1 John 5
1 Ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված. և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաև նրանից ծնվածին։
2 Սրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք նրան և կատարենք նրա պատվիրանները։
3 Քանզի այս է Աստծու հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն,
4 քանզի Աստծուց ծնված ամեն ոք հաղթում է աշխարհին։ Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը։
5 Իսկ ո՞վ է աշխարհին հաղթողը, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծու Որդին։
6 Սա է, որ եկավ ջրով, Հոգով և արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլև արյամբ ու ջրով։
7 Եվ Հոգին է, որ վկայում է, որովհետև հենց Հոգին է ճշմարտությունը։
8 Հետևաբար, սրանք երեքն են վկայում՝ Հոգին, ջուրը և արյունը. և երեքը վկայության մեջ մե՛կ են։
9 Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, Աստծու վկայությունը, անշուշտ, ավելի մեծ է։ Այս է Աստծու վկայությունը. այն, որ նա վկայեց իր Որդու համար։
10 Ով հավատում է Աստծու Որդուն, նա իր մեջ իսկ ունի այս վկայությունը. ով չի հավատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում այն վկայությանը, որն Աստված վկայեց իր Որդու համար։
11 Եվ այս իսկ է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ նրա Որդու մեջ եղած կյանքն է։
12 Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաև կյանքը. և ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաև կյանքը։
13 Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ հավիտենական կյանք ունեք և որ հավատում եք Աստծու Որդու անվանը։
14 Եվ այս է այն վստահությունը, որ մենք ունենք նրա հանդեպ. այն, որ ինչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի.
15 և որովհետև գիտենք, որ լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաև, որ կստանանք այն խնդրանքների պատասխանը, որ հայցեցինք նրանից։
16 Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է. չեմ ասում նրա մասին, որ խնդրես։
17 Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։
18 Գիտենք, որ Աստծուց ծնվածը չի մեղանչում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։
19 Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է թաղված։
20 Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։
21 Որդյակնե՛ր, դուք ձեզ հեռո՛ւ պահեք կռապաշտությունից։