1 Corinthians 7
1 Այժմ այն մասին, որ գրել էիք ինձ, թե լավ է, որ տղամարդը կնոջ չդիպչի։
2 Բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա, և յուրաքանչյուր կին՝ իր ամուսինը։
3 Ամուսինը թող պարտքը կատարի իր կնոջ հանդեպ, նույնպես և կինը՝ իր ամուսնու հանդեպ.
4 որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։
5 Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։
6 Սա ասում եմ թույլ տալով և ոչ թե հրաման տալով,
7 որովհետև կուզենայի, որ ամեն մարդ լիներ ինձ նման։ Բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։
8 Սակայն ամուրիներին ու այրիներին ասում եմ. լավ է, որ մնան ինձ նման։
9 Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան. որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան կրքով այրվել։
10 Իսկ ամուսնացած զույգերին ոչ թե ես, այլ Տերն է պատվիրում. ոչ մի կին ամուսնուց թող չբաժանվի։
11 Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնու մնա կամ դարձյալ իր ամուսնու հետ հաշտվի։ Եվ ամուսինն իր կնոջը չթողնի։
12 Բայց մյուսներին ես եմ պատվիրում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և իրեն հաճելի է ապրել նրա հետ, ապա իր կնոջը թող չթողնի։
13 Եվ եթե հավատացյալ որևէ կին անհավատ ամուսին ունի, և ինքն ուզում է ապրել նրա հետ, ապա իր ամուսնուն թող չթողնի.
14 որովհետև անհավատ ամուսինը սրբագործվում է իր կնոջ միջոցով, և անհավատ կինը սրբագործվում է իր ամուսնու միջոցով, այլապես ձեր որդիները պիղծ կլինեին, մինչդեռ հիմա սուրբ են։
15 Իսկ եթե անհավատն ուզում է բաժանվել, թող բաժանվի։ Նման դեպքում հավատացյալ եղբոր կամ քրոջ վրա որևէ հարկադրանք չկա, որովհետև Աստված մեզ կանչեց խաղաղությամբ ապրելու։
16 Ի՞նչ գիտես դու, ո՛վ կին, թե ամուսնուդ փրկելու ես, կամ ի՞նչ գիտես դու, ո՛վ ամուսին, թե կնոջդ փրկելու ես։
17 Միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ, այնպես, ինչպես Աստված կանչեց իրեն։ Այսպես պատվիրում եմ բոլոր եկեղեցիներին։
18 Թլփատվա՞ծ մեկը կանչվեց. թող չծածկի իր թլփատությունը։ Անթլփա՞տ մեկը կանչվեց, թող չթլփատվի,
19 որովհետև ո՛չ թլփատված, ո՛չ էլ անթլփատ լինելն է կարևոր, այլ Աստծու պատվիրանները պահելը։
20 Բայց յուրաքանչյուր ոք, ինչ վիճակի մեջ որ կանչվեց, նույն վիճակի մեջ էլ թող մնա։
21 Կանչվեցիր, երբ ծառա՞ էիր, հոգ մի՛ արա, իսկ եթե նաև կարող ես ազատ դառնալ, քեզ համար ավելի լավ։
22 Որովհետև ով իբրև ծառա կանչվեց Տիրոջով, Տիրոջ ազատն է. նույնպես և ով իբրև ազատ կանչվեց, Քրիստոսի ծառան է։
23 Մեծ գնով գնվեցիք. մի՛ դարձեք մարդկանց ծառաներ։
24 Եղբայրնե՛ր, յուրաքանչյուրը, ինչ կոչումով որ կանչվեց, նույն վիճակի մեջ էլ թող մնա Աստծու առաջ։
25 Ինչ վերաբերում է կույսերին, ապա Տիրոջից հրաման չունեմ, բայց ես՝ որպես Տիրոջից ողորմություն գտած մեկը, որին կարելի է վստահել, այս խրատն եմ տալիս։
26 Կարծում եմ, որ նրանց վիճակը լավագույնն է. բայց ներկա վտանգի պատճառով ավելի լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ է։
27 Կապվա՞ծ ես կնոջ հետ, մի՛ փորձիր բաժանվել. կապված չե՞ս կնոջ, կին մի՛ փնտրիր։
28 Եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի, և եթե կույսն ամուսնանա, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնական նեղություն են ունենալու, որոնցից կուզենայի զերծ պահել ձեզ։
29 Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, թե ժամանակն արդեն կարճացել է։ Այսուհետև նրանք, ովքեր կին ունեն, թող ապրեն այնպես, իբր չունեն,
30 նրանք, ովքեր սուգ են անում, թող ապրեն այնպես, իբր չեն սգում, նրանք ովքեր ուրախանում են, թող ապրեն այնպես, իբր չեն ուրախանում, նրանք, ովքեր գնում են, թող ապրեն այնպես, իբր գնածի տերը չեն,
31 նրանք, ովքեր օգտվում են այս աշխարհից, թող ապրեն այնպես, իբր չեն վայելում, որովհետև այս աշխարհի վայելչությունն անցնելու վրա է։
32 Ուստի ուզում եմ, որ դուք հոգսերից զերծ լինեք, որովհետև ով կին չունի, հոգում է Տիրոջ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի Տիրոջը։
33 Իսկ ով կին ունի, հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր կնոջը։
34 Նույնպես և իրարից տարբերվում են ամուսնացած կինը և կույսը, որովհետև կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով ու հոգով, իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհիկ գործերի մասին, թե ինչպե՛ս հաճելի լինի իր ամուսնուն։
35 Սա ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա ճնշում եմ գործադրում, այլ ուզում եմ, որ պարկեշտությամբ ու անզբաղ մտքով ծառայեք Տիրոջը։
36 Իսկ եթե մեկն իր կույսի համար ամոթ համարի, որ նա, հասուն տարիքի հասած լինելով, այդպես մնա, թող անի այն, ինչ ցանկանում է. մեղք գործած չի լինի, թող ամուսնանան։
37 Բայց ով ներքին համոզում ունի, և վտանգ չկա իր համար, այլ կարող է իշխել իր կամքի վրա, և ներքնապես որոշել է պահպանել իր կուսությունը, ճիշտ է անում։
38 Նա, որ ամուսնացնում է իր կույսին, լավ է անում, առավել ևս լավ է անում չամուսնացնողը։
39 Կինը կապված է իր ամուսնուն այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինը կենդանի է։ Իսկ երբ ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։
40 Բայց առավել երանելի կլինի, եթե իմ խրատին հետևելով՝ մնա այնպես, ինչպես որ է։ Ես այնպես եմ կարծում, որ իմ մեջ էլ Աստծու Հոգի կա։