Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 10

:
Armenian - NEA
1 Եղբայրնե՛ր, չեմ ուզում մոռանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդության տակ էին, բոլորն էլ ծովով անցան,
2 բոլորն էլ, հետևելով Մովսեսին, մկրտվեցին ամպի և ծովի մեջ,
3 բոլորն էլ նույն հոգևոր ուտելիքը կերան
4 և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։
5 Բայց նրանց մեծ մասը հաճելի չեղավ Աստծուն, ուստի անապատում ընկան մեռան։
6 Այս ամենը պատահեց որպես օրինակ մեզ համար, որպեսզի չար բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան։
7 Նրանցից ոմանց նման կռապաշտ չլինենք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու, ապա ելան զվարճանալու» ։
8 Չպոռնկանանք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, և մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան մեռան։
9 Չփորձենք Տիրոջը, ինչպես նրանցից ոմանք փորձեցին և օձերի զոհը դարձան։
10 Չտրտնջանք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին և մահվան հրեշտակի ձեռքով կոտորվեցին։
11 Այս ամենը պատահում էր նրանց հետ որպես օրինակ, բայց գրվեց մեզ համար որպես զգուշացում, մեզ, որոնց համար հասել է ժամանակների վախճանը։
12 Հետևաբար, ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։
13 Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։
14 Ուստի, սիրելինե՛րս, փախե՛ք կռապաշտությունից։
15 Խոսում եմ իբրև գիտակից մարդկանց հետ։ Ինքնե՛րդ դատեք, թե ի՛նչ եմ ասում։
16 Օրհնության բաժակը, որ օրհնում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի արյանը։ Հացը, որը կտրում ենք, մի՞թե հաղորդություն չէ Քրիստոսի մարմնին։
17 Ինչպես հացը մեկ է, մենք բոլորս էլ մեկ մարմին ենք, որովհետև բոլորս էլ այդ մեկ հացից ենք հաղորդվում։
18 Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. նրանք, որ ուտում են մատուցած զոհից, մի՞թե հաղորդակից չեն սեղանին։
19 Արդ, ի՞նչ եմ ուզում ասել. մատուցված զոհն ինչ-որ արժեք ունի՞, կամ կուռքն ինքնին ինչ-որ արժեք ունի՞։
20 Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում և ոչ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք, որովհետև չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը։
21 Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանին, և՛ դևերի սեղանին։
22 Թե՞ ուզում ենք Տիրոջ արդար զայրույթը շարժել։ Մի՞թե նրանից ավելի ուժեղ ենք։
23 Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է։ Ինձ ամեն ինչ թույլատրված է, բայց ամեն ինչ չէ, որ ամրացնում է։
24 Ոչ ոք թող իր օգուտը չփնտրի, այլ ընկերոջինը։
25 Կերե՛ք այն ամենը, ինչ վաճառվում է մսի շուկայում, և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք,
26 որովհետև «Երկիրն իր ամբողջությամբ Տիրոջն է պատկանում» ։
27 Եթե անհավատ մեկը ձեզ հրավիրի, և դուք ուզենաք գնալ, այն ամենը, ինչ ձեր առաջ կդրվի, կերե՛ք և խղճմտանքի պատճառով մի՛ հարցրեք։
28 Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։
29 Խղճմտանք ասելով ոչ թե ձեր, այլ ընկերոջ խղճմտանքը նկատի ունեմ։ Իսկ ուրիշի խղճմտանքի պատճառով ինչո՞ւ իմ ազատությունը դատապարտվի։
30 Եթե ես գոհություն մատուցելով եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն ուտելիքի պատճառով, որի համար գոհություն եմ մատուցում։
31 Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։
32 Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հեթանոսներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն,
33 ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։