1 Corinthians 15
1 Եղբայրնե՛ր, ձեզ հիշեցնում եմ այն Ավետարանի մասին, որը ձեզ քարոզեցի, որը և ընդունեցիք, որին նաև հավատարիմ եք մնում,
2 և որի միջոցով կփրկվեք, եթե պահեք այն ձևով, ինչպես որ այն ձեզ քարոզեցի, այլապես իզուր հավատացած կլինեք։
3 Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,
4 թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Սուրբ Գրքի համաձայն,
5 երևաց Կեփասին և ապա՝ տասներկուսին։
6 Հետո երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը մինչև օրս ապրում են, ոմանք էլ՝ ննջեցյալ դարձան։
7 Այնուհետև երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին։
8 Բոլորից հետո երևաց նաև ինձ՝ իբրև մի անարգի։
9 Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։
10 Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։
11 Արդ, թե՛ ես և թե՛ նրանք այսպես քարոզեցինք, և դուք այսպես հավատացիք։
12 Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոսը մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպե՞ս են ասում, թե մեռելների հարություն չկա։
13 Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել։
14 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը։
15 Այդ դեպքում Աստծու սուտ վկաներ կլինենք, որովհետև վկայեցինք Աստծու մասին, որ հարություն տվեց Քրիստոսին, մինչդեռ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնելու, ուրեմն նրան հարություն չի տվել։
16 Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։
17 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և դուք տակավին ձեր մեղքերի մեջ եք։
18 Իսկ արդ, ովքեր ննջեցին Քրիստոսով, կորա՞ն արդյոք։
19 Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։
20 Բայց Քրիստոսը մեռելներից հարություն է առել որպես առաջին պտուղ մեռելների հարության,
21 քանի որ մի մարդով մահ եղավ, մի մարդով էլ մեռելների հարություն կլինի։
22 Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով բոլորը կկենդանանան՝
23 յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոսը՝ որպես առաջին պտուղ, իսկ նրա գալստյանը՝ նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում։
24 Ապա կլինի վախճանը, երբ Քրիստոսը թագավորությունը կհանձնի Հայր Աստծուն, երբ ոչնչացնի ամեն իշխանություն, ամեն պետություն ու զորություն։
25 Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ ։
26 Վերջին թշնամին, որ կոչնչացվի, կլինի մահը, որովհետև «Աստված ամեն ինչ հնազանդ դարձրեց նրա ոտքերի տակ» ։
27 Բայց երբ ասում է, թե՝ «Ամեն ինչ հնազանդվել է նրան», պարզ է, բացի Աստծուց, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան։
28 Իսկ երբ ամեն ինչ հնազանդվի նրան, այն ժամանակ նաև Որդին ինքը կհնազանդվի Աստծուն, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։
29 Այլապես, ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մեռելների փոխարեն, եթե իրոք մեռելները հարություն չեն առնում. ուրեմն ինչո՞ւ են մկրտվում նրանց փոխարեն։
30 Ինչո՞ւ ենք և մենք ամեն ժամ մեզ վտանգի ենթարկում։
31 Ես ամեն օր մահվան դեմ եմ կանգնում։ Երդվում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։
32 Եթե մարդու պես դատեի, ապա ի՞նչ օգուտ ունեի Եփեսոսում գազանների դեմ մարտնչելու։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն՝ ուտենք, խմենք, քանի որ վաղը մեռնելու ենք ։
33 Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը» ։
34 Սթափվե՛ք արդարությամբ և մի՛ մեղանչեք, որովհետև ոմանք Աստծու գիտությունը չունեն. սա ասում եմ ձեր ամոթի համար։
35 Բայց մեկը գուցե հարց տա. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները կամ ի՞նչ մարմնով են գալու»։
36 Անմի՛տ, այն, ինչ դու սերմանում ես, չի բուսնի, մինչև չմեռնի։
37 Եվ այն, ինչ սերմանում ես, մի պարզ հատիկ է՝ ցորենի կամ ուրիշ սերմերի, և ոչ թե այն, ինչ ծլելու է։
38 Աստված այդ հատիկին տալիս է մի մարմին, ինչպես ինքն է կամենում և սերմերից յուրաքանչյուրին՝ իրեն հատուկ մարմինը։
39 Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, կենդանիների մարմինը՝ ուրիշ, թռչունների մարմինն ուրիշ է, ձկների մարմինը՝ ուրիշ։
40 Կան նաև երկնավոր մարմիններ ու երկրավոր մարմիններ, բայց ուրիշ է երկնավոր մարմինների պայծառությունը, ուրիշ՝ երկրավոր մարմինների պայծառությունը,
41 ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ՝ լուսնի պայծառությունը և ուրիշ՝ աստղերի պայծառությունը։ Աստղն էլ աստղից տարբերվում է իր պայծառությամբ։
42 Ճիշտ այդպես է նաև մեռելների հարությունը. հողի մեջ է դրվում եղծելի վիճակում և հարություն առնում անեղծ.
43 հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն առնում փառքով. հողի մեջ է դրվում տկար վիճակում և հարություն առնում զորությամբ.
44 հողի մեջ է դրվում իբրև շնչավոր մարմին և հարություն առնում իբրև հոգևոր մարմին։ Եթե կա շնչավոր մարմին, կա նաև հոգևորը։
45 Այդպես էլ գրված է, որ առաջին մարդը՝ Ադամը, «եղավ իբրև շնչավոր էակ», երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։
46 Բայց նախ չեղավ հոգևոր մարմինը, այլ՝ շնչավորը, և ապա՝ հոգևորը։
47 Առաջին մարդը, լինելով երկրից, հողեղեն է, իսկ երկրորդ մարդը՝ Տերը, երկնքից։
48 Ինչպես հողեղենն էր, նույնպես և մենք ենք՝ հողեղեններս, և ինչպես երկնավորն է, նույնպես էլ կլինեն երկնավորները։
49 Ինչպես հողեղենի պատկերը կրեցինք, երկնավորի պատկերն էլ կկրենք։
50 Այն եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու թագավորությունը. եղծելին չի կարող ժառանգել անեղծությունը։
51 Ահա ձեզ մի խորհուրդ եմ հայտնում. ոչ բոլորս ենք ննջեցյալ դառնալու, բայց բոլորս նորոգվելու ենք,
52 հանկարծակի, մի ակնթարթում, վերջին շեփորի ձայնով, որովհետև շեփորը կհնչի, և մեռելները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կնորոգվենք։
53 Անհրաժեշտ է, որ այս ապականացու մարմինն անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինն անմահությամբ զգեստավորվի։
54 Եվ երբ այս մահկանացու մարմինը զգեստավորվի անմահությամբ, և այս եղծելի մարմինը՝ անեղծությամբ, այդժամ կիրականանա գրված խոսքը, թե՝ «Մահը կուլ գնաց հաղթանակին ։
55 Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը »։
56 Մահվան խայթոցը մեղքն է, մեղքի զորությունը՝ Օրենքը։
57 Բայց գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
58 Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։