1 Chronicles 29
1 Դավիթ արքան ասաց բոլոր հավաքվածներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տերն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թե մարդու համար է այս շինվածքը, այլ Տիրոջ՝ Աստծու։
2 Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։
3 Եվ իմ Աստծու տան հանդեպ իմ ունեցած սիրուց մղված, բացի սրբությունների տան համար իմ նվիրած ոսկուց ու արծաթից, տվեցի նաև
4 Սոփերից բերված երեք հազար տաղանդ ոսկի և յոթ հազար տաղանդ ընտիր արծաթ, որպեսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը։
5 Եվ այսօր ո՞վ հոժարաբար կնվիրաբերի Տիրոջը»։
6 Տոհմերի պետերը, իսրայելացիների իշխանները, հազարապետները, հարյուրապետները, գործերի վերակացուները և արքունի գավառապետները կամավորապես
7 Տիրոջ տան շինության համար տվեցին հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։
8 Ով թանկարժեք քար ուներ, տվեց Տիրոջ տան գանձարանին՝ այն հանձնելով Եսրովմի որդի Հերիելին։
9 Ժողովուրդն ուրախացավ կամավոր նվիրաբերելու համար, քանի որ լի սրտով էին նվերներ մատուցում Տիրոջը։ Դավիթ արքան մեծապես ուրախացավ
10 ու հավաքվածների առջև օրհնեց Տիրոջը՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյալ ես, Տե՛ր, Իսրայելի՝ մեր հայրերի Աստված։
11 Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
12 քեզանից են բխում մեծությունն ու փառքը, դու ես իշխում ամեն ինչի վրա, Տե՛ր, բոլոր իշխանությունների իշխան, քո ձեռքում են զորությունն ու ուժը, քո ամենակալ ձեռքում է հզորացնել բոլորին։
13 Արդ, Տե՜ր, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը։
14 Ո՞վ եմ ես, և ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք հոժարությամբ նվիրաբերել այս ամենը։ Չէ՞ որ քոնն է ամեն ինչ, և քեզնից ստացածն ենք տալիս քեզ։
15 Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
16 Տե՜ր, մեր Աստվա՛ծ, այս ամենը, որ ես պատրաստել եմ քո սուրբ անվան տունը կառուցելու համար, քեզնից է գալիս, և ամեն ինչ քոնն է։
17 Գիտեմ, Տե՜ր, որ դու ես քննում սրտերը և սիրում ես արդարությունը։ Մենք պարզ սրտով և հոժարությամբ ենք այս ամենն ընծայում, և ես տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ ու կամավոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։
18 Ո՜վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի՛ Աստված, հավիտյան պահի՛ր այս քո ժողովրդի սրտում ու մտքում և նրանց սրտերը դեպի քե՛զ ուղղիր։
19 Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու քո օրենքները և ավարտին հասցնի քո տան կառուցումը»։
20 Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
21 Հաջորդ օրը Դավիթը զոհեր ու ողջակեզներ մատուցեց Տիրոջը՝ հազար զվարակ, հազար խոյ ու հազար գառ և դրանց հեղման ընծաները, և առատ զոհեր՝ ամբողջ Իսրայելի համար։
22 Այն օրը ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան թագավոր օծեցին, իսկ Սադովկին՝ քահանա։
23 Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի գահին ու հաջողությունների հասավ, և նրան հնազանդվեց ամբողջ Իսրայելը։
24 Իշխանները, հզոր մարդիկ և իր հայր Դավիթ արքայի բոլոր որդիները հնազանդվեցին նրան։
25 Տերն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների առաջ, նրան թագավորական այնպիսի փառք տվեց, որ նրանից առաջ ոչ մի թագավոր չէր ունեցել։
26 Հեսսեի որդի Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի.
27 Քեբրոնում՝ յոթ տարի և Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։
28 Նա վախճանվեց խոր ծերության մեջ, առաջացած տարիքում, հարստության մեջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագավորեց նրա փոխարեն։
29 Դավիթ արքայի մնացած գործերը՝ առաջիններն ու վերջինները, նկարագրված են Սամուել տեսանողի գրքում, Նաթան մարգարեի գրքում և Գադ տեսանողի գրքում,
30 նրա ամբողջ թագավորության ու զորության մասին, ինչ որ կատարվել էր նրա ժամանակ թե՛ Իսրայելում և թե՛ երկրի մյուս թագավորություններում։