Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 28

:
Armenian - NEA
1 Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։
2 Դավիթը կանգնեց հավաքվածների մեջ և ասաց. «Լսե՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր և իմ ժողովո՛ւրդ։ Սրտումս նպատակ էի դրել Տիրոջ Ուխտի տապանակի համար հանգստի տուն կառուցել և մեր Տիրոջ ոտքերի համար՝ կանգնելու տեղ։ Պատրաստել էի նաև շինության համար անհրաժեշտ նյութերը՝ մեծ քանակությամբ ոսկի, արծաթ, պղինձ, արույր, երկաթ և փայտ։
3 Սակայն Աստված ինձ ասաց. “Դու ինձ համար իմ անունը կրող տուն չպիտի շինես, քանի որ դու պատերազմող մարդ ես և շատ արյուն ես թափել”։
4 Աստված բոլոր ազգերից ընտրեց Իսրայելին և իր թագավորությունը հավիտյանս հաստատելու համար ամբողջ Իսրայելից ընտրեց Հուդայի ցեղին։ Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և ուզեց, որ իմ հոր որդիներից ե՛ս լինեմ թագավոր ամբողջ Իսրայելի վրա։
5 Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։
6 Աստված ասաց ինձ. “Քո որդի Սողոմոնն է շինելու իմ տունն ու իմ գավիթը, քանի որ նրան եմ ընտրել, որ ինձ որդի լինի, և ես նրան հայր լինեմ։
7 Նրա թագավորությունը հավիտյան հաստատուն կդարձնեմ, եթե շարունակի պահել իմ պատվիրաններն ու օրենքները, ինչպես որ այսօր է”։
8 Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջև և ի լուր մեր Աստծու պարտավորեցնում եմ ձեզ պահպանել ու հետամուտ լինել Տիրոջ՝ մեր Աստծու բոլոր պատվիրաններին, որպեսզի ժառանգեք լավ երկիրը և ձեզնից հետո իբրև ժառանգություն հավիտենապես հանձնեք ձեր որդիներին։
9 Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
10 Այժմ տե՛ս, Տերը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբավայր։ Ուրեմն զորացի՛ր և իրագործի՛ր»։
11 Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց տաճարի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի հատակագիծը
12 և դրա այն օրինակը, որ ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբությունների պահեստի համար։
13 Նա տվեց Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը կատարող քահանաների ու ղևտացիների խմբերի կացարանների և Տիրոջ տան սպասավորության անոթների պահեստի նախագիծը։
14 Նրան տվեց նաև ոսկե ու արծաթե անոթների,
15 աշտանակների ու ճրագների,
16 Առաջավորության հացի սեղանի՝ յուրաքանչյուր ոսկե սեղանի, ինչպես նաև արծաթե սեղանների համար,
17 նաև մեծ պատառաքաղներից, գավաթներից, ոսկե տաշտերից և ոսկե ու արծաթե խնկամաններից յուրաքանչյուրի կշռաչափը։
18 Նրան հայտնեց նաև խնկերի զոհասեղանի մաքուր ոսկու կշռաչափը և նմուշն այն քերովբեների, որոնք իրենց թևերը տարածելով՝ պետք է հովանի անեին Տիրոջ Ուխտի տապանակի վրա։
19 Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։
20 Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
21 Ահա նաև քահանաների ու ղևտացիների խմբերը՝ Աստծու տան ողջ սպասավորության համար։ Բոլոր գործերում քեզ հետ կլինեն նաև բոլոր այն կամավորները, որոնք հմուտ են ամեն տեսակ արհեստի մեջ, իշխաններն ու համայն ժողովուրդը՝ պատրաստ քո հրամաններին»։