Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 16

:
Armenian - NEA
1 Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթն էր պատրաստել նրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։
2 Դավիթը, վերջացնելով ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Տիրոջ անունով օրհնեց ժողովրդին։
3 Բոլոր իսրայելացիներին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, ամեն մեկին փռից մեկ հաց տվեց և մեկ պատառ միս՝ կասկարայից։
4 Դավիթը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երգելու, փառք տալու և Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն օրհնելու համար ղևտացիներից սպասավորներ նշանակեց։
5 Գլխավորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիան։ Հեելը, Սեմիրամովթը, Հայելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբեդդովմն ու Եսիելը նվագում էին տավիղներով ու քնարներով։ Ասափը ծնծղաներ էր հնչեցնում,
6 իսկ Բանեա ու Օզիել քահանաները փողերով շարունակ նվագում էին Աստծու Ուխտի տապանակի առաջ։
7 Այդ օրն էր, որ Դավիթն առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու հանձնարարություն տվեց Ասափին ու նրա եղբայրներին։
8 Օրհներգ։ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը և կանչե՛ք նրա անունը, պատմե՛ք ժողովուրդներին նրա գործերը,
9 օրհներգե՛ք նրան ու օրհնաբանե՛ք նրան, պատմե՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործությունները։
10 Օրհնե՛ք նրա սուրբ անունը, թող ուրախ լինի նրան փնտրողների սիրտը։
11 Տիրո՛ջը փնտրեք ու հզոր կլինեք, միշտ նրա ներկայությո՛ւնը փնտրեք։
12 Հիշե՛ք նրա կատարած սքանչելագործությունները, նշաններն ու բերանի դատաստանները։
13 Ո՜վ Իսրայելի զավակներ, նրա ծառանե՛ր, Հակոբի՛ որդիներ և նրա ընտրյալնե՛ր,
14 Նա է Տերը՝ մեր Աստվածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրա են։
15 Հավիտյան թող հիշեն նրա ուխտը, պատվիրած խոսքերը մինչև հազար սերունդ,
16 այն ուխտը, որ նա դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։
17 Նա այն հաստատեց Հակոբի համար որպես օրենք, իսկ Իսրայելի համար՝ որպես հավիտենական ուխտ՝
18 Ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը, որպես ձեր ժառանգության բաժին»։
19 Որովհետև նրանք սակավաթիվ և պանդուխտ էին այնտեղ։
20 Մի ազգից մյուս ազգի մոտ գնացին նրանք, մի թագավորությունից անցան այլ ժողովրդի մոտ։
21 Տերը չթողեց, որ որևէ մեկը կեղեքի նրանց և հանուն նրանց սաստեց թագավորների՝ ասելով.
22 «Իմ օծյալներին մի՛ մոտեցեք և իմ մարգարեների հանդեպ չար մի՛ եղեք»։
23 Օրհնաբանի՛ր Տիրոջը, երկի՛ր բովանդակ, օրըստօրե պատմե՛ք նրա կատարած փրկագործությունը։
24 Պատմե՛ք նրա փառքը հեթանոսներին և բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները,
25 Քանզի մեծ է Տերը, հույժ օրհնյալ և բոլոր աստվածներից ավելի ահավոր,
26 Քանի որ ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Աստված երկինքն է արարչագործել։
27 Փա՜ռք և գովությո՜ւն նրա առաջ, զորությո՜ւն ու պարծա՜նք նրա բնակության տեղին։
28 Ո՜վ ազգերի տոհմեր, փա՛ռք տվեք Տիրոջը, փա՛ռք և զորություն տվեք Տիրոջը.
29 Տիրո՛ջը տվեք իր անվան փառքը, ընծանե՛ր բերեք ու մատուցե՛ք նրա առաջ, երկրպագե՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում։
30 Թող ամբողջ երկիրը վախենա նրանից, թող երկիրը հաստատուն մնա և չսասանվի։
31 Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»։
32 Ծովն իր պարունակությամբ թող որոտա, ծառերն անտառի և դրա մեջ եղած ամեն ինչ։
33 Այնժամ ուրախ կլինեն բոլոր ծառերն անտառի, քանզի Տերը եկել է՝ դատելու երկիրը։
34 Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է նա, և հավերժ է նրա ողորմածությունը։
35 Եվ աղաղակե՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկության Աստված, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը և պարծենանք քո օրհնություններով։
36 Օրհնյա՜լ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից»։ Ողջ ժողովուրդն ասաց՝ Ամեն։ Եվ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։
37 Դավիթն այնտեղ՝ Տիրոջ Ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրյա ծառայությունը շարունակ կատարեն տապանակի առջև։
38 Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Իդիթովնի որդի Աբդոդոմը և Օսեեն դռնապաններ էին։
39 Սադովկ քահանային ու նրա քահանա եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող Բամայում,
40 որպեսզի մշտապես՝ առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզների զոհասեղանի վրա այն ամենի համաձայն, ինչ գրված է Տիրոջ օրենքում և Աստծու ծառա Մովսեսի միջոցով պատվիրվեց իսրայելացիներին։
41 Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։
42 Նրանք ունեին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթովնի որդիները դռան պահապաններն էին։
43 Ամբողջ ժողովուրդը ցրվեց. ամեն մեկը գնաց իր տունը, Դավիթն էլ եկավ, որ օրհնի իր տունը։