1Պօղոս Աստուծոյ ծառայ եւ Յիսուս Քրիստոսի առաքեալ. Աստուծոյ ընտրուածների հաւատքի եւ աստուածապաշտական ճշմարտութեան գիտութեան համեմատ,
2Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.
3Բայց իր ժամանակին յայտնեց իր խօսքը քարոզութիւնով, որ ինձ հաւատացուեցաւ մեր Փրկիչ Աստուծոյ հրամանի համեմատ.
4Տիտոս՝ սիրելի որդուս, մեր հասարակաց հաւատքի համեմատ, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ մեր Փրկչիցը։
5Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ որ պակասորդները ուղղես, եւ ամեն մէկ քաղաքում երէցներ կարգես, ինչպէս ես քեզ պատուիրեցի.
6Եթէ մէկն անարատ է, մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չկայ կամ անհնազանդ չեն։
7Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող։
8Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ.
9Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ։
10Որովհետեւ շատ անհնազանդներ, զրախօսներ, խաբեբաներ կան, մանաւանդ նորանք որ թլփատութիւնիցն են։
11Որոնց պէտք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն որ արժան չէ պիղծ շահի պատճառով։
12Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մարգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր։
13Այս վկայութիւնը ճշմարիտ է. նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, որ առողջ լինեն հաւատքումը.
14Եւ մտիկ չտան Հրէական առասպելներին եւ այն մարդկանց պատուիրանքներին որ ճշմարտութիւնիցը թեքուած են։
15Ամեն բան սուրբ է սուրբերին. բայց պիղծերին եւ անհաւատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծուած է նորանց միտքը եւ խորհուրդները։
16Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։