտար աստվածների հետևից ամենևին չգնա, այլ պահի և կատարի այն, ինչ Տերը՝ Աստված, պատվիրել էր նրան։
11 Տերն ասաց Սողոմոնին. «Քանի որ այդպես վարվեցիր՝ չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ, ես քո ձեռքից անպայման կխլեմ թագավորությունը և այն կտամ քո ծառային։
12 Բայց հանուն քո հայր Դավթի քո կենդանության ժամանակ չեմ անի դա, այլ որդո՛ւդ ձեռքից կխլեմ թագավորությունը։
13 Ամբողջ թագավորությունը չեմ խլի, այլ հանուն իմ ծառա Դավթի և իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի՝ մեկ ցեղ կթողնեմ քո որդուն»։
14 Եվ Տերը մի թշնամի հարուցեց Սողոմոնի դեմ՝ եդովմացիների թագավորական սերնդից եդովմացի Ադերին։
15 Երբ Դավիթը կոտորում էր Եդովմը, զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և կոտորելու Եդովմի բոլոր արուներին։
16 Հովաբը և ողջ Իսրայելը վեց ամիս մնացին Եդովմում, մինչև որ կոտորեցին եդովմացի բոլոր արուներին։
17 Այդ ժամանակ Ադերն ինքը և իր հոր բոլոր ծառաները փախել-գնացել էին Եգիպտոս։ Ադերն այդ ժամանակ մանուկ էր։
18 Նրանք Մադիամ քաղաքից եկել էին Փարան, Փարանից իրենց հետ վերցրել մարդկանց ու եկել Եգիպտոս՝ եգիպտացիների արքա փարավոնի մոտ։ Ադերը եկել էր փարավոնի մոտ, որը նրան տուն էր տվել, ուտելիք հատկացրել ու հող տրամադրել։
19 Ադերը փարավոնի առաջ մեծ շնորհ էր գտել, և փարավոնը նրան կնության էր տվել իր «Մեծ տիկնոջ»՝ Թեկեմինայի քրոջը։
20 Թեկեմինայի քույրը Ադերի համար ծնել էր մի որդի՝ Գանեբաթին։ Թեկեմինան նրան մեծացրել էր փարավոնի որդիների հետ և այսպես Գանեբաթը փարավոնի տան մեջ, նրա որդիների հետ էր դաստիարակվել։
21 Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, որ Դավիթը վախճանվել է, և զորագլուխ Հովաբը մահացել է, ասաց փարավոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։
22 Փարավոնն Ադերին ասաց. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայման արձակի՛ր ինձ»։ Եվ Ադերը վերադարձավ իր երկիրը։
23 Տերը Սողոմոնի դեմ հանեց նաև Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի արքա Ադրաազարից։
24 Երբ Դավիթը նրանց կոտորում էր, Ռազոնի մոտ մարդիկ էին հավաքվել, և նա գնդի հրամանատար էր եղել։ Նրանք գնացին Դամասկոս և հաստատվեցին այնտեղ։ Նա թագավորեց Դամասկոսում և Իսրայելի թշնամին դարձավ Սողոմոնի թագավորության ամբողջ ընթացքում։
25 Այս է նրա գործած չարությունը։ Ադերը սաստիկ ցասումով էր լցված Իսրայելի դեմ։ Նա թագավորում էր Եդովմի երկրում։
26 Իր արքայի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սարիրա քաղաքից Եփրեմի ցեղից Նաբատի որդի Հերոբովամը՝ Սողոմոնի մի ծառայի այրի կնոջ որդին. նրա մոր անունը Սարուա էր՝ մի այրի կին։
27 Ահա թե ինչ պատճառով նա ձեռք բարձրացրեց Սողոմոն արքայի դեմ։ Սողոմոն արքան կառուցեց միջնաբերդը և լցրեց իր հոր՝ Դավթի քաղաքի խրամատը։
28 Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը տեսավ, որ նա գործունյա երիտասարդ է, նրան նշանակեց Հովսեփի տան բեռնակիրների վերակացու։
29 Այդ ժամանակ Հերոբովամը ելավ Երուսաղեմից, և ճանապարհին նրան հանդիպեց սիլովնացի Աքիա մարգարեն ու ճանապարհից մի կողմ քաշեց նրան։ Աքիան նոր հագուստ էր հագել, և դաշտում նրանք երկուսով էին։
30 Աքիան իր նոր հագուստը բռնեց ու պատառոտեց՝ տասներկու կտոր անելով։
31 Նա ասաց Հերոբովամին. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. “Ահա ես Սողոմոնի թագավորությունը պիտի պատառոտեմ և քեզ պիտի հանձնեմ տասը ցեղ,
32 իսկ երկու ցեղը թող նրան մնա հանուն իմ ծառա Դավթի և հանուն Երուսաղեմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից։ Եվ սա այն բանի փոխարեն,
33 որ նա ինձ լքեց և երկրպագեց սիդովնացիների գարշելի կուռք Աստարտին, Մովաբի կուռք Քամոսին և ամովնացիների զազրելի կուռք Մեղքոմին ու չընթացավ իմ ճանապարհով, չարեց այն, ինչ հաճելի է ինձ, չկատարեց իմ ճշմարիտ օրենքներն ու պատվիրանները, ինչպես արել էր իր հայր Դավիթը։
34 Բայց ես թագավորությունը չխլեցի նրա ձեռքից, այլ թույլ տվեցի, որ նա թագավորի իր կյանքի բոլոր օրերում հանուն իմ ծառա Դավթի, որին ընտրեցի, և որը պահեց իմ պատվիրաններն ու իմ օրենքները։
35 Թագավորությունը խլելու եմ նրա ձեռքից և քեզ եմ հանձնելու տասը ցեղ,
36 իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։
37 Ես քեզ եմ ընտրում, դու կթագավորես, ինչպես որ քո սիրտը կկամենա. թագավոր կլինես Իսրայելի վրա։
38 Եվ եթե պահես այն ամենը, ինչ քեզ պատվիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետևես իմ պատվիրաններին ու հրամաններին, ինչպես արեց իմ ծառա Դավիթը, ապա կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես Դավթի համար շինեցի,
39 և քեզ կհանձնեմ Իսրայելը։ Այս պատճառով պիտի տանջեմ Դավթի սերունդը, բայց ոչ ընդմիշտ”»։
40 Սողոմոնը ուզում էր սպանել Հերոբովամին, բայց Հերոբովամը փախավ-գնաց Եգիպտոս՝ եգիպտացիների Սավսակիմ արքայի մոտ, և մնաց Եգիպտոսում մինչև Սողոմոնի մահը։
41 Սողոմոնի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել է, նրա իմաստնությունները գրի են առնված Սողոմոնի գործերի գրքում։
42 Սողոմոնը Երուսաղեմի և ամբողջ Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի։
43 Սողոմոնը ննջեց իր նախնիների հետ և նրան թաղեցին իր հայր Դավթի քաղաքում, ու նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։