Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 John 2

:
Armenian - NEA
1 Որդյակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին.
2 և նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի։
3 Եթե նրա պատվիրանները պահենք, դրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան։
4 Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա։
5 Իսկ ով պահում է նրա խոսքը, Աստծու սերը նրա մեջ ճշմարտապես կատարյալ է, և սրանով ենք ճանաչում, որ նրա մեջ ենք։
6 Ով ասում է, թե ինքը նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ նա էր ընթանում։
7 Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որն ի սկզբանե ունեիք։ Եվ հին պատվիրանն այն խոսքն է, որը լսեցիք։
8 Այսուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ և ձեր մեջ. քանի որ խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն իսկ երևում է։
9 Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, սուտ է և տակավին խավարի մեջ է։
10 Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ, և նրա մեջ գայթակղություն չկա։
11 Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։
12 Որդյակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև ձեր մեղքերը ներված են ձեզ նրա անվան համար։
13 Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետև դուք հաղթեցիք չարին։
14 Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հորը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։
15 Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա։
16 Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։
17 Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։
18 Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ, ըստ այսմ, ինչպես լսել եք, Նեռը գալու է. արդեն իսկ եկել են բազում նեռեր, և հենց դրանից կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։
19 Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։
20 Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։
21 Գրեցի ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն. գիտեք նաև այն, որ ամեն ստախոսություն ճշմարտությունից չէ։
22 Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, որ ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա է նեռը, որ ուրանում է Հորը և Որդուն։
23 Ամեն մարդ, որ ուրանում է Որդուն, չի ընդունում Հորը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա ընդունում է նաև Հորը։
24 Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանե, թող բնակվի ձեր մեջ. որովհետև, եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ որ ի սկզբանե լսեցիք, դուք ևս կբնակվեք Որդու և Հոր մեջ։
25 Այս է այն խոստումը, որը նա խոստացավ մեզ՝ հավիտենական կյանքը։
26 Այս բանը գրեցի ձեզ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ։
27 Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։
28 Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։
29 Ինչպես որ գիտեք, նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։