1 Corinthians 11
1 Նմանվե՛ք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին։
2 Գովում եմ ձեզ, որ հիշում եք ինձ իմ ամեն ինչով և պահում եք ավանդությունները այնպես, ինչպես ավանդեցի ձեզ։
3 Ուզում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ տղամարդը, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված։
4 Ամեն տղամարդ, երբ աղոթելիս կամ մարգարեանալիս գլուխը ծածկած պահի, անպատված կլինի իր գլուխը։
5 Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։
6 Եթե կինը քողով չի ծածկում իր գլուխը, թող կտրի իր մազերը։ Իսկ եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն անպատշաճ է, ուրեմն թող քողով ծածկի։
7 Տղամարդը չպետք է ծածկի իր գլուխը, որովհետև նա պատկերն ու փառքն է Աստծու, իսկ կինը փառքն է իր ամուսնու.
8 քանզի ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինը՝ տղամարդուց,
9 ոչ թե տղամարդն ստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ տղամարդու համար։
10 Դրա համար, աղոթելիս կինը պետք է քող դնի գլխին հրեշտակների ներկայության պատճառով։
11 Միայն թե Տիրոջով չկա ո՛չ կին առանց տղամարդու, ո՛չ էլ տղամարդ առանց կնոջ,
12 որովհետև, ինչպես կինն է ստեղծվել տղամարդուց, այնպես էլ տղամարդը ծնվում է կնոջից, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։
13 Դուք ինքնե՛րդ դատեք. վայե՞լ է կնոջը առանց քողի աղոթքի կանգնել Աստծու առաջ։
14 Բնությունն ինքը չի՞ ուսուցանում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազերով է, դա անարգանք է իր համար,
15 իսկ եթե կինն է երկար մազերով, դա պատիվ է իր համար, որովհետև վարսերը նրան որպես ծածկոց են տրված։
16 Իսկ եթե որևէ մեկը հակված է առարկություններ անելու, ապա թող իմանա, որ մենք նման սովորություն չունենք, ոչ էլ Աստծու եկեղեցիները։
17 Բայց սա պատվիրելով ձեզ չեմ գովում, որովհետև ոչ թե դեպի լավն եք ձգտում, այլ դեպի վատթարը։
18 Նախ՝ լսում եմ, որ երբ հավաքվում եք եկեղեցում, հակառակ խմբերի եք բաժանվում, և մասամբ հավատում եմ։
19 Անհրաժեշտ է, որ պառակտումներ լինեն ձեր մեջ, որպեսզի ձեր մեջ հայտնի դառնան նրանք, ովքեր ընտրյալներ են։
20 Հետո՝ Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ, որովհետև երբ դուք միասին հավաքվում եք,
21 յուրաքանչյուր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մեկը քաղցած է մնում, իսկ մյուսը՝ հարբած է լինում։
22 Մի՞թե ուտել-խմելու համար տուն չունեք, թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում և չքավորներին ամոթով թողնում։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ։ Ո՛չ, այս կետում ձեզ չեմ գովում։
23 Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,
24 գոհություն հայտնեց, կտրեց այն և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արե՛ք այս իմ հիշատակի համար»։
25 Նույն ձևով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. արե՛ք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ խմեք»։
26 Ամեն անգամ, երբ այս հացն ուտում եք և այս բաժակը խմում, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։
27 Ուստի ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակը անարժանորեն, հանցապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։
28 Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից,
29 որովհետև ով ուտում է և խմում է անարժանորեն, ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։
30 Այդ իսկ պատճառով ձեր մեջ բազմաթիվ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատ են նաև նրանք, ովքեր մեռան։
31 Բայց եթե ինքներս մեզ քննեինք, ապա չէինք պատժվի։
32 Իսկ եթե պատժվում ենք Տիրոջ կողմից, ապա խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։
33 Ուրեմն, եղբայրնե՛ր, երբ մեկտեղ հավաքվեք ընթրիքի համար, սպասե՛ք միմյանց։
34 Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի հավաքված չլինեք ձեր դատապարտության համար։ Իսկ մյուս հարցերը, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։