Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 10

:
Armenian - NEA
1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի, Տիրոջ անվան ու Սողոմոնի իմաստնության մասին, եկավ նրան փորձելու հանելուկներով։
2 Նա եկավ Երուսաղեմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժեք ակնեղեն բարձած ուղտերով։ Նա մտավ Սողոմոնի մոտ և խոսեց այն ամենի մասին, ինչ որ կար իր սրտում։
3 Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խոսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալվեր կամ չմեկներ։
4 Կինը, տեսնելով Սողոմոնի իմաստնությունը, կառուցած տները,
5 նրա խորտիկները, նրա պաշտոնյաների նստելն ու սպասավորների կեցվածքը, նրա հանդերձանքը, նրա մատռվակներին ու Տիրոջը մատուցվող ողջակեզները, ապշեց։
6 Նա ասաց Սողոմոն արքային. «Ինչ որ իմ երկրում լսել էի քո խոսքերի ու իմաստնության մասին, ճիշտ է։
7 Ես չէի հավատում ինձ ասված խոսքերին, մինչև որ անձամբ չեկա և աչքերովս չտեսա։ Քո իմաստնության և քո բարության համբավի կեսն անգամ չեն պատմել ինձ իմ երկրում։
8 Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջև կանգնած՝ ամեն օր լսում են քո ամբողջ իմաստնությունը։
9 Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
10 Նա Սողոմոնին նվիրեց հարյուր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ և թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ և անուշահոտ խունկ չէր ստացվել, ինչքան որ Սաբայի թագուհին նվիրեց Սողոմոն արքային։
11 Քիրամի նավը, որ Սոփերից ոսկի էր բերում, Սոփերից բերեց նաև չափազանց շատ անտառանյութ և թանկագին քարեր։
12 Արքան անտառանյութից Տիրոջ տան և արքունի տան համար մույթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տավիղներ։ Այդպիսի քանակությամբ անտառանյութ այդ երկիրը չէր ստացել, և մինչև օրս էլ այդպիսի փայտեր չեն երևացել։
13 Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տվեց ամեն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշված այն ամենը, որ Սողոմոն արքան իր կամքով էր նվիրել։ Սաբայի թագուհին և նրա բոլոր ծառաները վերադարձան իրենց երկիրը։
14 Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարյուր վաթսունվեց տաղանդ,
15 չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։
16 Սողոմոն արքան երեք հարյուր նիզակ պատրաստել տվեց կռածո ոսկուց՝ երեք հարյուր դահեկան կշիռով ամեն մեկը,
17 և երեք հարյուր զենք՝ կռածո ոսկուց՝ երեք մնաս ոսկի ծախսելով ամեն մի զենքի վրա։ Արքան դրանք զետեղեց Լիբանանի անտառ կոչված տանը։
18 Արքան փղոսկրե մեծ գահ պատրաստել տվեց և այն պատեց մաքուր ոսկով։
19 Գահը վեց աստիճան ուներ, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակված։ Գահի երկու կողմերին երկու հենաթև կար, և հենաթևերի այս ու այն կողմից երկու առյուծներ կային։
20 Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առյուծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագավորության մեջ։
21 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։
22 Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։
23 Սողոմոնն իր հարստությամբ ու իմաստնությամբ գերազանցեց աշխարհի բոլոր թագավորներին,
24 և աշխարհի բոլոր թագավորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնությունը, որը Տերն էր դրել նրա սրտում։
25 Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե, ոսկե անոթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու ջորիներ։
26 Սողոմոնը հավաքեց ռազմակառքեր ու հեծյալներ։ Նա ուներ քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղավորեց ռազմակառքերի համար սահմանված քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանված՝ Երուսաղեմում։ Նա գետից մինչև այլազգիների և եգիպտացիների սահմաններն իշխում էր բոլոր թագավորների վրա։
27 Արքան արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղևնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։
28 Սողոմոնի երիվարները բերվում էին Եգիպտոսից և Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
29 Արծաթ վճարելով՝ ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամեն մի ձի հարյուր հիսուն արծաթ արժեր։ Այդ ապրանքները վերավաճառում էին Քետտիմի թագավորներին և Ասորիքի թագավորներին՝ ծովային ճանապարհով։