1 Chronicles 23
1 Դավիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարեն Իսրայելի վրա թագավորեց իր որդի Սողոմոնը։
2 Դավիթը հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին, քահանաներին և ղևտացիներին։
3 Հաշվառման ենթարկվեցին երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղևտացիները, և նրանց թիվը եղավ երեսունութ հազար։
4 Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,
5 չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։
6 Դավիթը նրանց ամենօրյա պաշտամունքի խմբերի բաժանեց՝ ըստ Ղևիի որդիների՝ Գեթսոնի, Կահաթի ու Մերարիի։
7 Գեթսոնի որդիներն էին Ելեադանն ու Սեմեին։
8 Ելեադանի որդիներն էին իշխան Եթոմն ու Հովելը։
9 Սեմեիի որդիներն էին Սալովմիթը, Ազիելն ու Արանը՝ երեք հոգի։ Սրանք Ելեադանի տոհմերի իշխաններ էին։
10 Սեմեիի որդիներն էին նաև Հեթը, Զիզան, Հովասն ու Բերիան։ Սրանք Սեմեիի որդիներն էին՝ չորս հոգի։
11 Հեթը գլխավորն էր, իսկ Զիզան՝ երկրորդը։ Հովասն ու Բերիան շատ որդիներ չունեցան և մարդահամարի մեջ գրանցվեցին որպես մեկ տոհմ։
12 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը՝ չորս հոգի։
13 Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Ահարոնն առանձնացվեց, որպեսզի ինքը և իր որդիները հավիտյան Սրբություն սրբոցում Տիրոջ առջև խունկ ծխեն, պաշտամունք մատուցեն նրան և նրա անունով աղոթեն մշտապես։
14 Իսկ Մովսեսը՝ Աստծու մարդը, և նրա որդիները հաշվառվեցին Ղևիի ցեղի մեջ։
15 Մովսեսի որդիներն էին Գերսամն ու Եղիազարը։
16 Գերսամի որդին էր իշխան Սուբայելը։
17 Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան։ Եղիազարն ուրիշ որդի չունեցավ, բայց Ռաբիան շատ որդիներ ունեցավ։
18 Իսահառի որդիներն էին իշխաններ Սավուղն ու Մովեն։
19 Քեբրոնի որդիներն էին Հերիան՝ գլխավորը, Ամարիան՝ երկրորդը, Ոզիելը՝ երրորդը, և Հեկեմիան՝ չորրորդը։
20 Ոզիելի որդիներն էին Միքիան՝ գլխավորը, և Հեսիան՝ երկրորդը։
21 Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։
22 Եղիազարը մեռավ՝ չունենալով որդիներ։ Նա միայն դուստրեր ուներ, որոնց հետ ամուսնացան Կիսի որդիները՝ նրանց զարմիկները։
23 Մուսիի որդիներն էին Մողին, Եդերն ու Արիմովթը՝ երեք հոգի։
24 Սրանք են Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի, իրենց տոհմերի իշխանները՝ համաձայն իրենց մարդահամարի, անունների թվի և անձերի, որոնք սպասավորության գործն էին կատարում Տիրոջ տանը։
25 Դավիթն ասել էր, որ Տերը՝ Աստված, հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին և բնակեցրել Իսրայելում հավիտյան։
26 Ուստի ղևտացիները այլևս չէին կրելու խորանն ու սպասավորության նրա բոլոր անոթները։
27 Դավթի վերջին հրամաններից էր Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիների հաշվառումը։
28 Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,
29 առաջավորության հացի, անարյուն զոհաբերության նաշիհի, անթթխմոր բլիթների, տապակում եփվածի, յուղով հունցվածի և չափերի ու քանակների մասին։
30 Նաև ամեն առավոտ վեր կենալով օրհնեն ու փառավորեն Տիրոջը և նույն բանը կատարեն երեկոյան։
31 Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզները, ըստ նշված քանակի ու իրենց տրված հրամանի՝ մշտապես լինելով Տիրոջ առջև։
32 Նրանք պետք է պահպանեին Վկայության խորանը և օգնեին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասավորություն անելիս։