1Կորխի որդիների երկուշաբթի օրուայ օրհնութեան սաղմոսը
2Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ մեր Աստծու քաղաքում, իր սուրբ լերան վրայ։
3Մեծ ցնծութեամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ,ցնծում են Սիոնի լեռները, հիւսիսային կողմերը, մեծ թագաւորի քաղաքը։
4Աստուած յայտնւում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց։
5Ահա երկրի թագաւորութիւնները հաւաքուեցին ու միասին եկան անցան։
6Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան, խռովուեցին ու սասանուեցին։
7Այնտեղ դողը բռնեց նրանց եւ երկունքը, ինչպէս ծննդաբերութեան ժամանակ։
8Սաստիկ հողմով նա պիտի փշրի նաւերը Թարսիսում։
9Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք Զօրութիւնների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստուած դրա հիմքերը գցեց յաւիտեան։
10Ստացանք ողորմութիւնդ, Աստուա՛ծ, քո ժողովրդի մէջ։
11Ինչպէս որ անունդ է, այնպէս էլ օրհնութիւնդ է ողջ տիեզերքում, եւ քո աջը լի է արդարութեամբ։
12Տէ՛ր, քո արդարադատութեամբ թող ուրախանայ լեռը Սիոնի եւ ցնծան դուստրերը Յուդայի երկրի։
13Պտտուեցէ՛ք Սիոնի շուրջը, շրջանն արէք նրա եւ պատեցէ՛ք նրա աշտարակները։
14Թող ձեր սրտերը կապուեն նրա ամրութիւններին, զննեցէ՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մէկ ուրիշ սերնդի։
15Սա է Աստուածը, մեր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ սա պիտի հովուի մեզ մինչեւ յաւիտենութիւն։