Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Corinthians 5

:
Armenian - NEA
1 Առհասարակ խոսում են ձեր մեջ առկա պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ անգամ չի հանդիպում, ինչպես՝ կենակցել իր հոր կնոջ հետ։
2 Եվ դուք հպարտանում եք, փոխանակ սգայիք, որպեսզի ձեր միջից դուրս հանեիք նրան, ով կատարել է այդ արարքը։
3 Ես թեպետ մարմնով հեռու եմ, բայց հոգով՝ մոտ, արդեն իսկ, ասես մոտ լինելով, դատավճիռս կայացրի նրա դեմ, ով այդպիսի բան կատարեց։
4 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ դուք միասին հավաքվեք, ես էլ հոգով ձեզ հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ հանդերձ,
5 հանձնե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին փրկվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։
6 Լավ բան չէ ձեր պարծանքը. չգիտե՞ք, որ «մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգվածը»։
7 Մաքրե՛ք, դե՛ն նետեք հին խմորը, որպեսզի նոր ու անթթխմոր զանգված լինեք, ինչպիսին եք արդեն, քանի որ Քրիստոսը՝ մեր Զատկի գառը, մորթվեց։
8 Ուրեմն տոնը կատարենք ո՛չ հին խմորով, ո՛չ էլ չարության ու անզգամության խմորով, այլ անկեղծության ու ճշմարտության անթթխմոր հացով։
9 Իմ նամակում գրեցի ձեզ չհաղորդակցվել պոռնիկների հետ։
10 Բայց նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին կամ ագահներին կամ հափշտակողներին կամ կռապաշտներին, այլապես ստիպված պետք է լինեիք աշխարհից հեռանալ։
11 Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։
12 Իմ ի՞նչ գործն է դատել նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն։ Չէ՞ որ եկեղեցու անդամներին դուք եք դատում։
13 Իսկ նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն, Աստված է դատելու. «Վերացրե՛ք չարիքը ձեր միջից» ։