1 Chronicles 15
1 Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար վրան կանգնեցրեց։
2 Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։
3 Ապա Դավիթը բոլոր իսրայելացիներին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բերեն նրա համար պատրաստված տեղը։
4 Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին.
5 Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի,
6 Մերարիի որդիներից՝ Սայիաս իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հիսուն հոգի,
7 Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի,
8 Ելիսափանի որդիներից՝ Սամայիաս իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի,
9 Քեբրոնի որդիներից՝ Ելիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի,
10 Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։
11 Դավիթը կանչեց Սադովկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներին՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սամայիային, Ելիելին, Ամինադաբին,
12 և ասաց նրանց. «Դուք ղևտացիների տոհմերի իշխաններն եք, մաքրվե՛ք դուք ու ձեր եղբայրները և Աստծու տապանակը բերե՛ք այն տեղը, որ նրա համար պատրաստել եմ։
13 Չէ՞ որ առաջին անգամ Աստված մեզ մահացու հարված հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Հիրավի, մենք տապանակի հետ չէինք վարվել, ինչպես կարգն է»։
14 Քահանաներն ու ղևտացիները մաքրվեցին, որ բերեն Իսրայելի Աստծու տապանակը։
15 Ղևտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպես Մովսեսն էր գրավոր պատվիրել ըստ Աստծու խոսքի։
16 Դավիթն ասաց ղևտացիների իշխաններին. «Կարգե՛ք ձեր եղբայրներից՝ սաղմոսներ երգելու նվագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախության ձայներ առաքեն դեպի վեր»։
17 Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։
18 Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։
19 Ամովն, Ասափ և Եթան սաղմոսերգուները առավել լսելի էին դարձնում ձայնը պղնձե տավիղներով։
20 Զաքարիան, Օզիելը, Սամիրամովթը, Ելիելը, Անանիան, Եղիաբը, Մասեան և Նաթայիան նվագում էին քնարով՝ ըստ Աղեմովթի [ Բարձր տոնայնությամբ ]։
21 Մատաթիան, Եղիփաղատը, Մակենիան, Աբեդդոմը, Հեելը և Ոզիասը սրինգ էին նվագում ըստ Սենեթիասի [ Ցածր տոնայնությամբ ]։
22 Ղևտացիների իշխան Քոնենիան երգեցողությունն էր ղեկավարում, քանզի քաջահմուտ էր։
23 Բարաքիան ու Եղկանան տապանակի առջևից էին գնում՝ պահպանելով այն։
24 Սովբենիա, Հովսափատ, Նաթանիել, Ամովն, Զաքարիա, Բանաիա և Եղիեզեր քահանաները, Աստծու տապանակի առջևից գնալով, շեփորներ էին հնչեցնում, իսկ Աբեդդոմը և Հեիան Աստծու տապանակի պահապաններն էին հետևից։
25 Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ Ուխտի տապանակը ուրախությամբ հանեն Աբեդդարի տնից։
26 Երբ Աստված ուժ տվեց իշխաններին, որ կրում էին Տիրոջ Ուխտի տապանակը, յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։
27 Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, ինչպես նաև բոլոր ղևտացիները, որ տանում էին Տիրոջ Ուխտի տապանակը, ու սաղմոսերգուները և Քոնենիան, որ սաղմոսերգուների երգեցողությունն էր ղեկավարում։ Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել։
28 Ամբողջ Իսրայելը Տիրոջ Ուխտի տապանակը տարավ տոնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տավիղներ նվագելով։
29 Երբ Աստծու տապանակը հասավ Դավթի քաղաքը, Սավուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց ու տեսնելով, որ Դավիթ արքան երգում է ու պարում, իր հոգում արհամարհեց նրան։