Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 1

:
Armenian - NEA
1 Պողոսը՝ Աստծու կամքով կոչված Հիսուս Քրիստոսի առաքյալը լինելու, և Սոսթենես եղբայրը,
2 Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,
3 շնո՜րհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
4 Ձեր առիթով շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն այն շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով,
5 որովհետև դուք նրա միջոցով հարստացաք ամեն ինչով՝ թե՛ խոսքի առատությամբ, թե՛ գիտությամբ։
6 Քրիստոսի մասին վկայությունն այնպես ամրորեն հաստատվեց ձեր մեջ,
7 որ ոչ մի շնորհ չի պակասում ձեզ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։
8 Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։
9 Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք հաղորդակից դառնալու իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
10 Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։
11 Եղբայրնե՛ր, քղվեացիներից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, որ հակառակություններ կան ձեր մեջ։
12 Նկատի ունեմ այն, որ ձեզնից յուրաքանչյուրն ասում է. «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», մեկ ուրիշը՝ «Ես կեփասյան», մեկ այլն էլ՝ «Ես քրիստոսյան եմ»։
13 Իսկ մի՞թե Քրիստոսը բաժանված է, մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար կամ Պողոսի անունով մկրտվեցիք։
14 Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ մեկին չմկրտեցի, բացի Կրիսպոսից ու Գայիոսից,
15 որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։
16 Մկրտեցի նաև Ստեփանասի ընտանիքը։ Չգիտեմ ամենևին, թե ուրիշ մեկի մկրտած լինեմ.
17 քանզի Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ ավետարանելու, ո՛չ խոսքի ճարտարությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չկորցնի իր իմաստը։
18 Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։
19 Քանի որ գրված է. «Անհետացնելու եմ իմաստունների իմաստությունը և անտեսելու խելացիների խելքը» ։
20 Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,
21 քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։
22 Եվ մինչ հրեաները հրաշք են ուզում, իսկ հեթանոսներն իմաստություն են փնտրում,
23 մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար,
24 բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է.
25 որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է մարդկանցից, և Աստծու տկարն ավելի զորեղ է մարդկանցից։
26 Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային չափանիշի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ, ո՛չ էլ շատ ազնվատոհմիկներ,
27 բայց Աստված ընտրեց այն, ինչ այս աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին,
28 Աստված ընտրեց աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհելիներին և ոչինչ համարվողներին, որպեսզի ոչնչի վերածի ինչ-որ բան համարվածներին.
29 որպեսզի ոչ մի էակ չպարծենա Աստծու առաջ։
30 Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,
31 որպեսզի, ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա» ։