1 John 3
1 Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
2 Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։
3 Եվ ամեն ոք, որ այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։
4 Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. մեղքն ինքնին անօրենություն է։
5 Գիտենք, որ նա հայտնվեց մեղքերն իր վրա վերցնելու նպատակով, չնայած որ նրա մեջ մեղք չկա։
6 Ամեն ոք, ով բնակվում է նրա մեջ, չի մեղանչում. և ամեն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան, ո՛չ էլ ճանաչել։
7 Որդյակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։
8 Ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե։ Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը։
9 Աստծուց ծնված ամեն ոք մեղք չի գործում, որովհետև Նրա սերմը մնում է նրա մեջ. չի էլ կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։
10 Սրանով են միմյանցից տարբերվում Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և նա, ով չի սիրում իր եղբորը։
11 Քանզի այս է պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանե, որ սիրենք միմյանց.
12 ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։
13 Եվ մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհն ատում է ձեզ։
14 Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում իր եղբորը, մահվան մեջ է մնում։
15 Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։
16 Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։
17 Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։
18 Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով և ճշմարտությամբ։
19 Եվ հենց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Նրա առաջ կանգնելու վստահությունը կունենան մեր սրտերը։
20 Եթե մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, որ Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը։
21 Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծու առաջ,
22 և ինչ էլ հայցենք, կստանանք նրանից, որովհետև պահում ենք նրա պատվիրանները և նրան հաճելի բաներ անում։
23 Նրա պատվիրանն այս է, որ հավատանք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, ինչպես որ նա պատվիրեց մեզ։
24 Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։