1«Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու չնայեցին նրանք մի կոյսի։
2Աստուած բաժին է հանել ինձ վերուստեւ բաւականին մեծ ժառանգութիւն՝ իր այն բարձունքից։
3Անիրաւ մարդու կործանումը չէ՞ միթէ դա հէնց կամ վտարումը այն մարդկանց, ովքեր անօրէնութիւն են գործում կեանքում։
4Ինքը չէ՞ միթէ, որ պարզ տեսնում է իմ ճանապարհը ու հաշուի առնում քայլերս բոլոր։
5Թէ ծաղրողի հետ գնացած լինեմ, թէ իմ ոտքերը նենգութեան ճամփով շտապած լինեն
6(բայց կշռուել եմ արդար կշեռքով, եւ գիտէ Տէրն իմ անմեղութիւնը),
7թէ շեղուած լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս յետեւից, թէ կպած լինեմ ձեռքով՝ կաշառքի, -
8ապա թող որ ես սերմանեմ, սակայն ուրիշներն ուտեն, ու ես անարմատ լինեմ երկրի վրայ։
9Թէ գնացել է սիրտս ուրիշի կնոջ յետեւից, թէ դարանակալ եմ եղել իր տան դարպասների մօտ, -
10ապա թող կինս նոյնպէս հաճելի լինի ուրիշի, ու թող տառապեն իմ մանուկները.
11քանզի այլ մարդու կնոջ պղծելը անզուսպ բարկութեան է լոկ արժանի.
12կրակ կը վառուի իր մարմնի բոլոր անդամների մէջ. ո՛ր կողմն էլ հասնի՝ հիմքից կը ջնջի։
13Իրաւունքն արդար թէ անտեսել եմ ես իմ ծառայի կամ իմ աղախնի, որ մօտ է եկել իմ դատաստանին, -
14ի՞նչ եմ անելու, եթէ հարցուփորձ անի ինձ Տէրը, կամ թէ դատ անի՝ ի՞նչ պատասխան եմ ես տալու նրան։
15Չէ՞ որ ինձ նման նրանք էլ մի օր պտղաւորուել են ինչ-որ արգանդում. նոյն որովայնում ենք գոյացել մենք։
16Իսկ այն խեղճին, որ կարիքի մէջ էր, արդեօք երբեւէ օգնութեան չեկա՞յ։ Թողեցի՞ արդեօք, որ այրու աչքերն ողբալուց մաշուեն։
17Կամ թէ պատառս մենա՞կ կերայ ես ու չհանեցի՞ բաժին որբերին։
18Իմ երիտասարդ օրերից հօր պէս սնունդ տուեցի, մօրս արգանդից ուղի ցոյց տուի։
19Կորած մերկերին անտեսեցի՞ ես ու չհագցրի՞։
20Չքաւորներն ինձ չօրհնեցի՞ն միթէ, նրանց թիկունքը խաշներիս բրդով էլ չտաքացա՞ւ։
21Թէ որբի վրայ ձեռք եմ բարձրացրել՝ հաշուելով, թէ շատ են օգնականներս,
22ապա թող ուսս թափուի անրակից, իսկ բազուկս էլ պոկուի արմունկից.
23քանզի ինձ Տիրոջ սարսափն է պատել, ու նրա առաջ չեմ կարող կանգնել։
24Եթէ հողիս մէջ ոսկի պահեցի, յոյս դրի ես թանկ քարերի վրայ,
25թէ ուրախացայ հարստութեանս վրայ անսահման, թէ անթիւ գանձի վրայ ձեռք դրի
26(չե՞նք տեսնում միթէ, որ լուսաւորող արեգակն անգամ հիւծւում է մի օր, լուսինը՝ մաշւում. այդ նրանցից չէ),
27եթէ գաղտնաբար սիրտս հրապուրուեց, թէ ձեռքս դրի բերանիս վրայ ու համբուրեցի, -
28թող այս բոլորն մեծ անօրէնութիւն դիտուեն ինձ համար, որ սուտ եմ եղել Բարձրեալ Աստծու՝ Տիրոջ առաջին։ Ուժ, կարողութիւն,
29Թէ ուրախացայ գետնին թաւալուող թշնամուս վրայ, եւ «վա՜շ» ասացի իմ սրտի խորքում, -
30թող ականջներս լսեն անէծքն իմ, թող արհամարհուեմ ու քամահրուեմ իմ ժողովրդից։
31Եթէ իմ մասին աղախիններիս բազմութիւնն ասի՝ «Երանի՜ նրա մսով յագենանք», քանզի քաղցր էի ես նրանց համար
32(օտարը դրսում չէր օթեւանում. իմ դուռը բաց էր եկուորի առաջ),
33թէ թաքցրեցի ակամայ գործած ես իմ մեղքերը
34(չէի ամաչում ես բազմութիւնից, որ նրա առաջ չասէի դրանք), եթէ աղքատին ես դատարկ ձեռքով դուրս արի դռնից
35(երնէ՜կ լսէի, թէ Տիրոջ ձեռքը չի զարհուրեցրել), կամ եթէ մէկից առած մուրհակը,
36իբրեւ մի պսակ ուսերիս դրած՝ կարդալով
37պատառ-պատառ չարեցի, յետ չդարձրի այն՝ ոչինչ չառնելով իմ պարտապանից,
38թէ իմ պատճառով հեծեծեց հողը, թէ ակօսները նրա լաց եղան,
39եթէ կերայ ես արդիւնքը նրա առանց վճարի, կամ տակնուվրայ արեցի հոգին հողի տէրերի, -
40ապա ցորենի փոխարէն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարէն՝ մորենի միայն»։