Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 10

:
Armenian - NEA
1 Այլազգիները պատերազմեցին իսրայելացիների դեմ. նրանք փախան այլազգիների առջևից և սպանված ընկան Գեղբուա լեռան վրա։
2 Այլազգիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Հովնաթանին, Ամինադաբին և Մեղքիսավեին՝ Սավուղի որդիներին։
3 Սավուղի շուրջ պատերազմը սաստկացավ. նետաձիգները նետերով խոցեցին նրան, և նա ցավագին վիրավորվեց։
4 Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով սպանի՛ր ինձ։ Այդ անթլփատները չգան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ շատ էր վախեցել։ Այն ժամանակ Սավուղն առավ սուրը և ընկավ դրա վրա։
5 Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա նետվեց ու մեռավ։
6 Այդ օրը մեռան Սավուղն ու իր երեք որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռավ։
7 Երբ հովտում գտնվող բոլոր իսրայելացիները տեսան, որ Սավուղն ու նրա որդիներն սպանվել, և Իսրայելի մարտիկները փախել են, թողեցին իրենց քաղաքները և փախան, իսկ այլազգիները եկան ու բնակվեցին նրանց քաղաքներում։
8 Հետևյալ օրը, երբ այլազգիները եկան, որպեսզի կողոպտեն սպանվածներին, Սավուղին ու նրա որդիներին գտան Գեղբուա լեռան վրա ընկած։
9 Նրանք մերկացրին նրան, վերցրին գլուխն ու զենքերը և ուղարկեցին այլազգիների երկիրը, որպեսզի բոլոր կողմերում ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։
10 Նրա զենքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագովնի տանը։
11 Երբ Գաղաադում բնակվող բոլոր մարդիկ լսեցին, թե ի՛նչ էին արել այլազգիները Սավուղի և Իսրայելի նկատմամբ,
12 բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից և վերցնելով Սավուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Հաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում գտնվող կաղնու տակ ու յոթ օր ծոմ պահեցին։
13 Այսպիսով Սավուղը, համաձայն Տիրոջ խոսքի, մեռավ իր այն անօրենությունների պատճառով, որ գործել էր Տիրոջ դեմ, որովհետև Տիրոջ խոսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ հարցրեց։ Սամուել մարգարեն պատասխան տվեց նրան,
14 սակայն նա Տիրոջը չխնդրեց, և Տերն սպանեց նրան ու թագավորությունը տվեց Հեսսեի որդի Դավթին։