1Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, օրհնեցէ՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ,
2որ գտնւում էք Տիրոջ տանը, մեր Աստծու տան գաւիթներում։
3Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է Տէրը. սաղմո՛ս երգեցէք նրա անուանը, քանզի քաղցր է նա։
4Տէրն իր ընտրեալը դարձրեց Յակոբին, եւ Իսրայէլը՝ ժառանգութիւնն իր։
5Ես հասկացայ, որ մեծ է Տէրը, եւ Տէրը մեծ է բոլոր կուռքերից։
6Տէրն ինչ որ ցանկացաւ, կատարեց երկնքում ու երկրի վրայ, ծովում եւ բոլոր անդունդներում։
7Ամպեր հանելով երկրի ծայրերից՝ իր կայծակներն անձրեւի վերածեց, եւ իր պահեստներից հողմեր դուրս բերեց։
8Նա հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին,ինչպէս մարդկանց, այնպէս էլ անասուններին։
9Իր նշաններն ու զարմանահրաշ գործերն ուղարկեց քեզ, ո՛վ Եգիպտոս, քո Փարաւոնին եւ նրա ամբողջ զօրքին։
10Նա հարուածեց բազում ազգերի,եւ սպանեց հզօր թագաւորների.
11ամորհացիների թագաւոր Սեհոնին, Բասանի թագաւոր Օգինու բոլոր թագաւորութիւնները Քանանի։
12Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց,որպէս ժառանգութիւն Իսրայէլի իր ժողովրդին։
13Տէ՛ր, քո անունը յաւերժ է, Տէ՛ր, քո յիշատակը՝ սերնդից սերունդ։
14Տէրը դատում է իր ժողովրդին,եւ մխիթարւում իր ծառաներով։
15Հեթանոսների կուռքերը ոսկի ու արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։
16Բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում։
17Ականջներ ունեն, բայց չեն լսում, եւ նրանց բերանում շունչ չկայ։
18Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ յոյսը դրել են նրանց վրայ։
19Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Իսրայէլի, օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ահարոնի։
20Օրհնի՛ր Տիրոջը, տո՛ւն Ղեւիի. Տիրոջից երկի՛ւղ կրողներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։
21Օրհնութի՜ւն Տիրոջը Սիոնից, Նրան, որ բնակւում է Երուսաղէմում։