1 Chronicles 22
1 Դավիթն ասաց. «Այս է Տիրոջ՝ Աստծու տունը, և այս է ողջակեզների զոհասեղանը Իսրայելի համար»։
2 Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելի երկրում բնակվող բոլոր եկվորներին և նրանց քարհատներ նշանակեց, որ քարեր հատեն ու շինեն Աստծու տունը։
3 Դավիթը շատ երկաթ հավաքեց դռների ու դարպասների բևեռների և ծխնիների համար, ինչպես նաև չափազանց շատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ,
4 մայրի փայտեր, որոնց թիվ ու սահման չկար, քանի որ սիդովնացիներն ու տյուրոսցիները առատորեն մայրի փայտ էին բերում Դավթին։
5 Դավիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ և հռչակավոր, ամբողջ աշխարհում փառավոր. շինանյութ պիտի պատրաստեմ դրա համար»։ Դավիթն իր մահվանից առաջ մեծ պատրաստություն տեսավ։
6 Նա կանչեց իր որդի Սողոմոնին և պատվիրեց նրան Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինել։
7 Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտքումս կար Տիրոջ՝ Աստծու անունով տուն շինել,
8 բայց Աստծու խոսքն ինձ հասավ, թե՝ “Շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անվան տուն չես շինելու, քանի որ շատ արյուն ես թափել երկրի վրա իմ առաջ։
9 Ահա դու մի որդի կունենաս, որը հանգիստ մարդ կլինի։ Ես նրան հանգստություն եմ տալու շրջակա բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կլինի, և ես խաղաղություն ու հանգստություն եմ տալու Իսրայելին նրա օրերում։
10 Նա է իմ անունով տուն կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, և նրա թագավորության աթոռը Երուսաղեմում հաստատելու եմ հավիտյան”։
11 Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։
12 Թող Տերը քեզ հանճար և իմաստնություն տա ու զորացնի քեզ Իսրայելի վրա, որ պահպանես ու գործադրես Տիրոջ՝ քո Աստծու օրենքները։
13 Դու հաջողություն կունենաս, եթե պահպանես այն պատվիրաններն ու օրենքները, որ Տերը Մովսեսին պատգամել էր Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր ու հզորացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։
14 Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
15 բայց դո՛ւ էլ ավելացրու եղածներին։ Քեզ հետ ունես նաև բազմաթիվ գործավորներ՝ արհեստավորներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն տեսակ գործի մեջ հմուտ մարդիկ։
16 Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
17 Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին պատվիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով.
18 «Չէ՞ որ Տերը ձեզ հետ է և ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, և այս երկիրը հնազանդվել է Տիրոջն ու նրա ժողովրդին։
19 Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։