Psalms 9
1 Ես կգոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. կպատմեմ քո ամեն հրաշքները։
2 Ուրախ կլինիմ ու կցնծամ քեզանով, սաղմոս կասեմ քո անունին, ով Բարձրեալ։
3 Իմ թշնամիները ետ դառնալիս՝ կործանվում եւ քո երեսիցը կորչում են։
4 Որովհետեւ դու արիր իմ դատաստանը եւ իրաւունքը. դու աթոռի վերայ նստեցիր, ով արդար դատաւոր։
5 Դու սաստեցիր հեթանոսներին եւ կորցրիր ամբարշտին. նորանց անունը ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։
6 Թշնամիները վերջացան բոլորովին՝ յաւիտենական աւերակներ դարձան՝՝, եւ դու նորանց քաղաքները քանդեցիր, նորանց յիշատակը նորանց հետ կորաւ։
7 Բայց Տէրը յաւիտեան կայ. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։
8 Եւ նա աշխարհքս արդարութիւնով կդատէ, եւ ազգերին ուղղութիւնով իրաւունք կանէ։
9 Եւ Տէրը ապաւէն է աղքատին, ապաւէն՝ նեղութեան ժամանակներում։
10 Եւ քեզ կյուսան քո անունը ճանաչողները. որովհետեւ դու չես ձգում քեզ խնդրողներին, Տէր։
11 Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։
12 Որովհետեւ արեան վրէժխնդիրը յիշեց նորանց. նա չմոռացաւ նեղուածների աղաղակը։
13 Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողներիցն է. դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ.
14 Որ քո ամեն օրհնութիւնները պատմեմ Սիօնի աղջկան դռներումը, եւ քո փրկութիւնովը ցնծամ։
15 Հեթանոսները կուլ գնացին այն հորի մէջ որ շինեցին. եւ նորանց ոտները փաթաթուեցան այն վարմի մէջ, որ թագցրին։
16 Տէրը յայտնի եղաւ, նա դատաստան արաւ. ամբարիշտն իր ձեռքի գործքերումը բռնուեցաւ։ (Հիկկայօն. Սէլա։)
17 Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստուծուն։
18 Որովհետեւ աղքատն իսպառ չի մոռացուիլ, եւ խեղճի յոյսը յաւիտեան չի կորչիլ։
19 Վեր կաց, Տէր, որ մարդը չզօրանայ. թող հեթանոսները դատուին քո առաջին։
20 Տէր, ահ ու վախ դիր նորանց վերայ. թող հեթանոսներն իմանան որ մարդիկ են։ (Սէլա։)