Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 12

:
Armenian - NEA
1 Սրանք են, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, երբ նրան դեռ նեղում էր Կիսի որդի Սավուղը, և սրանք այն հզորների մեջ էին, որոնք պատերազմում օգնում էին նրան։
2 Նրանք աղեղնավորներ ու պարսատիկավորներ էին, որ կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով քարեր ու նետեր արձակել։ Բենիամինից սերած Սավուղի եղբայրներից՝
3 իշխան Աքիեզերը, սաբամովթացի Սամայի որդի Հովասը, Ազմովթի որդիներ Հեելն ու Ափաղետը, Բարաքիա և Հեուլ անաթացիները,
4 գաբավոնացի Սամեասը, որը հզոր էր այն երեսունի մեջ և երեսունի գլխավորն էր, Հերեմիասը, Եզեկիելը, Հովնանը և Զաբադը Գադերոնից,
5 Եղիազան, Հարիմութը, Բաաղիան, Սամարիան, Սափատիան Արիփեղից,
6 Եղկանան, Հեսիան, Ելիելը, Հովզարան, Հեզբաման, որոնք կորացիներ էին,
7 Հովելն ու Զաբադիան՝ գեդովրացի Հերոմի որդիները։
8 Գաղաադից հեռանալով՝ անապատից Դավթի մոտ եկան քաջազուն մարդիկ, որոնք ռազմիկներ լինելով՝ զինված էին վահաններով ու տեգերով։ Նրանց դեմքը նման էր առյուծի դեմքի, իսկ արագաշարժությամբ նման էին լեռնային այծյամների։
9 Եզերը իշխանն էր, Աբդիասը՝ երկրորդը, Եղիաբը՝ երրորդը,
10 Մասմանը՝ չորրորդը, Հերեմիան՝ հինգերորդը,
11 Եթթին՝ վեցերորդը, Ելիելը՝ յոթերորդը,
12 Հովնանը՝ ութերորդը, Եղզաբաթը՝ իններորդը,
13 Հերեմիասը՝ տասներորդը, Մաքաբանան՝ տասնմեկերորդը։
14 Սրանք Գադի որդիներից սերած զորահրամանատարներն էին. ամենափոքրը մի հարյուրյակ ուներ ձեռքի տակ, իսկ ամենամեծը՝ հազարյակ։
15 Սրանք են, որ անցան Հորդանան գետն առաջին ամսում, երբ այն հորդառատ էր, և հալածեցին հովիտների բոլոր բնակիչներին արևելքից մինչև արևմուտք։
16 Դավթին օգնության եկան նաև Բենիամինի ու Հուդայի ցեղից։
17 Դավիթը, ընդառաջ գնալով նրանց, ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, իսկ եթե եկել եք, որ անհավատարմորեն ինձ մատնեք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստված տեսնի ու դատապարտի ձեզ»։
18 Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
19 Մանասեի ցեղից էլ անցան Դավթի կողմը, երբ այլազգիները Սավուղի դեմ պատերազմի էին ելել։ Սակայն Դավիթն այլազգիներին չօգնեց, քանզի նրանց զորագլուխները խորհրդակցելով ասացին. «Նա այս մարդկանց գլուխների գնով կանցնի իր տիրոջ՝ Սավուղի կողմը»։
20 Երբ նա Սիկելակ էր գնում, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Եդնան, Հովզաբադը, Եղիուն և Սաղթին, որոնք Մանասեի ցեղի հազարապետներ էին։
21 Նրանք Դավթի հետ պատերազմի ելան ելուզակների դեմ, որովհետև զորավոր ու ուժեղ էին, և բոլորն էլ զորքի հրամանատարներ էին։
22 Այսպես օր օրի Դավթի մոտ էին գալիս նոր ուժեր, մինչև որ Դավթի բանակն Աստծու բանակի պես հզոր դարձավ։
23 Սրանք են զորքի այն հրամանատարների անունները, որոնք եկան Դավթի մոտ՝ Քեբրոն, որպեսզի Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան՝ ըստ Աստծու խոսքի.
24 Հուդայի ցեղից՝ վեց հազար ութ հարյուր վահանակիր ու տեգավոր կորովի պատերազմողներ։
25 Շմավոնի ցեղից՝ յոթ հազար հարյուր քաջարի պատերազմողներ,
26 Ղևիի ցեղից՝ չորս հազար վեց հարյուր հոգի։
27 Եկավ նաև Հուդասը՝ Ահարոնի ցեղի առաջնորդը, որի հետ կար երեք հազար յոթ հարյուր հոգի։
28 Նաև երիտասարդ ու քաջարի Սադովկը՝ իր հոր տնից՝ քսաներկու հրամանատարներով։
29 Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սավուղի տան վերակացուներ էին։
30 Եփրեմի ցեղից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն կտրիճներ, անվանի մարդիկ, ըստ իրենց գերդաստանների։
31 Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անվանապես նշանակված էին, որ Դավթին թագավոր դարձնեն։
32 Իսաքարի ցեղից, որոնք ժամանակները հասկանալու իմաստնությունն ունեին և գիտեին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը իշխանության հարցերում, եկան երկու հարյուր հոգի. նաև նրանց բոլոր եղբայրները նրանց հետ։
33 Զաբուղոնի ցեղից, որոնք ամեն տեսակ ռազմի զենքերով պատերազմի գնացողներ էին, եկան հիսուն հազար հոգի՝ օգնելու Դավթին, և ոչ մեկը ձեռնունայն չէր։
34 Նեփթաղիմի ցեղից՝ հազար հրամանատարներ, որոնց հետ կային երեսուն հազար վահանավորներ և տեգավորներ,
35 Դանի ցեղից՝ պատերազմի պատրաստ քսանութ հազար ութ հարյուր հոգի։
36 Ասերի ցեղից՝ պատերազմում օգնության ելնելու համար քառասուն հազար հոգի։
37 Հորդանան գետի այն կողմում գտնվող Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Մանասեի կես ցեղից՝ ամեն տեսակ ռազմի զենքերով զինված հարյուր քսան հազար հոգի։
38 Այս բոլոր մարդիկ՝ մարտի պատրաստ ռազմիկները, խաղաղությամբ եկան Քեբրոն, որ Դավթին Իսրայելի թագավոր դարձնեն։ Մնացած իսրայելացիներն էլ միահամուռ համաձայն էին, որ Դավիթը դառնա թագավոր։
39 Նրանք այնտեղ մնացին երեք օր, կերան ու խմեցին, որովհետև իրենց իսրայելացի եղբայրները պատրաստություն էին տեսել նրանց համար։
40 Նրանց սահմանակիցները, մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով ուտելիք՝ ալյուր, թուզ, չամիչ, գինի, ձեթ, շատ զվարակներ ու ոչխարներ էին բերում, որովհետև ուրախություն էր Իսրայելում։